Երևանի և Կրասնոդարի միջև համաձայնագիր է ստորագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Կրասնոդար քաղաքի մունիցիպալ միավորման ղեկավար Վլադիմիր Եվլանովը քաղաքապետարանի ճեմասրահում ստորագրել են փոխգործակցության և համագործակցության մասին համաձայնագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև:

Ստորագրված համաձայնագրով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, մշակութային և տնտեսական կապերի հաստատման ու զարգացման ուղղությամբ: Փոխայցելությունների շրջանակում էլ կողմերի միջև կիրականացվի փորձի և տեղեկատվության փոխանակում:

Կարևորելով համաձայնագրի ստորագրումը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովը համոզմունք են հայտնել, որ այն նոր սկիզբ կդնի երկկողմ փոխգործակցությանն ու էլ ավելի կսերտացնի երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը:

Կողմերը նաև ընդգծել են, որ ստորագրված համաձայնագրով հնարավորություն կստեղծվի ընդլայնել համագործակցության շրջանակները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքների բնակիչների համար:




Լրահոս