ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԽՈՒԶԻ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՄԲՈՂՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ»

ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե պետք չէ ակնկալիքներ ունենալ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքից: Պատգամավորը եռյակին խորհուրդ տվեց տուն գնալ ու որեւէ հանրահավաք չանել` այդպիսով խուսափելով ժողովրդին եւս մեկ անգամ հիասթափեցնելուց:

-Պարո՛ն Բադասյան, օրերս ԼՂՀ-ում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դրանից մի քանի օր հետո էլ Արցախ այցելեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Տեղյակ ե՞ք, թե որն էր ոչ իշխանական այս ուժերի առաջնորդների` միմյանց հաջորդած այցելությունների հիմնական պատճառը:
-ՀՅԴ-ի այցելությունը չի կարելի համեմատել Գագիկ Ծառուկյանի այցելության հետ, որովհետեւ ՀՅԴ-ն Արցախում գործում է 1989 թվականից: Իսկ Գագիկ Ծառուկյանի այցելությունն ինձ համար եւս շատ զարմանալի էր, բայց միեւնույն ժամանակ՝ ողջունելի, որ եկավ ու ինչ-որ բաներ խոստացավ անել այստեղ: Բայց եթե ինքն այդ այցելությամբ ուզում է հայտ ներկայացնել քաղաքականության մեջ, կարծում եմ, որ տեղին չէ: Ես կարծում եմ, որ մեկը եկել է, իսկ մյուսն էլ խանդել է ու ինքն էլ է եկել: Բոլոր ուժերը մի բան գիտեն. նրանք, ովքեր ցանկանում են ՀՀ-ում իշխանության գալու հայտ ներկայացնել, պետք է իրենց ձեռքում ունենան ԼՂՀ-ի խաղաքարտը, իրենք Արցախը խաղաքարտ են դարձնում, ու դա է ցավը: Բայց նախ եւ առաջ պետք է ԼՂՀ-ի հարցը ճանաչեն էությամբ:
-Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կարծես թե երբեւէ Արցախ չէր այցելել…
-Ես հենց դա եմ ասում ու կարծում եմ, որ դա եռյակի հետ է կապված: Գիտեք ինչ, այսօր մեր ժողովրդի վիճակն ամենավատն է, որովհետեւ եթե իշխանությունները վատն են, ապա ընդդիմությունն ավելի վատն է, մեկը մյուսից վատն է:
-Ինչո՞ւ է այսօրվա ընդդիմությունը վատը:
-Որովհետեւ այսօրվա ընդդիմությունը չի ասում, թե ներկայիս իշխանությունների ինչն է վատը, իսկ ինչու չեն ասում, որովհետեւ ցանկանում են տապալել այս իշխանությանը, որպեսզի իրենք նստեն ու նույնն էլ իրենք անեն: Նախանձում են, որ Սաշիկն է գողություն անում, կամ Լիսկան է նշանակվում, ուզում են իրենք գան ու իրենք թալանեն: Մոռացե՞լ եք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ ովքեր էին թալանչիները: Սա է պատճառը, որ մեր ժողովրդի վիճակը շատ վատ է: Հիմա, խնդրում եմ, եռյակի անդամներից որեւէ մեկին հարց տվեք՝ ինչո՞ւ Մաքսային միության մասին որեւէ բան չեն ասում, նույն Գագիկ Ծառուկյանն ասե՞լ է ՄՄ-ի լավ ու վատ կողմերի մասին: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կարողանում է ասել նախագահի կատարած վատ քայլերը: Օրինակ ես, որպես քաղաքական գործիչ, հրապարակայնորեն Սերժ Սարգսյանի հրաժարականն եմ պահանջել ու նաեւ նշել եմ, թե ինչո՞ւ: Նշել եմ թե՛ արտաքին ու թե՛ ներքին քաղաքականության ձախողումների մասին՝ Արցախի հարցում, Ցեղասպանության ճանաչման հարցում եւ այլն: Իսկ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները պատկերացում ունե՞ն այդ գաղափարների մասին: Եթե ունեն պատկերացումներ, ապա կարո՞ղ են հրապարակավ ասել, իհարկե` ոչ: Պարզապես Սերժ Սարգսյանը կխուզի Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը: Ու ինքը պետք է վախենա դրանից, եւ ուրեմն Գագիկ Ծառուկյանն ու ընդհանրապես եռյակը, այսօրվա խորհրդարանական բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի դաշնակիցներն են, որովհետեւ իրենք տեղ են զբաղեցնում ընդդիմության դաշտում… գրավում են ընդդիմության դաշտը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարի: Ես կարծում եմ, որ իրենք մի կաթսայի մեջ են՝ երեք նախագահները` իրենց շայկայով:
-Բայց այս անգամ կարծես թե եռյակը վճռական է, եւ նույն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` եւս, արդեն իսկ նախօրեին ԲՀԿ-ից հայտարարեցին իշխանափոխության պահանջի մասին: Ձեզ համար այդ ամենը համոզիչ չի թվո՞ւմ:
-Ո՛չ, քանի որ ինքը լուրջ տրամադրված չի կարող լինել, որովհետեւ ինչպե՞ս կարող է մարդ մեկ անգամ սայթաքել ու հաջորդ անգամ լուրջ տրամադրվել: Եթե այդպես է, ուրմեն կարող ենք հավատալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն ասում էր, թե առաջին անգամ վատ ղեկավարեցի, հիմա լավ կղեկավարեմ: Ո՛չ, դա պետք չէ: Հայաստանին հարկավոր են երիտասարդ ու նորմալ ուժեր: Ես եռյակին կոչ եմ անում գնալ իրենց տները, որովհետեւ այն կետերը, որոնք իրենք դրել են կառավարության առջեւ, ուղղակի ծիծաղելի են, դրանք կառավարությունը կարող է շատ հանգիստ կատարել ու իր գործունեությամբ մնալ էլի վատը: Ուղղակի այստեղ մի բան կա ինձ ուրախացնող. եթե ժողովուրդը ներկայանում է հավաքների, ուրեմն ըմբոստություն կա ժողովրդի մեջ:
-Ժողովուրդը հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքից լուրջ ակնկալիքներ ունի, Դուք բացառո՞ւմ եք, որ այդ օրն իրապես լուրջ փոփոխությունների մեկնարկի օր դառնա:
-Ոչ մի փոփոխություն էլ չի լինելու, ես խորհուրդ կտայի եռյակին ոչ մի հանրահավաք չանել: Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին հուսախաբ է արել ժողովրդին, այս անգամ եւս նման բան է լինելու: Ու այս անգամ եւս ժողովուրդը պետք է գնա, լռի, կամ արտագաղթի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ԻՐԱՆՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱ՞ՐՀՆ Է

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 1-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Վերին Լարսի ավտոճանապարհին: Պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանի հարցին` Բեգլարյանն ասաց. «Ինչ կատարավում է այսօր Լարսում, ՀՀ-ի եւ Վրաստանի համար մեծ խնդիրներ է առաջացնում: Բայց մենք հանձնաժողով չենք կազմելու, քանի որ իրենց հետ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Այս պահին մեքենաներն անցնում են սահմանը, հերթագրվում են, քանի որ անձրեւային եղանակ է. ամեն հորդառատ անձրեւից հետո անհարմարություններ են ստեղծվում»: Նախարարի որակմամբ. «Վերին Լարսի վիճակը բարդ է եւ բարդ լուծելի: Վրաստանի մեր գործընկերներն ամեն ինչ անում են՝ այդ խնդիրները լուծելու համար»,-ընդգծեց նա:

Վերին Լարսում առկա իրավիճակն ուղղակիորեն անդրադառնում է կիսով չափ շրջափակված Հայաստանի տնտեսության վրա` արտահանման հետ կապված լրջագույն խոչընդոտներ առաջ բերելով:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ Վերին Լարսի անկայուն վիճակի պատճառով ՀՀ տնտեսությունում առաջ եկող խնդիրների մասին:
-Պարո՛ն Մանասերյան, որպես մասնագետ՝ խնդրում եմ ներկայացրեք, թե ՀՀ տնտեսությունում ինչպիսի՞ խնդիրներ են առաջ գալիս Վերին Լարսում առկա անկայուն վիճակի պատճառով:
-Բնականաբար մեծ կախվածություն կա Վերին Լարսից: Տրանսպորտային ծախսերի առումով ավելի նպատակահարմար է այս ճանապարհով արտահանումներ իրականացնելը: Համեմատած ավիափոխադրումների եւ գոյություն չունեցող երկաթուղու հետ` Վերին Լարսը արտահանման լավագույն ճանապարհն է: Անշուշտ, ցանկալի է, որ ավելի կայուն գործի այս ճանապարհահատվածը: Բացի տնտեսական նշանակությունից, Վերին Լարսն ունի նաեւ քաղաքական նշանակություն: Ռուսաստան-Վրաստան քաղաքական հարաբերություններից է կախված Վերին Լարսի հարցը:
-Իրանը կարո՞ղ է այլընտրանքային ճանապարհ համարվել Հայաստանից այլ երկրներ արտահանում իրականացնելու համար:
-Հյուսիս-հարավ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի գործարկումն իրականում կարող է այլընտրանք համարվել: Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում հնարավոր զարգացումներն էլ հաշվի առնելով` կարող ենք այս ճանապարհն այլընտրանքային համարել: Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող այլընտրանք է նաեւ Իրանը, սակայն, այդ ճանապարհը գրեթե չի օգտագործվում:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՋԵՐՄ ԿԱՊԵՐ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: Ի՞նչ է տվել այդ այցը ջավախքահայությանը, եւ, առհասարակ, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա փոխհարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կունենա: «Ժողովուրդ»-ի այս հարցերին Ախալքալաքի շրջանից ընտրված, Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը պատասխանեց. «Այս այցն առավել ամրացրեց Վրաստանի եւ Հայաստանի մշակութային, տնտեսական կապը: Վստահ եմ՝ շատ բան տվեց այս այցը, առավել ջերմ կապ ստեղծեց»:

 

ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՈՎ
Երեկ խորհրդարանական ոչ իշխանական 3 ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ եռյակը ցանկանում է հոկտեմբերի 10-ին կայանալիք համապետական հանրահավաքի ժամանակ միասնական հայտարարությամբ հանդես գալ՝ ՀՀ կառավարությանը ներկայացրած 12 պահանջների հետ կապված: Եռյակի անդամներն այդ կետերի հետ կապված առանձին-առանձին հայտարարություն են կազմել, իսկ երեկ կայացած հանդիպման ժամանակ դրանք «միացրել» են իրար, որպեսզի համատեղ հայտարարություն ստացվի: Նախատեսվում է, որ ոչ իշխանական 3 ուժերը հանրահավաքից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին եւս հանդիպում կունենան՝ հստակեցնելու իրենց ասելիքը հանրահավաքի ժամանակ: Երեկ եռյակը քննարկել է նաեւ Գյումրիում այսօր կայանալիք հանրահավաքի մանրամասները:

 

ՔԿՀ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԷՊՈՍԱԳԵՏԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանն օրեր առաջ այցելել է բանտախցում գտնվող Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին եւ փորձել հետաքրքրվել, թե նա ինչ խնդիրներ ունի: Մեզ հասած տեղեկություններով՝ էպոսագետն ասել է, թե բանտում ամեն ինչ կարգին է, եւ ինքը որեւէ խնդիր չունի: Զրույցի ընթացքում Վարդան Սեդրակյանը ՔԿՀ պետ Մկրտչյանին սկսել է պատմել իր անցյալի եւ երկրում տիրող իրավիճակի մասին հետաքրքիր տեղեկություններ ու վերլուծություններ: Թե կոնկրետ ի՞նչ է էպոսագետը պատմել ՔԿՀ պետին, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել:
Տեղեկացնենք, որ ՔԿՀ-ի գրադարանից առավել ակտիվ օգտվողը հենց էպոսագետն է, որը բանտային փակ խցում հիմնականում զբաղվում է ընթերցանությամբ եւ ծաղիկներ աճեցնելով:

 

 




Լրահոս