Այսօր կշարունակենք քննարկել «Վիկիլիքսի» հրապարակած՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ առկա հակասությունների վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի կազմած զեկուցագիրը: Ամերիկացի դիվանագետը ներկայացնում է իր տպավորությունները իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հարաբերությունների կապակցությամբ: Փենինգտոնի վստահությամբ՝ Քոչարյան-Սարգսյան զույգն ունի լուրջ տարաձայնություններ, ինչը փաստվում է առաջին հերթին Քոչարյանի վարքով:
Ավելին՝ դիվանագետը կարծում է, որ Քոչարյանն ամեն ինչ անելու է՝ Սարգսյանին իրենից կախվածության մեջ պահելու եւ վարչապետության միջոցով իշխանությունն իր ձեռքից բաց չթողնելու համար:
Փենինգտոնը հիշատակում է Քոչարյանի 2008թ. փետրվարի 8-ի հարցազրույցը, որի ժամանակ վերջինս հայտարարել էր, թե ղարաբաղցիները ինքնուրույն են պայքարել ադրբեջանցիների դեմ, եւ Հայաստանն ու Տեր-Պետրոսյանի կառավարությունն առավելապես խանգարել, քան օգնել են այդ պատերազմին: Դիվանագետը կարծում է, որ այդ հայտարարությունը Քոչարյանը թեպետ արել է ընդդեմ Տեր-Պետրոսյանի, բայց առաջին հերթին վնասել է հենց Սերժ Սարգսյանին, քանզի նրանից վանել է այն ընտրողներին, ովքեր իրենց զավակներին ուղարկել են պատերազմ, իսկ այժմ պարզում են, որ իրենց տված զոհերը ոչ թե օգնել, այլ խանգարել են ղարաբաղցիներին:
Դիվանագետը մեջբերում է դեսպանատան կոնտակտներից մեկին, ով մտերիմ է եղել Սարգսյանի ու Քոչարյանի հետ եւ աջակցել ռեժիմին: Ըստ վերջինիս՝ Քոչարյանի գործողություններն ուղղված են եղել նրան, որ Սարգսյանին պահի իրենից առավելագույն կախվածության մեջ: Ըստ այդ կոնտակտի՝ Սարգսյանի ու Քոչարյանի միջեւ հակասությունները լինելու են Տեր-Պետրոսյանի օգտին, եւ եթե նրանք միասնական լինեն, ոչ մի վտանգ չի սպառնա իրենց իշխանավարությանը: Ըստ այդմ՝ Քոչարյանը, ռիսկի տակ դնելով ռեժիմի հարատեւությունը, ցանկանում է թույլ չտալ Սարգսյանին հասնել նրան, ինչին ինքը երբեւէ չի հասել՝ ընտրվել մաքուր ձեւով:
Դիվանագիտական աղբյուրը եզրակացրել է, որ Քոչարյանը ցանկանում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Սարգսյանի հաղթանակը ընկալվի կեղծված, որպեսզի նա պահպանի իր ազդեցությունը Սարգսյանի վրա: Այս վարկածն իրականությունից այնքան էլ հեռու չէ, սակայն սրանով չի կարելի բացատրել Սարգսյանի` արդեն նախագահի աթոռին հայտնվելուց հետո որդեգրած գործելաոճը:
Ի վերջո, եթե Քոչարյանը գնաց արյունահեղության ճանապարհով, իսկ «բարի» Սարգսյանը ոչ մի հնարավորություն չուներ դա կանխելու, ապա քաղբանտարկյալների դատերը, քաղաքացիական ակտիվիստների նկատմամաբ բանեցրած բռնությունները, հանրային ազատությունների սահմանափակումները, երկրում հանցագործություններն ու սպանությունները բացահայտ հովանավորելը եւ ի վերջո` Մարտի 1-ի սպանություններից եւ ոչ մեկը չբացահայտելն արդեն ոչ մի կապ չեն կարող ունենալ «չար» Քոչարյանի հետ:
Փենինգտոնը հավելում է, որ տարբեր շրջանակներում կրկին ակտիվացել են այն տեղեկությունները, թե Քոչարյանն ընտրություններից հետո պատրաստվում է վերցնել վարչապետի աթոռը: Հեղինակը հայտնում է, որ իշխանության տարբեր օղակներ վերջին ամիսներին մշտապես հերքել են այս ծրագրի հավանականությունը: Հերքողներից մեկն էլ եղել է Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսաղուլյանը, ով հաղորդել էր ամերիկացիներին, թե Քոչարյանը վարչապետության մտքից հրաժարվել է ԲՀԿ-ի՝ 2007թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ից կրած պարտությունից հետո:
Փենինգտոնի պնդմամբ Քոչարյանը կարող է կիրառել «Պուտինի մոդել» կոչվածը եւ վարչապետ դառնալով՝ իր իրական վերահսկողությունը հաստատել երկրում: Դիվանագետը հիշատակում է ՀՅԴ-ական Կիրո Մանոյանին, ով ամերիկացիների առաջ իր համոզվածությունն էր արտահայտել, թե Քոչարյանը վարչապետ է դառնալու: Դիվանագետը Քոչարյանի վարչապետական նկրտումները տեսել է այն հայտարարության մեջ, ըստ որի՝ նոր սահմանադրությունը թույլ է տալիս ուժերի հավասարակշռություն հաստատել նախագահի ու վարչապետի միջեւ, «ինչը ամրապնդում է այն մոտեցումը, որ Քոչարյանի ժամանակաշրջանը հեռու է ավարտվելուց»:
Փենինգտոնը եզրափակում է, որ Քոչարյանը մտադիր է Սարգսյանին դնել ավելի վատ վիճակի մեջ, քան վերջինս կարող էր հայտնվել: Դիվանագետի կարծիքով՝ նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե Սարգսյանը հաղթի առաջին փուլով, եւ փողոցները լցվեն դժգոհ ցուցարարներով: Փենինգտոնն այդ կարծիքին է հանգել՝ տեսնելով, թե ինչպես է ավելանում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների քանակը: Հեղինակի վստահությամբ, եթե Սարգսյանը հաղթի առաջին փուլով, իսկ անվտանգության ուժերը բռնությամբ ճնշեն ընդդիմության բողոքի գործողությունները, ապա Քոչարյանը լծակներ կունենա Սարգսյանի վրա:
Դիվանագետը եզրակացնում է, որ Քոչարյանը զուսպ ու անձայն չի հեռանալու իշխանությունից: Հավելենք, որ թեպետ Քոչարյանն իշխանությունից հեռացավ Մարտի 1-ի նման արյունալի խարանով, այդուհանդերձ, որոշ ժամանակ դեռ պահպանում էր ազդեցությունը քաղաքական իրավիճակի վրա, մինչեւ որ Սարգսյանին հաջողվեց նրան լիովին չեզոքացնել:
Ենթադրելի է, որ նրանց միջեւ Քոչարյանի վերադարձի շուրջ պայմանավորվածություն, այդուհանդերձ, եղել է, ինչը, սակայն, կարծես ի չիք է դառնալու Սարգսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի միջոցով «գենսեկ» դառնալու մանկական երազանքի իրագործմամբ: Ուստի անակնկալ չի լինի, եթե Քոչարյանն առաջիկայում իրական քայլերով աջակցի Սարգսյանի անկմանը:
Նժդեհ Հովսեփյան