Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ օր: Համաձայն Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1 կետի պահանջի՝ քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է: Ասել է թե` մենք այսօր իրավունք չունենք այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի մասին քարոզչական որեւէ նյութ հրապարակել: Ինչ խոսք, օրենսդրության պահանջը միանգամայն արդարացված է ու ճշգրիտ, այլ հարց է, սակայն, որ կոնկրետ այս խորհրդարանական ընտրությունների նախօրյակին առկա իրավիճակը մեզ համար որոշակի բարդություն է ստեղծում: Խոսքն այն մասին է, որ մենք, փաստորեն, չպետք է անդրադառնանք նաեւ որեւէ քաղաքական ուժի ղեկավարի գործունեությանը, սակայն ինչպես հայտնի է, այդ քաղաքական ուժերից մեկի ղեկավարը միաժամանակ նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահն է: Եվ ստացվում է այնպես, որ եթե մենք փորձենք անդրադառնալ նրա կատարած այս կամ այն քայլին, լուսաբանել, օրինակ, նրա երեկվա այցելությունները (անգամ ոչ նախընտրական), ապա դա կարող է դիտվել որպես նրա ղեկավարած ուժի անուղղակի քարոզչություն կամ հակաքարոզչություն: Ու փաստորեն, դուրս է գալիս, որ այս թեկուզ կարճատեւ, բայց այնուամենայնիվ նշանակալի ժամանակահատվածում լրատվամիջոցները ավտոմատ կերպով զրկվում են նաեւ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ամենաբարձր ինստիտուտի ղեկավարի գործունեությունը լուսաբանելու հնարավորությունից, իսկ հանրությունն էլ զրկվում է երկրի նախագահի գործունեության մասին տեղեկատվություն ստանալու իր իրավունքից: Ինչ խոսք, մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը, սակայն կոնկրետ այս դեպքում, կարծում ենք, այն որոշակիորեն ոտնահարում է ՀՀ քաղաքացիների` տեղեկացված լինելու իրավունքը եւ խոչընդոտում մեր` լրագրողներիս, մասնագիտական պարտականությունների կատարմանը` կոնկրետ երկրի նախագահի գործունեության լուսաբանման մասով: Եվ չնայած այն հանգամանքին, որ օրենսդրորեն ՀՀ նախագահի` քաղաքական ուժերից մեկի համամասնական ցուցակը գլխավորելն արգելված չէ, այնուամենայնիվ, սա այն եզակի դեպքերից է, երբ մենք լիովին կիսում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, ըստ որի՝ «խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին մասնակցելը նախագահի գործը չէ` ո՛չ նախկին, ո՛չ էլ գործող»:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿ ՕՐՈՎ ՆԱԽԱԳԱՀ ՉՈՒՆԻ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ