
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացրին, որ վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել առողջություն: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առաջիկայում՝ ամբողջովին ապաքինվելուց հետո, նրանք բոլորը դուրս կգրվեն հիվանդանոցներից:Էրեբունի բժշկական կենտրոնում ներկայում բուժում է ստանում պատահարից տուժած 7, իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում՝ 27 մարդ: