Աղավնաձորում հայր ու որդու կացնով ծեծել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի անտառում երկու համագյուղացիներ՝ հայր ու որդի Գուգո եւ Կամո Մանուկյանները, փայտի հարցի շուրջ վիճաբանել են նույն գյուղի բնակիչներ հայր ու որդի Կարեն եւ Արմեն Սարիբեկյաների հետ: Բանը հասել է կացնով միմյանց հարվածելուն:

Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց կացնով ծեծի ենթարկված Արմեն Սարիբեկյանի կնոջ՝ Գայանե Սարիբեկյանի հետ: Նրա պատմելով գրեթե ամեն տարի իր ամուսինն ու որդին՝ Արմենն ու Կարենը, գնում են համայնքի անտառ ու ձմեռվա համար փայտ հավաքում. «Մենք անտառապահից օրենքով թույլտվություն ունենք եւ գրեթե ամեն տարի որեւէ խնդիր չենք ունեցել: Հավաքածն էլ չոր փայտ է: Երբ մերոնք հասնում են անտառ, նրանց ճանապարհը կտրում է մեր գյուղի Կամոն՝ իր երկու որդիների հետ, եւ ասում, թե՝ դու ստեղից փետ չես տանի, եւ սրանից էլ ամեն ինչ սկսվել է»:

Ըստ մեր զրուցակցի, Կամոն աչք է ունեցել այդ տարածքի չոր փայտի վրա եւ. «Սկսել են կռվել ու կացնի հակառակ՝ բութ մասով Կամոն ծեծել է ամուսնուս եւ որդուս: Անտառապահն այդ ժամանակ այդտեղ չի եղել: Ամուսինս ծեծի ժամանակ փորձել է զանգել ծանոթ մարդկանց, որ օգնության հասնեն, բայց բոլոր մեր ծանոթները շատ հեռու են եղել ու մինչեւ կհասնեին դեպքի վայր, ամուսինս փրկության համար շտապ զանգել է ՀՀ ոստիկանություն» :

Գայանեի խոսքով՝ ամուսինը՝ Արմենը, խուսափելով հնարավոր արյունահեղությունից, վերցրել է իր որդուն եւ փախել անտառ, թաքնվել: «Ամուսնուս ձեռքից ձին վերցրել են ու ձիերի վրա նստած՝ Կամոն ու իր որդին հսկել են ողջ անտառը, որ հանկարծ մերոնք չիջնեն գյուղ: Երբ ոստիկանությունը եկավ, նոր մերոնք կարողացան իջնել անտառից: Դա էլ դեռ քիչ է, մեր ձին էին տարել ու չէին տալիս: Անտառապահը գնացել, ասել է, թե վերադարձրեք այդ մարդու ձին: Նոր բերել, կապել են գյուղի մեջ, որից հետո կարողացել ենք գնալ վերցնել»:

Ըստ տիկնոջ, Կամոյի ընտանիքը ձիու հետ մի բան է արել, քանի որ դեպքից անցել է երկու օր, ձին չի կարողանում ոտքի կանգնել. «Ընկած թփրտում է, զոռբի դար է, բայց ինչ էլ լինի, ձին միլիոնանոց ապրանք է, մենք էլ գյուղի հացով ապրող մարդիկ ենք, իրավունք չունեին նման բան անելու, ինչ էլ լինի, ով էլ լինի Կամոյի եւ նրա ընտանիքի մեջքը, միեւնույն է՝ մինչեւ վերջ պայքարելու ենք: Աստված չանի ձին սատկի, ձիու համար էլ եմ բողոքելու»: Բայց այս պատմության մեջ թերեւս ամենահետաքրքիրն այն է, որ իրեն «անտառապետ» կարծող Կամոն, ըստ մեր զրուցակցի, սպառնացել է իր ամուսնուն՝ Արմենին, «եթե ոստիկանություն դիմես, տունդ պաժառ կտամ, կպայթեցնեմ»:

Պարզեցինք, որ ծեծի հետեւանքով Գայանեի որդու՝ Կարենի քիթն է կոտրվել, իսկ ամուսնու ողջ դեմքին ու մարմնին կացնի հարվածի հետեւանքով առաջացած կապտուկներն են:

Փորձեցինք զրուցել նաեւ Կամո Մանուկյանի ընտանիքի անդամների հետ, սակայն չհաջողվեց: Այսպիսով՝ ձմեռվա ապրուստը հոգալը դարձել է գյուղի երկու ընտանիքների թշնամանքի առարկա: Նրանք մի կտոր փայտի համար միմյանց սպառնում են տուն պայթացնել, գյուղամեջ իջնելու դեպքում՝ հաշվեհարդար տեսնել եւ այլն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արմեն եւ Կարեն Սարիբեկյաններին ուղարկել են դատաբժշկական փորձաքննության: Իսկ հայր ու որդի Կամո եւ Գուգո Մանուկյանները փախուստի մեջ են: Նրանց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի վարչությունը շարունակում է փնտրել:

Քնար Մանուկյան




Լրահոս