ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆԵԼ Է ՆՐԱՆՑ ՄՈՐԸ

37-ամյա Դիանա Նահապետյանի մահից անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն նրա դուստրերը` 15-ամյա Արփինեն ու 18-ամյա Անահիտը, շարունակ մղձավանջներ են ունենում եւ լցված են իրենց մորը դաժանաբար սպանողին կյանքից զրկելու անհագ ցանկությամբ: Armlur.am-ի հետ զրույցում Դիանայի մայրը` Վալյա Նահապետյանը, նշեց, որ վերջին դատական նիստին խնդրել է մեղադրողին եւ պաշտպանին, որպեսզի երեխաներին դատակոչելու միջնորդությամբ հանդես չգան: Նրա խոսքերով` ամեն անգամ, իրենց կյանքի ամենադաժան դրվագը վերհիշելով, երեխաներն ավելի մեծ սթրես են ապրում:

«Դեպքից հետո երեխաների հետ հոգեբաններ աշխատեցին, ու, անկեղծ ասած, արդյունքը բավականին գոհացնող էր: Սակայն ավելի ուշ նրանց մոտ կրկին սկսվեցին սթրեսային վիճակները: Մանավանդ սկզբի շրջանում թոռներս ագրեսիվ էին դարձել: Մեծս ասում էր՝ տատի՛, եթե դրան բան չլինի, ես իմ ձեռքերով եմ դրա վերջը տալու: Իսկ փոքր թոռս էլ մեկ-մեկ ասում է` տատի՛, որ բալկոնից ինձ քցեմ, ի՞նչ կլինի: Խեղճ էրեխեքս փոքր-փոքր էդ անասունի պատճառով հիստերիկ են դառել»,- հուսահատ ասաց սպանված կնոջ մայրը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը իր կնոջ` Դիանա Նահապետյանի բնակարանում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանություն էր սկսել նրա հետ: Այդ ընթացքում ձեռքերով, ապակյա վազով հարվածներ էր հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ մազերից քաշելով՝ տարել էր խոհանոցի մուտքի մոտ եւ խոհանոցային դանակներով հարվածել էր Դիանային, ինչի հետեւանքով կինը տեղում մահացել էր:
Ամուսնու նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1 մասի հատկանիշներով (սպանություն), սակայն տուժողի իրավապաշտպանը միջնորդություն պետք է ներկայացնի 104 հոդվածի 5 մասի հատկանիշների առաջադրման մասին, այն է` սպանություն՝ առանձնակի դաժանությամբ, ինչը նախատեսում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Տեղեկացնենք, որ նշանակված դատահոգեբանական փորձաքննությամբ պարզ է դարձել, որ Վոլոդյա Մուրադյանը սպանությունը կատարելիս եղել է հոգեկան բարձր հուզական վիճակում, սակայն ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել: Այսինքն՝ մեղսունակ է: Իսկ դատական նիստերից մեկի ժամանակ, ինչպես մեզ հայտնեց Վալյա Նահապետյանը, Վոլոդյան ասել է. «Ո՞ւր ա Հայաստանում տղամարդ: Դրանց շալվարները պետք ա հանել, յուբկա հագցնել: Հավաքվել են՝ կնկա իրավունքները պաշտպանե՞ն»:
Սպանվածի մայրն Armlur.am-ին հայտնեց նաեւ. «Փոքր թոռս` Արփինեն, պատմել է, որ երբ տեսել էր մորը սպանելիս, էդ սվոլոչին հարցրել է` ինձ է՞լ եք ուզում սպանել, դա ասել է` չէ, Ափո՛ ջան, դու կարաս գնաս, քո սենյակում քնես: Բա աֆեկտի տակ եղած մարդը տենց բան կասե՞ր»:
Նշենք, որ Վոլոդյան ու Դիանան օրինական ամուսիններ չեն եղել, մոտ 8 տարի միասին են ապրել, եւ ինչպես պատմեց մեր զրուցակիցը, վեճերը նրանց միջեւ անպակաս են եղել: «Էդ ամեն ինչը խանդի հետեւանք էր, ոչ մի դավաճանություն էլ աղջկաս կողմից չի եղել: Եթե եղած լիներ, ինչո՞ւ դրան չեն մորթել, ինչո՞ւ դրա կոկորդը չեն կտրել, որ աղջկաս կյանքը խլեց: Այ մարդ, կինդ վատն է, խանդում ես, թողնեիր, գնայիր, քո համար հանգիստ ապրեիր, ինչի՞ էրեխուս կյանքը խլեցիր»,- վրդովված ասաց տիկին Վալյան՝ տեղեկացնելով, որ դստերը Վոլոդյան խոստացել էր Ամերիկա տանել, այնտեղ ամեն ինչով ապահովել, ինչին Դիանան կուրորեն հավատացել էր եւ ստրուկի պես աշխատում էր ամուսնու համար: Մոր խոսքերով` Դիանան ամուսնու համար ամեն բան անում էր, առավոտից ուշ երեկո աշխատում էր, Հայաստանից Ղարաբաղ առեւտուր էր անում, իսկ Վոլոդյան էլ կյանքն էր վայելում:
«Լվանում էր, մաքրում էր, ամեն ձեւի նրան պահել ա, ժողովրդի լեզվով ասած` վարդի պես էր պահում: Նրա գուլպաները սպիտակ, ձյունաճերմակ էին: Մի օր ասեցի` ինչի՞ ես ժավել դրել, նա էլ ասեց, թե ինքը սիրում է, դրա համար եմ էդպես արել: Ո՞ւմ տան մեջ վեճ չի լինում. ուղղակի չափից շատ էր խանդում, ով տուն մտներ, կխանդեր: Նույնիսկ ամենամոտ դասընկերուհու նկատմամբ էր խանդում: Դանակահարման օրը միասին են եղել, էդ աղջկան տարել են ճանապարհել են տուն, 12-ին հաշտ ու խաղաղ քնել են, առավոտյան 4-ին սպանել է աղջկաս»,- նկարագրեց սպանվածի մայրը: Նրա խոսքերով, իր 18-ամյա թոռնուհին, ով լեզվաբանի կրթություն է ստացել, եւ շարունակում է սովորել Երեւանում, ականատես է եղել մոր սպանությանը: Ավելի ուշ իրեն պատմել է, թե ինչպես է արթնացել մոր բղավոցներից ու տեսել, որ ճաշասենյակի դուռը կողպված է:
«Ասում ա` Վալոդն էլ մամային էն կողմից հրում էր անընդհատ: Ներս ա մտել, տեսել վազը վերցրել է ու խփում է: Էրեխեն փորձել ա Դիանայիս փախցնի, բայց ետեւից հասցրել է էլի խփել: Ասում ա` հետո մամային քարշ տալով տարավ խոհանոց ու սկսեց դանակով խփել: Տեսնելով, որ չեն կարողանում փրկել մորը, քույրերը վազել են դուրս: Չորրորդ հարկից վազում են ներքեւ եւ օգնություն կանչում՝ ծեծելով հարեւանների դռները, սակայն ոչ ոք չի արձագանքում: Ոտաբոբիկ աղջիկները վազում են մինչեւ Ոստիկանության շենք: Մինչեւ բնակարանից դուրս փախչելը խորթ հայրը հասցնում է դանակի հարվածով վնասել նաեւ Անահիտի ոտքի ներբանը: Ու երբ ոստիկանները եկել են, արդեն բանը բանից անցել էր»,- զարհուրելի տեսարանն այսպես նկարագրեց տատիկը:
Իսկ թե դատարանը ինչ պատիժ կտա մարդասպան հորը, դժվար է ասել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ակնհայտ դաժանությամբ իրականացված սպանությանն ավելի թեթեւ որակում է տրվել:

ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ
Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխված դանակահարված տղաները եղբայրներն են: Նշենք, որ այդ օրը Ստեփանավանի հիվանդանոց էին տեղափոխվել 1985թ. ծնված Վլադիմիր Կռոյանը եւ 1998 թ. ծնված Ռոբերտ Մանուկյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Վլադիմիրն այս վիճաբանության հետ կապ չի ունեցել, նա պարզապես տեսնելով, որ իր եղբայրը՝ Ռոբերտը, վիճում է, հասել է օգնության, արդյունքում ինքն է վնասվածք ստացել:
Ավելի ուշ Ստեփանավանի քննչական կոմիտե է ներկայացել մի քաղաքացի եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է վնասվածքներ հասցրել տղաներին: Փաստի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր 112 հոդվածի հատկանիշներով: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Ստեփանավանի քննչական կոմիտե ներկայացած անձը չի ցանկացել ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ պետք է խորհրդակցի պաշտպանի հետ:

 

ՀԱՐԲԱԾ ՉԻ ԿՐԱԿԵԼ
Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը Armlur.am-ին վստահեցրել է, որ լրատվամիջոցներում երեկ տարածված լուրերը, թե ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ ինքը կրակոցներ է արձակել, սուտ են: Գյուղապետի խոսքերով՝ ինքն այդ օրը պարզապես որոշել էր որսի գնալ եւ իր անձնական որսորդական հրացանից 8 փամփուշտ է արձակել: «Հրացանն արգելափակվել էր: Էդ ժամանակ իմ փոքր էրեխեքը կողքս կանգնած են եղել: Ինչ-որ մեկն էլ զանգել է ոստիկանություն, ամբողջ ժողովուրդին խառնել իրար»: Մկրտչյանի խոսքով` ինքն անձամբ է ներկայացել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ցուցմունք են տվել նաեւ իր հարեւանները, ովքեր հերքել են տարածված լուրերը:

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
armlur.am-ի տեղեկացմամբ` սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Մարտին Հակոբյանին ՀՀ քննչական կոմիտեի կողմից նոր մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ նշված օրը Վարդենիսի բնակիչներ Մարտին Հակոբյանը, Հրանտ Շաբոյանը եւ Զոհրաբ Կարապետյանը վիճաբանել էին Ծովակ գյուղի բնակիչ Գագիկ Սարգսյանի եւ նրա որդու՝ Մանուկ Սարգսյանի հետ: Ավելի ուշ Գագիկը սարսափելի ծեծված վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր: Հրանտ Շաբոյանին եւ Զոհրաբ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Իսկ Մարտին Հակոբյանն այս գործով ներգրավված էր որպես կասկածյալ: armlur.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ Մարտին Հակոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր. 258 3-րդ մաս 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն: Ըստ Ս. Տռուզյանի՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա՝ ստորագրությամբ ազատ արձակելու որոշումը փոխարինել կալանքով:

 

 
ԲԼԹ

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում»:

Սերժ Սարգսյան tert.am

Ահա այսպես է Սերժ Սարգսյանը շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Եւ այստեղից մեկ տրամաբանական հարց է առաջանում. իսկ մեր երկրների ժողովուրդների այդ բազմադարյա ավանդույթների մեջ, օրինակ, մտե՞լ է դաշնակից երկրի թշնամուն զենք վաճառելը, թե՞ միայն վերջերս այդպիսի ավանդույթ ձեւավորվեց: Եվ հիմա ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ուղղված իր շնորհավորանքում. այն, որ այդ ավանդույթն է՞լ կարող է բազմապատկվել: Հաստատ լավ չի լինի. այդ մասով ցանկալի չէ առաջընթաց ունենալը, թե չէ Ադրբեջանի հետ անհավասար պայմաններում կհայտնվենք:

 

 
«Երկու երկրների միջեւ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար»:

Գալուստ Սահակյան slaq.am

Շատ գեղեցիկ է ասված, եւ այլ բան չէր էլ կարելի ակնկալել ԱԺ նախագահից, ով միշտ էլ փայլել է իր հռետորական «բարձր» արվեստով: Հիմա ժամանակն էր այդ արվեստը ցուցադրել Վրաստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Պարզապես գրեթե սիրո խոստովանություններ շռայլելով` Գալուստ Սահակյանը մոռանում է, որ այդ նույն` մեր հետ «բարձր մակարդակի» հարաբերություններ ունեցող Վրաստանն է, որտեղ հաճախ ոչ հարգալից են վերաբերում հայկական մշակութային արժեքներին, եւ որի ներկայացուցիչներն իրենց Վիքիպեդիայում գրել են, թե Լոռին վրացական պատմական հող է:

 

 
«Մեր ժողովրդի պատմությունը, վերածնված պետության ընթացքը հաստատում են, որ դպրոցն է մեր երկրորդ հոգեւոր տաճարը, որտեղ պիտի մտնենք աղոթքով, դուրս գանք աղոթքով»:

Սուրիկ Խաչատրյան «Ազատություն»

Գիտությունների դոկտորի կոչում ունեցող` Սյունիքի վերանշանակված մարզպետն արդեն նույնիսկ ուսուցիչների օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք է ասում, իհարկե, բավականին դժվարությամբ այն կարդալով: Սա բնական է, եթե հաշվի առնենք, որ այս ելույթի հեղինակը դժվար թե ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, լիներ, ինչպես նաեւ՝ իր ատենախոսության հեղինակը: Միայն թե աղոթելու պահն անհասկանալի մնաց. չէ՞ որ Լիսկան երբեք չի համակրել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ դժվար թե նրա գործունեությամբ ոգեւորվեր: Ուստի տեքստը գրողը պետք է այդքանը հաշվի առներ, որ կարդացողին չմատներ:

 ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս