ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչը` Հեռարձակողների եվրոպական միությունը, տուգանել է Հայաստանին` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելուց հրաժարվելու համար: Եվրոպական հեռարձակողների միության որոշմամբ՝ Հայաստանը պարտավոր է վճարել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ի մասնակցության արժեքն ու դրա կեսի չափով տուգանքը: Բացի այդ՝ մեր երկիրը պարտավոր է ամբողջությամբ եւ առանց ընդհատման հեռարձակել մրցույթը: Այս որոշումը կարող էր աննախընթաց համարվել, կարող էր մեզ առիթ տալ բողոքելու եւ բարձրաձայնելու անարդարության մասին, այն մասին, որ հերթական անգամ մեզ ճնշում են, որ «զոհի կարգավիճակը» չի ուզում պոկ գալ մեր ազգային մենթալիտետից… Սակայն այս դեպքում դա հնարավոր չէ, քանի որ մենք ինքներս ենք նման վերաբերմունքի առիթը տվել:
Գուցե տարօրինակ թվա, որ մենք պատրաստվում ենք մեզ մեղադրել, սակայն այո՛, հենց մենք ենք մեղավոր` մեղավոր է Հանրային հեռուստաընկերությունը, որը տեւական ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել ու վերջնական վճիռ կայացնել: Իսկ Հեռարձակողների եվրոպական միությունը Հայաստանին պատժել է, որովհետեւ մրցույթից հրաժարվելու մասին հայտարարությունը մենք արել ենք այն ժամանակ, երբ վաղուց արդեն սպառվել էր ժամկետը: Հանրայինի տնօրինությունը երկար ժամանակ «խաղեր» էր տալիս, անորոշ հայտարարություններ անում, խուսափում վերջնական որոշումներից, քանի որ, ինչպես տեղեկացված էինք, Հանրայինն անպայման ցանկանում էր մասնակցել Բաքվում կազմակերպվող «Եվրատեսիլ»-ին:
Եւ միայն հանրային կարծիքի ճնշումը ստիպեց հեռու մնալ նման քայլից, որը կարող էր ապտակ հասցնել մեր ազգային արժանապատվությանը: Արդյոք Հանրայինում չէին մտածում հակազդեցության մասին, արդյոք հաշվի չէին առել այն հանգամանքը, որ մասնակցության վճիռ կայացնելու դեպքում հասարակության մեջ կարող էին լուրջ խմորումներ սկսել եւ դիմակայության օջախներ ձեւավորվել… Հրաժարման մասին վճիռ կայացնելու ժամանակ էլ արդյոք Հանրայինի ղեկավարները չգիտեին, որ հետեւելու են նման պատժամիջոցները: Եվրոպական հեռարձակողների միության կանոնադրության մեջ հստակ նշված է, որ մրցույթից հրաժարվող երկիրը պարտավոր է ոչ ուշ, քան մրցույթի հայտերի ամփոփումից երեք ամիս առաջ ներկայացնել սեփական դիրքորոշումը, հայտավորման կամ դրանից հրաժարվելու մասին հիմնավոր պատճառաբանությունը: Ստացվում է, որ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը, որն իրեն մշտապես արհեստավարժ է ներկայացնում որոշումներ կայացնելիս, տեղյակ չէ այդ կազմակերպության կանոնադրական դրույթներից եւ հիմնարար սկզբունքներից:
Սակայն, թերեւս, պետք չէ շատ զարմանալ. խնդիրն այն է, որ Հանրայինը շատ վաղուց դարձել է մի խումբ մարդկանց յուրատեսակ սեփականությունը: Այն աստիճան, որ ոմանք, անգամ ակնհայտ դիլետանտներ, իրենք են որոշում ամեն ինչ, հաշվի չեն նստում այն բանի հետ, որ այս հեռուստաընկերությունը, այնուհանդերձ, պետական բյուջեից սնվող լրատվամիջոց է, ապրում է հարկատուների հաշվին, ներկայացնում է պետություն եւ արտահայտում պետական դիրքորոշում: Ու հենց պետության փողերն էլ այսօր շատ հանգիստ կվճարի որպես տուգանք` մազաչափ անգամ չմտածելով այն մասին, որ այդ գումարները ձեւավորվում են հազարավորների աշխատավարձերից, որ տուգանք տրվող գումարով կարելի էր մի քանի ամիս ապահովել բազմաթիվ կարիքավորների պահանջները:
Իհարկե, Հանրայինում այս մասին չեն էլ մտածում, որովհետեւ գիտեն, որ ձեւական կամ էլ մեռելածին որեւէ նախագծի «փաթեթով» կլուծեն այս գումարների հարցը, ծայրահեղ դեպքում կբարձրացնեն գովազդի գինը: Իսկ Հանրայինի գովազդն առանց այդ էլ ամենաթանկերից է ողջ տարածաշրջանում: Եւ հենց այդ գովազդերից հոսող անսպառ գումարներն էլ նպաստում են այն բանին, որ Ալեքսան Հարությունյանի թիմն ապրի ուրախ ու երջանիկ` ժամանակ առ ժամանակ փոխելով թանկարժեք մեքենաներն ու էլիտար բնակարանները:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս