ՆԱՏՕ-ն չի երաշխավորում Թուրքիայի համար բուֆերային գոտու ստեղծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն չի երաշխավորում Թուրքիային՝ Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտու ստեղծում: Դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիսում նման գոտու ստեղծումը քիչ հավանական է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը ուրբաթ խոստացել է, որ ՆԱՏՕ-ն կաջակցի Անկարային իսլամիստների հարձակման դեպքում: Միևնույն ժամանակ նա ասել է, որ բուֆերային գոտին, որի ստեղծման մասին խնդրում է Անկարան, «բարդ աշխատանք է, որը երկար ժամանակ է պահանջում», տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցնրը:

ՄԱԿ-ը կոչ է անում Թուրքիային ուշադրություն դարձնել Անվտանգության խորհրդի բանաձևին, որի համաձայն ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է անեն հնարավորը՝ ցանկացած զանգվածային արյունահեղություն կանխելու համար:

Անկարան գտնում է, որ Կոբանիի անկախության համար մարտնչող քրդերը սերտորեն կապված են Քրդական աշխատանքային կուսակցության հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Սակայն իրավիճակին չմիջամտելու դեպքում Թուրքիան կարող է առերեսվել ավելի մեծ վտանգի՝ ի դեմս «Իսլամական պետության»:

«Եթե Կոբանին հանձնվի, ապա «Իսլամական պետության» վերահսկողության տակ կհայտնվի Սիրիայի և Թուրքիայի սահմանագծի 400 կիլոմետրանոց հատվածը: Չորս հարյուր կիլոմետրը՝ ինը հարյուրից», – մեջբերում է Euronews-ը Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրին: Մինչդեռ, բուֆերային գոտու ստեղծման գաղափարին կողմ է արտահայտվել Ֆրանսիան: Այդ մասին իր թուրք գործընկերոջը հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆաբիուսը:




Լրահոս