Ռուսաստանյան ԶԼՄ-ները եռյակի հանրահավաքը ներկայացրել են որպես «հակաԵՏՄ»-ական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, ուրբաթ օրը Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքն ուղղված էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ:

«Երևանում 20 հազար մարդ դուրս էին եկել հանրահավաքի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ» վերտառված հոդվածում «Կոմերսանտը», մասնավորապես, մեջբերում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետևյալ խոսքերը. «Հերթական անգամ անտեսելով իր ժողովրդի շահերն՝ այսօր Սերժ Սարգսյանն իր ստորագրույթւոնը դրեց փաստաթղթի տակ»: Պարբերականն իր կողմից ճշտում է, որ խոսքը գնում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին:

Մինչդեռ, հանրահավաքի կազմակերպիչները միջոցառման հենց սկզբում նշեցին, որ հակառակ որոշ արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումների, հանրահավաքը հակառուսական կամ հակաարևմտյան ուղղվածություն չունի:
«Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ «շարժումն իր առջեւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում եւ առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենեւին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային»:

«Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետեւ, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանն այլեւս անշրջելի իրողություն է (1.03.2014)։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել», – իր խոսքում նշել է Տեր-Պետրոսյանը:




Լրահոս