Ժառանգություն կուսակցության շնորհավորական ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թանկագին հայրենակիցներ
20-րդ դարում հայ ժողովրդի տոնած ամենանշանակալի հաղթանակները տեղի են ունեցել մայիսի 9-ին: Դարասկզբին արնաքամ եղած հայությունը Սարդարապատում խիզախաբար դիմակայեց եւ վերջին ուժերի գերլարումով կարողացավ չեզոքացնել դարավոր թշնամու սպառնալիքը, իսկ 41-ի Մեծ հայրենականում ոչ միայն ցուցաբերեց անձնազոհություն ու զանգվածային հերոսություն, այլեւ հաղթահարեց իր ներսում հարյուրամյակների ընթացքում արմատներ ձգած հալածյալի, պետականազուրկի, իր ,եսե-ի կամ իր տանիքի ներքո ծվարած անտարբերության, սեփական ուժերի հանդեպ թերահավատության բարդույթը: Երկուսուկես միլիոնանոց խորհրդահայությունը շուրջ 650 հազար քաջարի զինվորներ տվեց ռազմաճակատին:
Պատմության մեջ Հայաստանը նվաճած որեւէ բանակ նման թվակազմ չի ունեցել: Ընդ որում, 1000 շնչին բաժին ընկնող բարձրագույն սպայական կազմի, հերոսի կոչում ստացած մարտիկների թվով հայերը Խորհրդային Միության մյուս ազգերի շարքում առաջինն էին: Այսօրինակ սխրանքները մեզանում ոչ թե սնափառության, այլ հպարտության ու պատասխանատվության բարձր զգացումի խարիսխ պետք է լինեն: Պատասխանատվություն՝ հատկապես Արցախյան հերոսամարտում արծվասիրտ հայորդիների տարած հաղթանակի արդյունքներին տեր կանգնելու հարցում: Շուշիի ազատագրումը հայկական ոգու եւս մեկ փայլատակում էր:
Մեծ հաղթանակների տոնի առիթով հայ ժողովրդին մաղթում ենք քաջառողջություն, ամենայն բարիք, ազգային անմիաբանությունն ու փոխադարձ անհանդուրժողականությունը հաղթահարելու կամք՝ ամրագրելու եւ հավերժացնելու համար մեր հաղթանակները, ուղի հարթելու դեպի նորանոր նվաճումներ:
Ժառանգություն կուսակցություն




Լրահոս