
Շիրակի մարզում մայիսյան հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեցին: Միջոցառումների մեկնարկը տրվեց մայիսի 8-ին Շիրակ գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում, ուր իրենց զինակից ընկերների հիշատակը հարգելու էին եկել Շիրակի մարզի ազատամարտիկները: Նույն օրը հարգանքի միջոցառում տեղի ունեցավ Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղում: Համագյուղացիները եկել էին հարգելու նույն գյուղի բնակիչ 22 ամյա Էդիկ Վրեժի Ղազարյանի հիշատակը, ով թշնամու գնդակից զոհվել է 1994 թվականի հենց մայիսի 8-ին` Մարտակերտի մոտ: Միջոցառումները շարունակվեցին նաեւ այսօր ,Մայր Հայաստանե հուշահամալիրի մոտ, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի Զինված ուժերի եւ Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ եւ 102-րդ ռազմաբազայի զինվորների համատեղ շքերթը: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ: