Ինչո՞ւ է ձգձգվում կոկորդը կտրած մատուցողուհու գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի մայիսի 7-ին մատուցողուհի Մարիամ Հունանյանը հայտնաբերվեց սպանված՝ իր կողմից վարձակալած բնակարանում: Մատուցողուհու սպանության միակ կասկածյալը մինչ այս պահը խոհարար, 27-ամյա Դավիթ Թամրազյանն է, ով, ըստ մեղադրական եզրակացության, վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, նշված օրը գնացել է վերջինիս բնակարան` իբրև անակնկալ նվեր տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է:

Ապա, ըստ մեղադրանքի, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է արյունոտ զգեստները:

Ավելի քան մեկ տարի ընթացող դատավարության ավարտին հասնելուն, կարծես թե, դեռևս երկար է պետք սպասել: Նախաքննությանն իրեն մեղավոր ճանաչած Դավիթը դատարանում հայտարարել է, որ ինքնախոստովանական ցուցմունք է ներկայացրել իրավապահ մարմինների կողմից ճնշումների ենթարկվելու ազդեցության ներքո: Դավիթ Թամրազյանը ոստիկանների անօրինական գործողությունների մասին հաղորդում չի տվել, քանի որ տեղյակ չի եղել նման իրավունք ունենալու մասին:

Ինչևէ, դատաքննությունը շարունակվում է, և ամբաստանյալ Թամրազյանի հարցաքննությունը շարունակվում է: Նշենք, որ նախկինում նրա շահերը պաշտպանում էր Նիկոլայ Գրիգորյանը, իսկ այժմ Թամրազյանի պաշտպանը Կրոմվել Գրիգորյանն է, ով, ինչպես նա է վստահեցնում է, մանրակրկիտ ուշադրություն է դարձնում գործի նյութերի յուրաքանչյուր տողին և մասնիկին, ինչը հաճախ առաջացնում է նախագահող դատավոր Դավիթ Բալայանի և մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի զայրույթը:

«Մենք ուրիշ բան ու գործ չունե՞նք: Հո ամբողջ օրն էստեղ չե՞նք նստելու»,- դատական նիստերից մեկի ժամանակ իր՝ այս գործով սովորական դարձած զայրույթն արտահայտեց դատախազը:

Որքանով է մեղադրողի և նախագահողի գնահատականը, թե պաշտպանն արհեստականորեն երկարաձգում է դատավարությունը, մոտ իրականությանը, թող դատեն կողմերը, սակայն փաստն այն է, որ մինչ այս պահը «սայլը տեղից չի շարժվել»: Նշենք, որ կան անձինք, որոնց անուններն անդադար շոշափվում են դատավարության բոլոր մասնակիցների կողմից: Այդ անունների թվում է սպանվածի մտերիմ ընկերուհին՝ Միլենան, ով դեպքից որոշ ժամանակ առաջ հանդիսացել է Դավիթի՝ Մարիամից հետո ի հայտ եկած ընկերուհին: Դավիթ Թամրազյանի խոսքով, ինքը դարձել է կանացի խանդի զոհ: Այսպես, ամբաստանյալի ներկայացրածի համաձայն՝ այս գործում կարևորագույն վկա Միլենան մի առիթով հրավիրել է Դավիթին իր բնակարան, որտեղ նա ծանոթացել է ոմն Ֆրունզի հետ, ով բարձրաստիճան ոստիկան է: Վերջինս էլ, ինչպես վստահեցնում է Դավիթը, «սարքել է իր գլխին»:

Դատավարության ընթացքում տված ցուցմունքներից մեկի ժամանակ Դավիթն ասել է, թե մի օր ինքը զանգել է Միլենային ու ասել, որ նրանց միջև ոչինչ լինել չի կարող: Միլենան էլ զայրացել է՝ ես էն աղջիկը չեմ, որ ինձ հետ տենց խոսեն, եկեք հանդիպենք: Քրոջ ամուսնու հետ Դավիթը գնացել, տնից վերցրել է Միլենային, նստել են Բանգլադեշի մի սրճարանում: Փեսան շատ կոպիտ ասել է, որ Միլենան Դավիթի հետ գործ չունենա. «Դու էն աղջիկն ես, որ Դավոյին խաբում ես, տակդ կեղտոտ է, ուզում ես փաթաթվել Դավոյի վզին…»: Ամբաստանյալը վստահ է, որ Միլենան այս պատճառով է իր դեմ ցուցմունք տվել:

Ինչևէ, ամեն անգամ Դավիթ Թամրազյանի հարցաքննությունից հետո ամեն բան ավելի է խառնվում իրար: Նախագահող դատավորը զայրանում է պաշտպանական և մեղադրական կողմերի միջև առաջացած վիճաբանություններից, մեղադրող դատախազը շարունակ պնդում է, որ պաշտպանը ցանկանում է արհեստականորեն ձգձգել դատավարությունը, իսկ պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ իր հերթին վստահեցնում է, որ կարևոր է գործում առկա ցանկացած դետալ: Պաշտպանի փոխանցմամբ՝ Դավիթի հեռախոսազանգերի վերծանումը կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ: Հեռախոսազանգերի վերծանումը կազմված է 106 էջից, իսկ դրանք հրապարակելը, ըստ մեղադրողի և նախագահողի, ժամանակի անիմաստ վատնում է:

Տաթև Հարությունյան




Լրահոս