ԴԻՏՄԱ՞ՄԲ, ԹԵ՞ ՊԱՏԱՀՄԱՄԲ ՊԱՅԹԵՑԻՆ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան, Հանրապետության հրապարակում բռնկված կրակի աղբյուրը բացահայտելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հատուկ խումբ է ձեւավորվել, որը մինչ ուշ գիշեր դեռ որեւէ բացահայտում չէր արել: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծը «մարել էր»:
Երեկ ոստիկանությունում քննվում էին վարկածներ` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը եւ այլն: Իսկ քաղաքացիների շրջանում վարկածներ էին պտտվում, որ փուչիկները հենց բեմի մոտ էին փչվում ու պայթյունը առաջացել է բալոնի պայթյունից: Երիտասարդներից մեկն էլ ասում էր, որ առաջին շարքում կանգնածներին զգուշացնում էին, թե մի՛ ծխեք փուչիկների մոտ, սակայն շատ տղաներ ծխում էին: Շարունակ շրջանառվում էր կազմակերպված ահաբեկչության վարկածը:
Եւ այսպես, տեղի ունեցած դժբախտության արդյունքում, ըստ ԱԻՆ տվյալների, վիրավորվել է 144 մարդ: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էլ հայտնեց, որ վիրավորների վիճակը բավարար է: Ավելի ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեցին վիրավորներին՝ հիվանդանոցում:
Բայց տեղի ունեցածում ամենազավեշտալին այն էր, որ մի կողմից մարդիկ էին հրապարակից հոսպիտալացվում, մյուս կողմից երգիչ Արման Հովհաննիսյանը «Ջեյրան բալա» էր երգում: Իհարկե, համերգը մի պահ դադարեցվել էր, սակայն չնայած վիրավորների թվի մեծացմանը, «տաշի-տուշի»-ի մթնոլորտն ու ծափերի ակնկալիքները չփոքրացան: Ուրախությունը շարունակվեց՝ մինչեւ ծրագրի ավարտը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ էր նա տեսել բեմից: Ի վերջո, պայթյունը եղել է նրա աչքի առջեւ. «Ներողություն եմ խնդրում… Կարծում եմ, որ Դուք ստացել եք բոլոր  պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկությունները: Ավելին չեմ կարող ասել»: Նկատենք, որ Նազենի Հովհաննիսյանը կրակների միջից մարդկանց հորդորում էր չվախենալ՝ ասելով, թե ընդամենը գազով լի փուչիկներն են պայթել: «Ես կարծում եմ՝ միակ բանը, որ կարող էր անել բեմում գտնվող մարդը, հանգստացնել մարդկանց, որպեսզի խուճապ չլիներ: Լինի երկրաշարժ, բնական աղետ կամ չգիտեմ էլ ինչ, բեմում գտնվող արտիստի, հնչյունային ռեժիսորի կամ հաղորդավարի գործը պետք է լինի ժողովրդին հանգստացնելը: Ես փորձեցի անել իմ  գործը: Ասեմ, որ Դուք միակ մարդն եք,  որ  հարցնում եք մեր որպիսությունը: Միայն կարող եմ ավելացնել՝ շնորհակալ եմ: Անկեղծորեն»,-ամփոփեց հաղորդավարուհին՝ խնդրելով իրեն այլ հարցեր չտալ:  

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս