ՀՀ Կոտայքի մարզպետի և ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել է շուրջ 50 զինվորների ու նրանց ծնողների հանդիպումը մարզի և բանակային համապատասխան կորպուսի ղեկավարության հետ:
Ողջունելով և շնորհավորելով բոլոր ներկաներին` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ բանակի հետ կապն ու համագործակցությունը մարզպետարանի աշխատանքի հիմնական առանցքն է ու կարևորագույն գործառույթներից մեկը, իսկ նմանատիպ միջոցառումները գալիս են լրացնելու և ամբողջացնելու այդ նշանակալի համագործակցությունն ու հիմք հանդիսանում հետագա առավել սերտ շփումների համար:
Հանդիպումն ուղեկցվել է տոնական հանդիսավոր միջոցառումով: Մարզպետարանում կազմակերպված հանդիսությանը մասնակցել են նաև մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարզերի պատմա-մշակութային արժեքներն ու ավանդույթները ներկայացնող էլեկտրոնային-շնորհանդես և ցուցադրվել ՀՀ Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի մասին պատմող տեսանյութ:
Ելույթներով հանդես են եկել նաև մի շարք զինվորներ և ծնողներ, ովքեր իրենց խոսքում դրական են գնահատել զինվորական ծառայության կազմակերպման բոլոր դրսևորումներն ու փաստել նմանատիպ ձևաչափով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
Ամփոփիչ խոսքով ներկաներին է դիմել նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օ. Գասպարյանը` իրենց զավակների բարեխիղճ ծառայության համար շնորհակալական խոսք հղել նրանց ծնողներին ու անդրադրաձ կատարել մարզի ղեկավարության հետ հետագա համագործակցության ուղղություններին:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել զինվորների խարխուսման և նրանց ծնողներին շնորհակալական նամակների փոխանցման արարողություն: