Մինչև բնակարաններ հասնելը` ջուրը ժանգի գույն է ստանում. բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Մարց համայնքի բնակիչները կանգնել են խմելու ջուր չունենալու փաստի առաջ: Բանն այն է, որ այս գյուղի խմելու ջրի ներքին ցանցը՝ ջրագիծը, կարիք ունի ամբողջությամբ փոխվելու: Սակայն համայնքապետարանի բյուջեն գումար չունի, որպեսզի փոխի այն: Այս առիթով բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել, որպեսզի խմելու ջուր բերեն:

Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը, անդրադառնալով ստեղծված պատկերին, «Ժողովուրդ»-ին ասաց, որ ժամանակին այս գյուղը երբեւէ խմելու ջրի խնդիր չի ունեցել: «Բայց հիմա նման խնդիր ունենք, որովհետեւ խմելու ջրի խողովակները՝ ջրագիծը, շարքից դուրս են եկել, հատկապես՝ այս տարի: Ամեն տարի մասնակի վերանորոգում ենք, բայց արդեն հնարավոր չէ: Չի ստացվում: Ջրագիծն ամբողջությամբ կարիք ունի փոխվելու»,- ներկայացրեց գյուղապետը: Իսկ թե ինչպես են ձմեռնամուտին փոխելու այդքան խողովակ, դժվար է պատկերացնել:

Այնուամենայնիվ, գյուղապետը նշեց, որ այս խնդրով դիմել է Լոռու մարզպետարան, որտեղից խոստացել են հրատապ ծրագրով այն լուծել: Իսկ թե ե՞րբ, չեն մանրամասնել: Տեղեկացնենք, որ Մարցի ջրագծի խողովակները փտած են ու ծակ, եւ այս անբարենպաստ եղանակի՝ անձրեւների պատճառով դրանց վիճակն ավելի է վատանում: Հետեւաբար փտած ու ծակ խողովակներով հոսող ջուրը պղտորվում է եւ օգտագործելու համար դառնում ոչ պիտանի: Մարցի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված պատմեցին, որ ջուրը մինչեւ հասնում է իրենց բնակարան, արդեն ժանգի գույն է ստացած լինում: Մարցի բնակիչները խմելու ջրի համար ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել, ջուր բերել:

Ի դեպ, գյուղապետի հաշվարկներով ջրագիծը փոխելու համար 22 մլն դրամ գումար է պետք, սակայն համայքնապետարանը չունի այն:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի հետ, ով ասաց, թե. «Այս խնդիրն առկա է ոչ միայն Մարցում, այլեւ մի շարք համայնքներում: Մարցի գյուղապետն այն բարձրացրել է մեզ մոտ: Կոնկրետ Մարցի խնդիրն արդեն մարզպետարանում ընդգրկված է որպես հիմնախնդիր, եւ առաջիկա որեւէ ծրագրում կնախատեսենք, որ այն լուծվի»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս