ՎՊ-ն Խոսրովի արգելոցում խնդիրներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը 2013 թվականին համապատասխան ստուգումներ եւ ուսումնասիրություններ է իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում: Ստուգումները տեւել են գրեթե մեկ տարի: Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:

ՎՊ-ի կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում մասնավորապես արձանագրվել են ապօրինի հողօգտագործման դեպքեր. պետական արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող տնտեսություն:

Բացի այս, արգելոցի տարածքում գտնվող Գյոլայսոր եւ Գիլանլար կոչվող նախկին գյուղատեղերում ապրող բնակիչներն իրենց գյուղատնտեսական գործունեությամբ, տրանսպորտային միջոցների մուտք ու ելքով խախտում են արգելոցի պահպանության ռեժիմը: Գիլանլարի տարածքում գոյություն ունեն շուրջ 40 տնտեսություններ, իսկ Գյոլայսորի տարածքում առկա է 10 տնտեսություն: Այս տարածքներում անվերահսկելի է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի պաշտպանությունը, իսկ պահպանության ռեժիմի հիմնական խախտումներից են անասունների ապօրինի արածեցումն ու խոտհունձը: Այս պայմաններում արդյունավետ չի կարող լինել նաեւ պայքարը որսագողության եւ ձկնորսության դեմ:

Ավելին՝ ըստ ՎՊ-ի՝ նախորդ տարվա ապրիլին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրային տարածքներում կենդանական եւ բուսական աշխարհին հասցվել է էական վնաս, տեղի է ունեցել ձկնային պաշարների զանգվածային ոչնչացում: Փաստի առթիվ նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Արարատի բաժին, սակայն քննության արդյունքում չի հիմնավորվել մարդկային գործոնի ազդեցությունը, որի հետեւանքով մերժվել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
ՎՊ-ի կողմից հայտնաբերված խնդիրներից է նաեւ Վեդի քաղաքի տարածքում` Վեդի գետի վրա, դեռեւս 2000թ-ից. շահագործվող ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրբաժան պատնեշի շինությունը, որը կառուցվել է բնապահպանական նորմերի խախտմամբ: Արդյունքում՝ կառույցում չի գործում ձկնուղի, փակվել է ձկների սեզոնային միգրացիան Արաքս գետից դեպի Վեդի գետի՝ Խոսրովի պետական արգելոցի տարածքում գտնվող բնական ձվադրավայրեր: Հետեւաբար խոչընդոտվել է ձկների ձվադրությունն ու բազմացումը, որի հետեւանքով վնաս է հասցվել կենդանական ու բուսական աշխարհի բնականոն զարգացմանը:

Ի դեպ, արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում, ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը, եւ էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Ավելին՝ արգելոցի գործող սահմանները չեն համապատասխանում էկոհամակարգերի զարգացման եւ պահպանման պայմաններին:

ՎՊ-ի ստուգումների արդյունքում բացահայտվել է նաեւ, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կողմից համակողմանի գիտական հետազոտություններ գրեթե չեն իրականացվել: Կատարված գիտական ուսումնասիրությունների վերաբերյալ 2012թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված բուկլետի տպագրությունը չի իրականացվել: Իսկ ահա տպագրության համար նախատեսված 400 հազար դրամը պետք է վերադարձվի պետբյուջե: Ըստ ՎՊ-ի՝ արգելոցի ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին եւ մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ եւ հսկողության տեխնիկական միջոցներ:

Արգելոցում յուրաքանչյուր տեսուչի բաժին է ընկում 700 հա տարածք, եւ հասկանալի է, որ այդ դեպքում հնարավոր չէ արդյունավետ վերահսկողություն իրականացնել: Ավելին՝ տեսուչները լիարժեք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկական եւ տրանսպորտային միջոցներով:

Բացահայտված խնդիրների կարգավորման վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ, ով մասնավորապես ասաց. «ՎՊ-ն մեզ հետ միասին է այդ խախտումները հայտնաբերել: Մենք իրենց ներկայացրել ենք, որ նման խնդիրներ ունենք` դեռ նախկինից եկած: Դրանք վաղուց է, ինչ կան: Եւ հայտնաբերված խնդիրների մեծ մասը մենք արդեն այս տարի կարգավորել ենք»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե այս խնդիրների առկայության համար իրականում ով է մեղավոր՝ նախկին տնօրեննե՞րը, Հովակիմյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նախկին տնօրենների մասին որեւէ բան ասել, բայց խնդիրներ եղել են եւ այսօր էլ կան: Մենք աշխատում ենք դրանց կարգավորման ուղղությամբ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս