ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԽՋՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոնյան համաձայնագրով պայմանավորված դրույթներն ու հայեցակարգերը արդեն իսկ հիմնավոր փոփոխություններ բերեցին ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ասպարեզներում, պարտադրեցին վերանայել նախկինում հաստատված մի շարք ավանդույթներ, հիմնովին հրաժարվել խորհրդային կրթության մոդելից` այստեղ դրականն ու բացասականը միախառնելով իրար: Տարին նշանավորվեց նրանով, որ ավելացավ ավագ դպրոցների թիվը, ձեւավորվեցին նոր քոլեջներ, առավել հստակեցվեցին մագիստրական կրթության հիմունքները: Տարին նաեւ անբարենպաստ էր բարձրագույն դպրոցի համար, որովհետեւ շատ ու շատ ուսանողական տեղեր թափուր մնացին շրջանավարտներ չլինելու պատճառով, իսկ հույսերը, թե սփյուռքից մեծ թվով դիմորդներ կգան Հայաստան, չարդարացան: Մինչդեռ կառավարությունը հատուկ անվճար տեղեր էր սահմանել, հոգ տարել այն մասին, որ սփյուռքահայ երիտասարդները կմղվեն դեպի հայագիտություն, կսովորեն այն ֆակուլտետներում, որոնք պատրաստում են մասնագետներ` հայագիտության ոլորտում աշխատելու, հայագիտական հետազոտություններով զբաղվելու համար…

Ուսանողական թափուր տեղերը մեծ վնաս հասցրին բուհերին` զրկելով ֆինանսական հոսքերից եւ մի շարք դասախոսների թողնելով առանց աշխատավարձի: Թեեւ կրթության եւ գիտության նախարարությունը հրահանգեց բուհերին` զերծ մնալ դասախոսներին կրճատելու որոշումներից, սակայն որոշ բուհեր ստիպված էին գնալու վճռական քայլերի` այսպես նաեւ ազատվելով «անցանկալի» մարդկանցից…
Նորից գլխավոր խնդիրներից մեկը դարձավ տեխնիկական-ճարտարագիտական կրթությունը: 1930-ական թվականներից ի վեր Հայաստանը հռչակվեց ճարտարագիտական եւ տեխնիկական կրթության կենտրոններից մեկը, որովհետեւ բուռն թափով առաջ էր գնում արդյունաբերությունը, ստեղծվում էին գործարաններ եւ կոմբինատներ, ճշգրիտ գիտության ոլորտում տեղի էին ունենում լուրջ ներդրումներ: ՀՊՃՀ-ն կամ նախկին Պոլիտեխնիկականը ողջ ԽՍՀՄ-ում ամենահայտնի բուհերից մեկը դարձավ, որը մասնագետների պահանջարկը բավարարելու համար ստեղծեց մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, հիմնեց երեկոյան եւ հեռակա ուսուցման բաժիններ: Սակայն 1991-ից այս բուհն աստիճանաբար կորցրեց իր նշանակությունը՝ չնայած այն բանին, որ շարունակվում են գոնե կիսով չափ համալրվել ուսանողական տեղերը: Այսօր պահանջարկ չեն վայելում 15-ից ավելի ճարտարագիտական մասնագիտություններ, որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում լեռնամետալուրգիական եւ երկրաբանական ճարտարագիտությունը: Նշանակում է` բուհի ու կրթության եւ գիտության նախարարության առջեւ խնդիր պիտի դրվի շուտափույթ լուծել մասնագիտական ընդգրկումների հարցերը, դրանց վերանայումը դարձնել հրամայական: Միաժամանակ կառավարությունն ինքն էլ պիտի շահագրգռված լինի, որ գործատուները կարեւորեն բարձրագույն մասնագիտական կրթությունը, աշխատանքի հրավիրեն ՀՊՃՀ-ի շրջանավարտներին: Այսինքն՝ բուհի, ԿԳՆ-ի եւ գործատուների միջեւ կնքվեն փոխադարձ պայմանագրեր՝ այսպես հիմք դնելով երաշխիքային բարձրագույն կրթությանը:
2011-ին մոտ 800 հարյուր ուսանողական թափուր տեղ ունեցավ Հայկական գյուղատնտեսական համալսարանը: Եթե 2010-ին ԿԳՆ-ն եւ բուհը ստիպված էին իջեցնել ընդունելության շեմը՝ պարզապես «դրական» միավորներ ստացած դիմորդներին ուսանող դառնալու հնարավորություն տալով, ապա 2011-ին իջեցված շեմն անգամ բուհին չփրկեց. մոտ 10 մասնագիտությունների գծով դիմորդներ չեղան… Գյուղատնտեսական կրթության խնդիրը եւս դառնում է առաջնային, անհրաժեշտություն է առաջանում համակողմանիորեն քննարկել այս կարեւորագույն հարցը, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների հետ որոշակիացնել մասնագետների պահանջարկի խնդիրները, գյուղ բերել գիտատեխնիկական առաջընթացի դրսեւորումները, հրաժարվել ոչ արհեստավարժ մոտեցումներից: Մեր գյուղատնտեսությունն այսօր գտնվում է ողբալի վիճակում, բազմաթիվ գյուղեր չունեն գյուղատնտեսներ, անասնաբույծներ եւ անասնաբույժներ, կաթի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններում բացակայում են ճարտարագետներն ու տեխնոլոգները: Չենք խոսում այն մասին, որ հատկապես սուպերմարկետներին անհրաժեշտ են կաթի ու մսի մասնագետներ, քանի որ վերջին շրջանում մսի եւ կաթի շուկայում գրանցված ապօրինությունները, տարբեր խառնուրդների կիրառումը պայմանավորված են մասնագիտական վերահսկողության բացակայությամբ:  
Երբ 2004-2005թթ. լայնորեն քննարկվում էր Բոլոնյան համաձայնագրին Հայաստանի միանալու հարցը, մեր բազմավաստակ գիտնական-մանկավարժներից մեկը մամուլում այն միտքը հայտնեց, թե` ցանկացած համաձայնագիր կարող է ձեւական լինել, եթե մենք չմշակենք համապատասխան մեխանիզմներ, եթե չփորձենք ձեւավորել գիտության, կրթության եւ իրականության կապը: Այսօր կարծես թե այդ մտահոգությունը դառնում է հրամայական, խնդիր է առաջանում հրաժարվել ավանդական մասնագիտություններից եւ հոգ տանել մասնագիտությունների արդիականացման մասին: Նաեւ այն մասին, որ կրթությունը դառնա մրցունակ, հանրահռչակվեն մեթոդական այն սկզբունքները, որոնք կարող են հատուկ լինել միայն մեր երկրի կրթությանը: Կրթության արդիականացման խնդիրներ ունեն նաեւ հումանիտար մասնագիտություններ ունեցող բուհերը, որոնց մի մասն իրապես «ծերացել» է:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս