Թշվառության բոլոր սահմաններն անցած ընտանիքները Հայաստանում, ցավոք, ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել: Ամեն անգամ նման ընտանիքի հանդիպելիս տպավորություն է ստեղծվում, որ ավելի վատ պայմաններում ապրող մարդկանց դժվար է գտնել: Եւ ամեն անգամ սոցիալական հարցերով գրելիս նման մի նոր ընտանիք ենք բացահայտում, որը հատած է լինում աղքատության բոլոր սահմանները: Այսպիսի ընտանիքներից է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրող Պողոսյանների ընտանիքը:
45-ամյա Էդիկ Պողոսյանը երկար տարիներ է, ինչ բնակվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ապրում է կնոջ՝ Լուսյայի եւ 16-ամյա որդու հետ: Մոտ երեք տարի առաջ Էդիկի կինը սրտի կաթված է ստացել, ինչի արդյունքում կնոջ աջ կողմը թուլացած է:
Հարեւանները մեծ ափսոսանքով նկատեցին, որ այս հաղթանդամ կինը մեկ օրում հիվանդության պատճառով դարձավ թույլ, անօգնական ու գամվեց անկողնուն: Այդ օրվանից սկսած` Պողոսյանների ընտանիքը հայտնվեց ծայրահեղ դժվար պայմաններում:
«Այսօր ինչի կարիք չունենք: Ամեն ինչի: Կինս չի կարողանում քայլել, տնային գործեր կատարել, այդ պատճառով ես եմ դրանք անում: Ե՛ւ հագուստն եմ լվանում, ե՛ւ կերակուրն եմ պատրաստում, սրա հետ մեկտեղ՝ այստեղ-այնտեղ աշխատում եմ որպես էլեկտրիկ»,- ներկայացրեց Էդիկը:
Սակայն Էդիկի աշխատած գումարը, որը կազմում է 67 հազար դրամ, չի բավարարում նույնիսկ կոմունալ վարձերը վճարելուն: Բացի այս, տիկին Լուսյայի դեղերի համար ամսական պահանջվում է 50 հազար դրամ: Էլ չասած, որ բացի դեղերից, տիկին Լուսյային սննդարար կերակուրներ են պետք. «Նա պետք է լավ սնվի: Մի կերպ ենք կարողանում հասցնել»:
Ձմռան ամիսներին, վառելափայտ չունենալու պատճառով, այս ընտանիքն օրերն անցկացնում է ցուրտ տան մեջ: Այնինչ` բոլորիս է հայտնի, թե այս տարածաշրջանում որքան երկարատեւ ու խստաշունչ է լինում ձմեռը: Արդեն հիմա Վարդենիսում առանց ջեռուցման տներում շատ ցուրտ է: «Հիմա փայտ չունենք, բայց քանի որ Լուսյային մրսելը հակացուցված է, մի սեղան ունեինք, դա կոտրեցի, որ վառենք այս օրերին, տաքանա»,- ներկայացրեց Էդիկը:
Պողոսյանների հարեւանները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ Էդիկը նախկինում աշխատել է որպես պայմանագրային զինծառայող: «Բայց հիմա ստիպված տանն է, որպեսզի խնամի կնոջը, նրա խաթր գործից դուրս է եկել, որ իր համար ճաշ եփի, հագուստը լվանա: Մի հատ հոյակապ ընտանիք, պատկերացրեք, որ մենք հարեւաններով միշտ ցավել ենք, որ այս դեպքը հենց իրենց հետ է պատահել: Գոնե գտնվի որեւէ մեկը եւ բժշկական օգնության մասով աջակցի այս ընտանիքին, անվճար դեղեր հատկացնի»,- հուզված ձայնով առաջարկեց Էդիկի հարեւանը՝ Արմենը:
Նշենք, որ այս ընտանիքը չի օգտվում ո՛չ «Ընտանեկան նպաստ»-ից, ո՛չ էլ «Փարոս» համակարգից: «67 հազար դրամ եմ վաստակում, իսկ դեղերի ընդհանուր գումարը կազմում է 50 հազար դրամ: Ինչն էլ որ չեմ հասցնում, գնում, դեղատնից եմ պարտքով վերցնում: Ես այսօր 3000 դրամ չունեմ, որ բժիշկ բերեմ, ստուգեն կնոջս: Քանի ամիս է, ինչ նա բժշկի մոտ ստուգումներ չի անցել, իսկ դա իրեն անհրաժեշտ է: Ամեն ամիս պետք է բժիշկ գա ու ստուգի, գուցե՞ դեղերի չափաբաժինը պետք է փոխվի»,- հուսահատված նկատեց Էդիկը:
Այս պահի դրությամբ Պողոսյանների ընտանիքն ավելի քան 40 հազար դրամ պարտք է դեղատանը: Եվ, որ ամենացավալին է, տիկին Լուսյան արդեն մի քանի օր է, ինչ բժշկի կողմից նշանակված անհրաժեշտ դեղերը չի խմում. գումար չկա՝ դրանք ձեռք բերելու համար: «Չեմ կարողանում գնալ դեղատուն, ամաչում եմ, որովհետեւ պարտք ունեմ: Գումար չկա, որ դա մարեմ ու նորը վերցնեմ: Փող չունեմ, որ դեղ գնեմ: Չգիտեմ՝ ինչ պետք է անեմ: Միայն ճնշման դեղ ունի, որը մատչելի է, հարեւաններից եմ գումար վերցրել ու այն գնել: Իմ կնոջը բժշկական վերահսկողություն է պետք, բայց չունեմ դա ապահովելու միջոցները»,- ցավով նշեց 45-ամյա Էդիկը:
Հոր հոգսը թեթեւացնելու նպատակով 17-ամյա Հարությունը դպրոցն ավարտելուց հետո բանվորական աշխատանքներ է անում:
Բացի դեղատան պարտքից, Էդիկը պարտք է նաեւ Վարդենիսի մթերային խանութներին, իսկ պարտքի ընդհանուր գումարը կազմում է 400 հազար դրամ: Այս ընտանիքը հացն էլ է պարտքով վերցնում, իսկ թե ինչպես են նրանք մարելու այդ պարտքը, կամ դեռ մինչև ե՞րբ խանութները, նրանց խղճալով, «նիսյա» հաց կտան, հայտնի չէ: Հարեւանները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեցին, որ լինում են օրեր, երբ Պողոսյանների ընտանիքը սոված է մնում:
Տիկին Լուսյան իրեն շատ վատ եւ անհարմար է զգում, որ ամուսինն իր հիվանդության պատճառով հայտնվել է նման անելանելի դրության մեջ. «Հիշողությունս լավ է, գիտակցությունս չեմ կորցրել: Հարեւաններս լավ մարդիկ են, այս առումով մեր բախտը բերել է: Իմ վիճակը ոչ ոքին չեմ ցանկանա, բայց ինձ օգնել է պետք: Ամուսինս չի հասցնում: Տան կինը, որ հիվանդ լինի, այդ ընտանիքի վիճակն էլ այսպես կլինի»,-հոգոց հանելով՝ ասաց հիվանդ կինը:
Հուսանք, որ մեր հրապարակումից հետո պատկան կառույցները կարձագանքեն` գոնե ժամանակավորապես ընտանիքին օգնության ձեռք մեկնելով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ