ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Հայաստանում այսօր կան քաղաքներ, որոնց ճանապարհներն անմխիթար վիճակում են: Բնակիչները դժվարությամբ են հիշում, թե քաղաքային իշխանությունները վերջին անգամ երբ են ասֆալտապատել ճանապարհները: Այդ քաղաքների շարքում առանձնանում է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքը, որի միջքաղաքային եւ ներքին ճանապարհներն արդեն տասնյակ տարիներ գտնվում են անտանելի վիճակում: Սա մշտապես առաջացնում է իրենց մեքենաները շարքից հանող վարորդների զայրույթը, որոնք յուրաքանչյուր փոսից հետո բարձրաձայն «օրհնում են» քաղաքային իշխանություններին:

Սեւանի՝ խայտառակ վիճակում գտնվող ճանապարհների մասին վաղուց է բարձրաձայնվում, սակայն դա կարծես թե ամենեւին չի մտահոգում ո՛չ տեղական, ո՛չ էլ համապետական իշխանություններին: Համենայն դեպս` տարիներ շարունակ զբոսաշրջային նշանակություն ունեցող քաղաքի ճանապարհները քիչ թե շատ երթեւեկելի տեսքի բերելու համար ո՛չ համայնքային, ո՛չ էլ պետական բյուջեում միջոցներ չեն գտնվել: Արդյունքում, հատկապես սեւանցի վարորդները, հայտնվել են անելանելի դրության մեջ` յուրաքանչյուր ամիս ստիպված լինելով մի կլորիկ գումար վճարել ավտոմեխանիկներին` իրենց ջարդված մեքենաները նորոգելու համար:
Իրավիճակն առանձնապես չփոխվեց նաեւ այն բանից հետո, երբ այս գարնանը ՀՀ կառավարությունը Սեւանի ճանապարհների վերանորոգման համար հատկացրեց 50 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ի այցելության ժամանակ քաղաքի ճանապարհներից մեկում ասֆալտապատման աշխատանքներ էին իրականացվում, սակայն դրանից վարորդներն ամենեւին չէին ոգեւորվում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց մի քանի վարորդների հետ, ովքեր զայրացած նշեցին, որ քաղաքային իշխանությունները ողջ ամառ ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացրել: «Հիմա, որ արդեն ցրտերն ընկել են, անձրեւային եղանակները սկսվել են, բերել են ու ինչ-որ գործ են անում: Ձյունն էլ կգա ու կփչացնի իրենց արածը»,- վրդովված նկատեցին վարորդները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սեւանցի վարորդները նույնիսկ կատակեցին՝ նշելով, թե ճանապարհների փոսերն այնքան խորն են, որ հերթական անգամ դրանց հանդիպելիս՝ նույնիսկ հեռախոսն է անհասանելի դառնում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ, ով միանգամից սկսեց արդարանալ. «Բնականաբար մեկ տարվա ընթացքում քսան տարվա բաց թողածը չես կարող լրացնել: Մենք ունենք 780 հազար քմ ասֆալտապատ ծածկույթ, որից այսօր շահագործման ենթակա է 50-60 հազարը: Դա կազմում է մոտավորապես 8 մլրդ դրամ: Իսկ տեղական բյուջեով դա իրագործելն անհնարին բան է: Տեղական բյուջեն կազմում է 430 մլն դրամ, որից 300-ն ուղղակի աշխատավարձեր են, 86 մլն դրամը՝ կոմունալ ծախսերը: Մենք լավագույն դեպքում կարող ենք տարեկան 25-30 մլն դրամի սահմաններում փոսային նորոգում անել: Սա ծրագրավորված աշխատանք պետք է լինի, որի համար մենք կառավարությունում եւ հանրապետության նախագահի առջեւ հարց ենք բարձրացրել: Ձեզ տեսանելի են միայն ասֆալտապատման խնդիրները, բայց մենք ունենք նաեւ այլ խնդիրներ: Ինձ՝ որպես քաղաքապետ, տեսանելի են ներքին կոմունիկացիաները, տանիքները, շենքերի մուտքերը եւ բազմաթիվ այլ հարցեր»:
Զրույցի ավարտին Սեւանի քաղաքապետը նշեց, որ չի մեղադրում վարորդներին, սակայն խնդիրը լուծելու համար նախ ժամանակ է պետք, հետո՝ գումար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ՝ ՄԱՅՐԻԿԻՍ ԱՉՔԵՐԸ ՏԵՍՆԵՆ»

«Ամուսինս մի քանի տարի առաջ խփեց աչքիս, չհետեւեցի, աստիճանաբար կուրացա»,-չհաջողված երկու ամուսնությունների մասին խոսելիս պատմում է արմատներով գորիսեցի Լուսինե Առուստամյանը: 2008-ից 3-րդ կարգի հաշմանդամ է, իսկ մոտ մեկ տարի առաջ գրեթե կուրացել է:
Լուսինեն մի քանի անգամ տարբեր բժիշկների է դիմել, սակայն նրանք չեն երաշխավորել, որ վիրահատությունից հետո քառասունամյա կնոջ տեսողությունը կվերականգնվի:

Կապանի Հունան Ավետիսյան փողոցում հազիվ գոյատեւող միայնակ մոր ու նրա երեք որդիների մասին տեղեկացանք քաղաքապետարանից: Աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նելլի Շահնազարյանի խոսքով փոքրիկ օգնության հնարավորության դեպքում անգամ առաջինը տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող կնոջն են զանգահարում եւ օգնում, ինչով կարողանում են:
11-ամյա որդու՝ Կարենի ձեռքից բռնած տեղաշարժվող կինը, մինչ իր ձախողված անձնական պատմությանն անցնելը, շնորհակալություն հայտնեց մարզպետարանից եւ քաղաքապետարանից՝ աջակցելու համար: Տան ամենափոքն է Կարենը: Սովորում է Կապանի՝ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, միայն շաբաթ եւ կիրակի օրերին է տուն գալիս:
Լուսինեի նախկին երկու ամուսինները Հայաստանում չեն, 18 տարուց ավել է` միայնակ մոր կարգավիճակում իր վրա է վերցրել որդիներին մեծացնելու հոգսը: Ասում է՝ խնդիրներս քիչ էին, ավագ որդիս՝ Հարությունը, գողության համար դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
«Պարզվումա, սիրահարվածա, սաղ էդ ընկերուհինա մեղավոր: Մի օր էլ ՎՏԲ-ից ծանուցագիր եկավ, որ ձեր անունով ձեր տղան ոսկիները գրավա դրել, հիմա էլ տոկսոներա գալիս: Ասում եմ՝ դուք ինձ տեսել եք, որ վարկ եք տալիս»,-բորբոքված պատմեց Լուսինեն: Կալանավորված որդու պարտքերը ստիպված մայրն է մարում ապրուստի միակ միջոցով՝ հաշմանդամության թոշակով ու նպաստով: Ասում է՝ ԴԱՀԿ-ից հայտնել են, որ մորից ժառանգություն ստացած բնակարանի մեկ հինգերորդ մասը պետք է բռնագանձեն:
Լուսինեի միջնեկ որդին, որն այդ պահին տանը չէր, ստիպված տնից մի ամբողջ օր դուրս է գալիս, շինարարությունում աշխատում, որ օրվա հացի փող վաստակի:
11-ամյա Կարենը, ով տանն անգամ հեռուստացույց դիտելու հնարավորություն չունի, խնամքի կենտրոնում իրեն լավ է զգում, ընկերներով շրջապատված է, բայց միեւնույն ժամանակ օրվա ընթացքում րոպե անգամ գլխից չի հանում տանը միայնակ մնացած անպաշտպան մորը, ով ամեն պահի կարող է իրեն վնասել:
Լուսինեի խոսքով՝ բնակարանում մշտապես ցուրտ է, իսկ ձմռանը տաքացնում են, ինչով կարողանում են: Այս պահին տղան հագնելու, հեռուստացույց ու նոր հեծանիվ ունենալու մասին չի երազում, այլ ընդամենը մեկ բան է ուզում. «Մայրիկիս աչքերը տեսնեն, մնացածը կանենք: Մեկ էլ օրվա հացը լինի»:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան

 




Լրահոս