Լիլիթ Պիպոյանն այսօրվա մեր երգարվեստի ամենաինքնատիպ կատարողներից է: Ինքնատիպ են ոչ միայն նրա երգերն ու կատարումները, այլեւ տեսաերիզները եւ ողջ այն հումքը, որից ստեղծվում է նրա երգարվեստը: Լիլիթ Պիպոյանն առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է: Հիմնական մասնագիտությանը զուգահեռ` երաժշտական կրթությունը ստացել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական վարժարանում:
«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ նրա երաժշտարվեստի յուրահատկության, կատարողական վարպետության եւ մի շարք այլ թեմաների շուրջ:
-Լիլի՛թ, ի՞նչ է երգն ու երաժշտությունը Ձեզ համար: Ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ ստեղծագործելու համար:
– Երգարվեստը, երգը այնպիսի երեւույթ են, որը պետք չէ առանձնացնել ընդհանուր արվեստից, ընդհանուր կյանքից: Այն կյանքի բաղկացուցիչ մասն է: Կարող ենք ասել, որ երգարվեստը կյանքի յուրաքանչյուր ոլորտում կա: Երգն ու երաժշտությունն օդից իջած մի բան չէ: Գտնում եմ, որ ընդհանուր կյանքից երգարվեստը պետք չէ առանձնացնել: Այն մեր դարավոր արժեքների արտահայտություններից մեկն է: Ամեն ինչից էլ կարող ես ոգեշնչվել: Յուրաքանչյուր մանրուք էլ խորություն կարող է ունենալ եւ ինչ-որ ուղղությամբ տանել, ոգեւորել, ոգեշնչել մարդուն, ստեղծագործող անհատին:
-Քչերն են այդպես մտածում: Այսօր շատերը երգում են զուտ երգելու համար…
-Ցավոք սրտի գրեթե չի գնահատվում նման մտածելակերպը: Նայում ենք շուրջբոլորը, տեսնում ենք համատարած տգիտություն: Մեր երգերի մեծ մասի մեջ էլ է այդպես` տգիտություն, լեզվի չիմացություն, հարճային տրամադրությունների դրսեւորում: Ամոթ է: Այդպես չպետք է լինի: Կա նաեւ երկրորդ կատեգորիան` սարքված, հորինովի, շինծու հայրենասիրական տեքստերով երգեր:
Այսինքն` կատարողը, հեղինակը չեն զգում իրենց կատարածը: Երգը հոգու միջով չի անցկացնում, պարզապես կատարում է կատարելու համար: Ըստ ծրագրի գրված տեքստերով էլ են հաճախ երգում: Հեղինակը չի զգում իր երգածը: Իրականում այս ամենը գալիս է նրանից, որ մեր հասարակության գրեթե բոլոր շերտերում է այդ վիճակը: Այնտեղ գործող արժեքների արտահայտությունը նաեւ երգարվերստում է: Ազնվությունը, աշխատանքը մերժված են եւ մղվել են երկրորդ պլան: Ընդհանուր պատկերն է իրականում այդպիսին:
-Շարունակո՞ւմ եք երգեր հեղինակել: Ձեր բոլոր երգե՞րն են հեղինակային:
– Ո՛չ, այլեւս երգեր չեմ գրում: Իսկ հեղինակային են միայն երգերիս որոշ մասը: Մնացած բոլոր երգերն ուղղակի իմ կողմից մշակվում են, սակայն դրանք անպայման պետք է նախկինում երբեւէ կատարված չլինեն: Այսպիսով` դժվար չէ կռահել, որ արխիվային աշխատանքս էլ մեծ ծավալների է հասնում. անվերջ փնտրել ու փորփրել հիմնականում հին, մոռացված կամ կիսամոռացված, չկատարված երաժշտական ստեղծագործություններ:
-Իսկ չկա՞ն այնպիսի կատարողներ, որոնց կարող եք վստահել Ձեր երգերը:
-Իրականում կան ինքնատիպ կատարողներ: Կան այդպիսի մարդիկ, բայց այդ մարդիկ, հավատացե՛ք, մնում են պարտված: Նրանք չեն կարող ճեղքել այս գորշ պալարը: Ես չեմ կարող տեսնել նրանց, լսել իրենց երգածը: Այնուամենայնիվ, ստացվում է, որ ճշմարիտ արվեստին հետեւողները գրեթե պարտված են:
-Հասարակության, ունկնդրի դերը ո՞րն է այստեղ: Ի՞նչ հրամցվում է, պետք է միանշանակ եւ առանց դժգոհելու լսե՞լ ու ընդունե՞ լ:
– Դեմ եմ այն ամենին, ինչից թանգարանային նմուշի հոտ է գալիս, լինի դա դասականը, թե ազգագրական: Ըստ իս` ամենակարեւոր պայմանն այն է, որ երգը մատուցվի շատ լավ հղկված վիճակում եւ պարզ, առանց արհեստական, ստերեոտիպային որեւէ նշույլի: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի: Իսկ հիմա ինչ մատուցում են, մարդիկ դա էլ ընդունում են որպես միակը եւ ճիշտը:
Լուսինե Հակոբյան