ՈՒԶՈՒՄ Է ԲՈՒԺՎԵԼ, ՈՐ ԾԱՌԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009-ի հունիսի 3-ին հայոց բանակ զորակոչված Սուրեն Կիրակոսյանն այսօր դասալքության մեղադրանքով գտնվում է Գորիսի ՔԿՀ-ում: Այնտեղ զինվորի առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն բուժման համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվում: 23-ամյա Սուրենը ճարահատյալ հացադուլ է հայտարարել: Երեկ էլ նրա մայրը որդու առողջության հարցերը լուծելու, նրա վրա գոնե ուշադրություն հրավիրելու համար փորձել է իրեն գցել Սերժ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի տակ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:
Սուրեն Կիրակոսյանի մայրը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր որդին բանակ է զորակոչվել աճուկային սնկախտ կոչվող հիվանդությամբ, որը բանակի հետ անհամատեղելի է: Նա կարող էր բանակում միայն ոչ շարային ծառայություն անցնել, սակայն ծառայել է լիարժեք, որի հետեւանքով հիվանդություններն ավելի են զարգացել: Սուրենը նաեւ ուսագոտու հատվածում խալ է ունեցել, որը ուսապարկ կամ զենք կրելու հետեւանքով ճաք է տվել: Բժիշկներն առաջարկել են 30-40 րոպե տեւողությամբ վիրահատություն, սակայն Սուրենը հրաժարվել է՝ վախենալով հետեւանքներից: Արդյունքում տղայի ինքնազգացողությունը գնալով վատացել է, ու նա բուժման նպատակով մի քանի անգամ փախել է բանակից:
Մինչդեռ, ըստ զինդատախազության փորձաքննության արդյունքների, Սուրենի խալերը բնածին են, իսկ սնկախտն ու մազային որքինը մինչեւ զորակոչվելն է ձեռք բերել: Նրա մոտ հայտնաբերվել են նաեւ ձախ ուսագոտու շրջանի, ձախ բազկի եւ կրծքավանդակի վրա պիգմենտային խալեր, ինչպես նաեւ զույգ երիկամներում քարեր` 0.2-0.3 սմ չափերով. միզաքարային դիաթեզն առաջացել է ծառայության ընթացքում: Համաձայն փաստաթղթի՝ սնկախտը բուժվել է հոսպիտալում, որտեղից զինվորը դուրս է գրվել առողջացումով: Փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ Սուրենը պիտանի է ոչ շարային ծառայության, իսկ խալերը աննշան խանգարում են ուսապարկ եւ զենք կրելուն:
Եւ այս իրավիճակում 2009-ի հոկտեմբերին՝ զորակոչվելուց մեկ ամիս անց, Սուրենը ծառայությունից փախել է. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որի համար սպասվում է պատիժ՝ 1-4 տարի ժամկետով): Կալանքը կրել է Գորիսի ՔԿՀ-ում: Իսկ 2011-ի փետրվարի 14-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել եւ ծառայությունը շարունակել ԼՂՀ զորամասերից մեկում: Այնուհետեւ՝ 2011-ի սեպտեմբերին, երբ արձակուրդ է գնացել, կրկին չի վերադարձել: Արդեն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ 2012-ի փետրվարին կալանավորվել է: Սուրենին կրկին մեղադրանք է առաջադրվել նույն 361 հոդվածի 4-րդ մասով: Այժմ նա գտնվում է Գորիսի ՔԿՀ-ի մեկուսարանում:
Այս զինվորի մասին մենք զրուցեցինք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, որը կարծիք հայտնեց, որ Սուրենին քրեակատարողական հիմնարկից պետք է անհապաղ տեղափոխեն բուժհաստատություն: «Նա չի հրաժարվում ծառայելուց, ուղղակի խնդրում է բուժել իրեն: Ամբողջ հացադուլի իմաստը դա է: Փոխանակ պատճառների մեջ խորանան, թե ինչն է այդ մարդուն դրդել փախչել զորամասից, հակառակն են անում` քրեական հետապնդում են իրականացնում»,-ասաց Սաքունցը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետի` Արթուր Մակունցի հետ. «Տղայի առողջական վիճակը կայուն է, ճնշումը՝ կարգավորված, ամեն ինչ նորմալ է: Երեկ թույլ եմ տվել, որ իր մայրը տեսնի»: Ըստ Մակունցի՝ հացադուլը բողոքի ձեւ չէ. «Մեղք է տղան, ջահել է»: Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում տղային այդ վիճակից հանելու համար, Մակունցը պատասխանեց. «Հացը տալիս ենք, չի վերցնում: Ամեն ինչ անում ենք, որ հաց ուտի, սնվի: Այն, ինչ մեր ներքին կանոնակարգը պահանջում է, անում ենք, փորձում ենք, որ հացադուլից դուրս գա: Ինքն ասում է՝ տարե՛ք, ինձ բուժե՛ք, որ ես գնամ իմ ծառայությունը կատարեմ: Հոսպիտալում պառկել է եւ երկու ամիս հետազոտվել: Իր մոտ լուրջ հիվանդություններ ես չեմ տեսնում, էպիկրիզի մեջ նման բաներ չկան: Իսկ բժիշկներն ամեն օր պարտադիր ստուգում են»:
Մենք զրուցեցինք նաեւ Սուրենի մոր` Զվարթ Կիրակոսյանի հետ, որը, հազիվ զսպելով լացը, պատմեց. «Հիմա գործը դատարանում է, իսկ դատը մեկ ամսով հետաձգվել է: Ես տեսել եմ տղայիս, շատ ահավոր վիճակի մեջ է: Ինձ հետ զրուցելու ժամանակ ասաց, որ իր մեղադրականը երբ կարդում է, ծիծաղն է գալիս: Պատմեց, որ հոսպիտալում երիկամի բուժման ժամանակ իրեն միայն տվել են սրտի հանգստացնող կոճակներ: Բայց գրել են, որ երիկամներն են բուժել: Նա էլ չի հավատում իրենց հետազոտությունների արդյունքներին: Ես մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչներից խնդրեցի, որ որդուս տեղափոխեն գոնե Գորիսի ՔԿՀ-ի կենտրոնական հիվանդանոց: Նրանք էլ խոստացան արագ արձագանքել»:
Մենք հետամուտ կլինենք այս պատմությանը՝ պարզելու, թե ինչու պատշաճ կերպով չեն բուժում զինվորին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս