ԵՐԿՆՔԻՑ ԿՐԱԿ ԷՐ ԹԱՓՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակում աննախադեպ համերգ էր կազմակերպվել: Հանրապետության բոլոր մարզերից տարբեր հիմնարկությունների կոլեկտիվներ՝ հատկապես ուսուցչական, ավտոբուսներով ժամանել էին մայրաքաղաք՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված հայ աստղերի եւ գերագույն աստղերի մասնակցությամբ կայանալիք միջոցառմանը մասնակցելու: Իսկ առջեւի շարքերում Հայաստանի մի շարք բուհերի ուսանողներ էին կանգնել: Եւ ահա ժամը 19:37-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ գազով լիցքավորված սպիտակ փուչիկները՝ կարմիր տառերով, պայթել են, ու «երկնքից կրակ է թափվում»: Առջեւի շարքի շուրջ 144 երիտասարդների ձեռքերն ու ոտքերն այրվել են: Թե ինչու են պայթել փուչիկները, երեկ՝ մինչ ուշ գիշեր, ոստիկանությունը դեռ չէր պարզել: Միայն ռուսական կայքերն էին օպերատիվ տեղեկություններ հրապարակում, որ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնը զարդարող փուչիկները փչվել են էժանագին գազով: Gazeta.ru կայքը տեղեկացրել է, որ սովորաբար փուչիկները փչում են հելիում տեսակի իներտ գազով, սակայն Երեւանի փուչիկները, ամենայն հավանականությամբ, փչվել են նեոնով կամ ջրածնային խառնուրդներով ինչ-որ այլ տեսակի պայթյունավտանգ գազով: Վարկած կա նաեւ, որ ինչ-որ երիտասարդներ միտումնավոր ծխախոտ են հանգցրել փուչիկների մոտ, դրա համար էլ պայթել է: Կար վարկած, որ պայթյունը կանխամտածված ահաբեկչություն էր՝ նախազգուշական միտումներով:




Լրահոս