Երեկ Մինսկում ստորագրվել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը: Մաքսային եռյակի խորհրդարաններն ի վերջո կվավերացնե՞ն Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը և 2015 թվականի հունվարից Հայաստանը կմասնակցի՞ ԵՏՄ-ի աշխատանքներին: Նշված հարցերի պատասխանը Armlur.am-ը փորձեց ստանալ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանի հետ զրույցում:
«ԵՏՄ անդամակցության պայմանագիրը չի բխում մեր երկարատև շահերից։ Այն մեր կամքին հակառակ մեր վզին է փաթաթում մի միություն, որից մենք գրեթե ոչինչ չունենք վերցնելու ո՛չ մեր պետական ինստիտուտների զարգացման, ո՛չ մեր բիզնեսի որակական չափանիշների փոփոխության, ո՛չ մեր մշակույթի, կրթության ու գիտության զարգացման համար: Միություն, ուր մեզ թշնամի համարողների շահերն ավելի են հարգվում ու գերադասվում։ Միություն, ուր մեր երեխաների կյանքն ամեն օր վտանգող երկրին զենք մատակարարող երկիրն է: Արդյոք սա՞ է մեր ընտրությունը: Իհարկե՝ ոչ: Նման միության մեջ լինելը հնարավոր է բացառապես հարկադրված»,- նշեց պատգամավորը:
Վերջինիս հավաստմամբ ԵՏՄ-ին անդամակցությունը սպառնում է մեր աչքի առջև վերաձևել տարածաշրջանի քաղաքական, էթնիկ, կրոնական ու ժողովրդագրական քարտեզը: «Մեր շահերը լավագույնս բավարարելու համար պիտի փոխենք մեր մոտեցումներն ու մեր ապագան կառուցենք հստակ գիտակցությամբ և իրատեսական ակնկալիքներով»,- ասաց Թևան Պողոսյանը` հավելելով, որ ինքը վստահ է ` սեփական շահերի գիտակցումն ու դրանցով շարժվելու պատրաստակամությունն ու կամքը մեզ դեռ դարձնելու են այն ուղու վրա, որի ոլորաններից մեկում հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են, ժողովրդավարական արժեքներն ու Եվրոպայի ու Ասիայի ազատ ժողովուրդների հետ հավասար գործընկերությունը։