3 զինվորի մայրը 5 հոգանոց ընտանիքին հազիվ է կարողանում պահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նպաստների բարձրացման մասին Կապանում ամիսներ առաջ էին սկսել խոսել: Շատերն ասում էին, թե այն կբարձրանա 2000 դրամով, իսկ ոմանք էլ 2500-ի հույս ունեին: Սակայն կառավարության որոշմամբ` օգոստոսից նպաստները բարձրացան ընդամենը հազար դրամով:

Կապանի Ռոմանոս Մելիքյան փողոցում ապրող հինգ շնչից բաղկացած ընտանիքի մայրը տասը տարուց ավել է՝ հաց է թխում: Թեեւ դա սիրով է անում, սակայն նշում է, որ հացթուխությամբ ստիպված եղավ զբաղվել` հինգ հոգանոց ընտանիքին կերակրելու համար: Ինչպես ինքն է ասում՝ 3 զինվորի մայր է, պետք է ծայրը ծայրին հասցնի: Իսկ օրվա առեւտրի համար ընտանիքին ամենաքիչը 3000 դրամ է անհրաժեշտ:

Մինչդեռ այս ընտանիքն արդեն տասը տարի է` գոյատեւում է միայն նպաստով: Ընտանիքի հայրը չի աշխատում: Վերջինս արցախյան պատերազմի մասնակից է, բայց որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով թոշակ չի ստանում:
«Բնակարանը ինչ-որ չափով նորոգելու եւ թարմացնելու գործում աջակցել են մարտական ընկերներս, թե չէ ինքս իմ ուժերով չէի կարող անել»,-ասում է ազատամարտիկ Արտաշ Արզումանյանը:
Որ նպաստների բարձրացում կլինի, շատերի պես տիկին Ծովինարը եւս ամիսներ առաջ էր լսել: Ոմանք ասում էին 2000 դրամով, իսկ մյուսներն էլ 2500-ի հույս ունեին: Սակայն եկավ օրը, եւ պարզվեց, որ 16.000 դրամ նպաստով ապրող ընտանիքների հոգսերը կթեթեւանան ընդամենը 1000 դրամով, ինչը համարժեք է մեկ շիշ ձեթին եւ մեկ հացին:

«35.500 էի ստանում, հիմա էլ 36.500 եմ ստանում: Երեխայի թոշակն էլ հետը մի 55.000 է կազմում ընդհանուր գումարը: Չի բավարարում: Մտածում էի, որ ավելի շատ կբարձրացնեն, երեխաների շորերը պարտքով եմ վերցնում, սնունդը թանկա, հազիվ դրան ենք տալիս: Մեծ տղայիս աչքերը հիվանդա, չեմ կարողանում տանեմ վիրահատության: Էն երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն: Սոցիալականից որ գալիս են, տեսնում են՝ տան համար նոր բան ես առել, ասում են՝ հեսա նպաստդ կտրելու ենք: Ուրիշ երկրներում ոնցա` աջակցումա պետությունը, իսկ մերը հակառակնա»,- դժգոհում է տիկին Ծովինարը:

Իսկ, ահա, Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանը կարծում է, որ 1000 դրամը թեկուզ չնչին է, բայց հոգսերի թեթեւացում է. «Փոքր բան է, բայց ընտանիքի սոցիալական վիճակը էլի մեղմացրեց»:
Ընդհանուր առմամբ՝ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում հաշվառվածների թիվը 1413 է, որից մոտ 600-ը՝ ընտանեկան, իսկ 540-ը սոցիալական նպաստ է ստանում: 90 ընտանիքներ էլ օգտվում են հրատապ օգնությունից:
Ըստ գործակալության պետի` նախորդ տարվա համեմատ հաշվառվածների եւ նպաստառուների թիվը գրեթե անփոփոխ է:

Հերմինե Միքայելյան

Կապան

 




Լրահոս