Հնարավոր է՝ «Արմենիա» ԲԿ-ում նախօրեին հանկարծամահ եղած 26-ամյա Նելլիի մահվան պատճառը լինի սրտային անբավարարվածությունը: Այսպիսի վարկած նշեց գինեկոլոգիայի բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ով Armlur.am-ին հայտնեց, որ կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ին կեսարյան հատմամբ ծննդաբերած Նելլին սեպտեմբերի 27-ին բարձր ջերմությամբ հիվանդանոց է տեղափոխվել, իսկ աղիները լավ չեն գործել: Կնոջ նորածին առաջնեկի վիճակը կայուն բավարար է:
«Հնարավոր է՝ հիվանդի ջերմությունը վիրահատությունից հետո բորբոքային պրոցեսի հետևանք լինի, սակայն ջերմությունը իջեցվել է, աղիների խնդիրը ևս լուծվել էր: Վաղ առավոտյան սանհանգույցից հիվանդասենյակ վերադառնալիս պառկել ՝ անկողնում ու միանգամից կապտել»,- նշեց բժիշկը՝ հավելելով, որ բժիշկներն արել են հնարավորը, սակայն արդեն ուշ էր: