Մայիսի 9-ը համազգային միասնության ու ազատատենչ ոգու հաղթանակի տոն է. Բ. Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ, հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ 
Ստորև ներկայացնում ենք Արցախի Հանրապետության նախագահի ուղերձը.
Արցախի հերոսական բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, 
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ հյուրեր,
Ի սրտե շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը սրբագործվել է մեր եղբայրների ու քույրերի արյամբ եւ դարձել համաժողովրդական ամենանվիրական տոներից մեկը:
Այս տոնական օրը ես, նախևառաջ, գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի ազատության նահատակված բոլոր քաջ հայորդիների պայծառ հիշատակի առջև: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին:
Մայիսի 9-ը հաղթանակի տոն է, համազգային միասնության ու համախմբվածության, ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի հաղթանակի տոն:
Մայիսի 9-ը Մեծ Հայրենականում մեր հայրերի ու պապերի հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի լավագույն զավակները մյուս ժողովուրդների հետ ձեռք ձեռքի պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության` անձնազոհ սխրանքի ու խիզախության օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար:
Մայիսի 9-ը մեր ազգային-ազատագրական պայքարում համայն հայության հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի բոլոր հատվածները համախմբվեցին Արցախի պաշտպանության վեհ գաղափարի շուրջ` դառնալով մի բռունցք, մի մարմին ու ոգի: Ամեն ինչ արվում էր` հանուն մեր սուրբ գործի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի դարավոր նպատակների իրականացման, նրա հարատեւության ու լուսավոր ապագայի:
Հենց այդ գիտակցումով ազատագրեցինք տարիներ շարունակ գերության մեջ գտնվող Շուշին` մեր հինավուրց բերդաքաղաքը, հոգեւոր ու մշակութային կենտրոնը, որն այսօր վերածնվում է ու նոր շունչ ստանում:
Հենց այդ գիտակցումով ստեղծվեց պաշտպանության բանակը` մեր ժողովրդի ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, նրա հպարտությունն ու մեծագույն նվաճումներից մեկը: Բանակը ծնունդ առավ Արցախյան ազատամարտի բովում եւ պատվով կատարեց ու այսօր էլ շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանի իր սրբազան առաքելությունը: Հայոց բանակի շնորհիվ է պահպանվում նաեւ խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում: Սա անժխտելի իրողություն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել:
Մենք անում ենք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բանակը միշտ լինի հզոր ու հաղթական, ունենա մարտունակության բարձր մակարդակ ու ամուր ոգի, պատրաստ ամեն պահի իրականացնել իր առջեւ դրված ցանկացած խնդիր: 
Ազատ, անկախ ու զորացող Արցախը թանկ ու բացառիկ արժեք է ամբողջ հայության համար: Մայր Հայաստանի, Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ամենօրյա աջակցությամբ Արցախը ոչ միայն կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից, այլեւ այսօր կանգնել է կայուն զարգացման ուղու վրա: Հայրենի հողը արժանապատվորեն պաշտպանած ժողովուրդը պետք է ապրի արժանավայել կյանքով, եւ մենք ջանք ու եռանդ չենք խնայի այդ նպատակին հասնելու համար:
Թանկագի՛ն բարեկամներ, 
Այսօր հայոց բանակի կազմում են և հպարտ կանգնած են զորահանդեսի շարքերում մեր զավակները, ովքեր ծնվել են ազատագրված հայրենիքում եւ անառիկ են պահում նրա սահմանները: Նրանք պատվով են շարունակում իրենց հերոս հայրերի գործը եւ դրանով իսկ վառ պահում մեր բոլոր նահատակների հիշատակը:
Մեր նվիրական հաղթանակը կերտողների հետ ուս ուսի Արցախյան բանակի այսօրվա զինվորը հաստատուն կերպով պաշտպանում է հայրենի երկրի ավտանգությունն ու հարազատ ժողովրդի անդորրը: Այդպես է արդեն 20 տարի, և այդպես կլինի ընդմիշտ:
Փա՛ռք հերոսական հայ ժողովրդին:
Փա՛ռք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: 
Փա՛ռք պաշտպանության բանակին եւ նրա քաջարի մարտիկներին:
Ուռա՜:




Լրահոս