ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Չնայած այն բանին, որ նախորդին փոխարինելու եկած ներկայիս կառավարությունը սկզբնական փուլում բավականին ինքնավստահ կերպով խոստումներ էր շռայլում երկրում տնտեսական աճի եւ մարդկանց բարեկեցության բարձրացմանն ուղղված կառավարության իրականացնելիք ծրագրերի շուրջ, Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը փաստում են, որ այս կառավարությունն էլ, նախորդի նման, չի կարողանում գոնե դույզն-ինչ փոքրացնել տրված խոստումների եւ տխուր իրականության միջեւ առկա խորը խզումը:
ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալներով` 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հրուշակեղենի՝ 0.9%, կենդանական եւ բուսական յուղերի՝ 1.0%, ձկնամթերքի՝ 1.3%, բանջարեղենի եւ կարտոֆիլի՝ 5.9%, ձվի՝ 9.4% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-9.4% գնաճ, երկուսում՝ 4.4-0.3% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ընդ որում, ուշագրավ է, որ գնաճ է արձանագրվել այնպիսի ոլորտներում, որոնք վերջին տարիներին բավականին առաջընթաց էին գրանցել եւ բարեհաջող կերպով սպասարկելով ներքին շուկան` սկսել էին լայնածավալ արտահանման գործընթաց: Մասնավորապես ձվի արտադրությունը ՀՀ-ում հաջողված ոլորտների թվին էր դասվում, որը, սակայն, արդեն անցած տարվանից սկսեց անկում ապրել, եւ ձու արտահանող երկրից ՀՀ-ն դարձավ ձու ներմուծող երկիր: Ինչն էլ անխուսափելիորեն արտացոլվեց ոչ միայն ձվամթերքի որակական, այլեւ գնային հատկանիշների վրա: Այսպես՝ նույն ԱՎԾ-ի վերջին տվյալներով` ձվի հանրապետական միջին գինը 2014թ. սեպտեմբերին 2013թ.-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 10.8%-ով, իսկ 2014թ.-ի օգոստոսի համեմատ արձանագրվել է 9.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է ձվի 4.8-16.8% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 9.4%-ով:
Չնայած այն բանին, որ այս տարին գյուղատնտեսական առումով ընդհանուր առմամբ համարվում է հաջողված տարի, գներն աճել են նաեւ պտուղ-բանջարեղենի շուկայում: Մասնավորապես` բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ-ի սեպտեմբերին 2013թ.-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2014թ.-ի օգոստոսի համեմատ` 5.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սնկի՝ 6.3%, լոլիկի` 12.8%, կաղամբի՝ 17.4%, սմբուկի՝ 17.8%, կանաչ պղպեղի` 19.4%, սխտորի՝ 19.9%, ծաղկակաղամբի՝ 26.1%, վարունգի 27.8% գնաճով: 2014թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է խառը կանաչեղենի՝ 3.5%, կանաչ սոխի՝ 4.5%, կարտոֆիլի` 5.5%, կանաչ լոբու՝ 5.8% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գազարի` 22.0%, ճակնդեղի`16.4%, գլուխ սոխի՝ 7.4% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի 2.1-14.3% գնաճ, իսկ մեկում՝ 0.3% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 5.6%-ով:
Նկատենք, որ կոնկրետ կարտոֆիլի թանկացման հետ կապված վերջերս ահազանգել էր «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը` նշելով, որ թանկացումն անխուսափելի է լինելու, քանի որ Շիրակի մարզի կարտոֆիլի ողջ բերքը վառվել է ոռոգման ջրի բացակայության պատճառով: Հ. Բերբերյանի կանխատեսմամբ` կարտոֆիլի գինն առաջիկայում էլի կբարձրանա եւ կհասնի 300 դրամի: Ի դեպ, ոռոգման ջրի բացակայությունը խիստ բացասական է անդրադարձել նաեւ պտուղ-բանջարեղենի այլ տեսակների մշակության վրա, ինչի արդյունքում էլ անգամ խառը կանաչեղենի գինն է աճել: Սա արդեն հաստատ որեւէ կապ չունի եղանակային պայմանների կամ ցրտահարության հետ, եւ այս ու այլ բանջարեղենային ու պտղային կուլտուրաների գնի թանկացման մեղավորները Ջրային պետական կոմիտեի եւ մարզային իշխանությունների շատ կոնկրետ պաշտոնյաներ են:
ԱՎԾ-ի ներկայացրած տվյալները սփոփիչ չեն նաեւ մեկ այլ կայացած համարվող ոլորտի` ձկնաբուծության համար: Այստեղ էլ գնաճն առավել քան զգալի է: 2014թ.-ի սեպտեմբերին 2013թ.-ի սեպտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.0%, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 1.3% գնաճ: Վերջինս, ըստ ԱՎԾ-ի, մեծապես պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.5% գնաճով:
Փոքր-ինչ ուրախացնող են կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում արձանագրված ցուցանիշները, որոնք էլ, սակայն, շատ կարճաժամկետ են եղել: 2014թ. սեպտեմբերին 2013թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 3.3% գնանկում, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 1.0% գնաճ (հիմնականում պայմանավորված կարագի՝ 1.5% եւ ձիթապտղի բուսական յուղի՝ 7.6% գնաճով):
Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա այստեղ գների հարաճուն աճը չի կանգնել. 2014թ. սեպտեմբերին 2013թ. նույն ամսվա համեմատ մսամթերքի գներն աճել են 0.6%-ով, իսկ 2014թ. օգոստոսի համեմատ՝ 0.5%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի եւ խոզի մսերի՝ 0.6%, տավարի մսի պահածոյի՝ 0.8%, եփած եւ կիսաապխտած երշիկների՝ 0.9%, բաստուրմայի 1.5% գնաճով: Միակ բացառությունը ոչխարի միսն է, որը երեք տարի առաջ ռեկորդային սահմանի հասած գնից աստիճանաբար անկում է գրանցում` այդպես էլ, սակայն, չհասնելով նախկին` մսամթերքի տեսականու մեջ ամենաէժան գնին: ԱՎԾ-ի տվյալներով` նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ոչխարի մսի 2.0% գնանկում: Այլ մսեղենի, ավելի կոնկրետ` խաշի պարագաների դեպքում եւս առկա է 1.8% գնանկում, ինչը, սակայն, զուտ սեզոնային առանձնահատկության հետ է կապված, եւ կասկածից դուրս է, որ «խաշի սեզոնի» բացման հետ գները շեշտակիորեն կբարձրանան:
Որքան էլ տարօրինակ է, սակայն սեզոնային առումով ամենանպաստավոր փուլում գնաճ է արձանագրվել նաեւ կաթնամթերքի ապրանքախմբում: 2014թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնամթերքի 0.1%, սուրճի, թեյի, կակաոյի 0.1%, շաքարավազի 0.2%, ոչ ոգելից խմիչքի 0.2%, հրուշակեղենի 0.9% գնաճ: Իսկ մրգի ապրանքախմբում 2014թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 5.3% գնաճ:
Եվ վերջում` միակ փոքր-ինչ դրական միտումն առաջնային կարեւորություն ունեցող ապրանքախմբում 2014թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 0.3% գնանկում: Հուսանք, որ գոնե հացամթերքի դեպքում գնանկման միտումը շարունակական կլինի:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉԿԱ
ԽՍՀՄ-ի փլուզումից մինչ օրս Շիրակի մարզի Հարթաշեն համայնքի բնակիչները տրանսպորտ չեն տեսել: Գյումրի են հասնում կա՛մ սեփական ավտոմեքենայով, որոնք գյուղում շատ քիչ են, կա՛մ տաքսիներով, որոնք էլ, առիթն օգտագործելով, եռակի գումար են վերցնում: Իսկ եթե չկա ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ հնարավորությունը, հարթաշենցիները ստիպված են լինում տասնյակ կիլոմետրեր ոտքով անցնել:
Նշենք, որ ամեն տարի մրցույթ է անցկացվում, ըստ որի երկու ավտոբուս եւ երկու միկրոավտոբուս պետք է սպասարկեն Հարթաշեն-Մուսայելյան-Վարդաղբյուր համայնքները: Սակայն երթուղին այդպես էլ չի գործում, քանի որ ոչ մի ընկերություն մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացնում. պատճառը քարուքանդ ճանապարհներն են:
Փոխադրող ընկերությունների ղեկավարները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց տրանսպորտային միջոցներն անմիջապես շարքից դուրս են գալիս, դառնում են ոչ պիտանի, վերանորոգման համար ծախսված գումարն էլ գերազանցում է շահույթը:
Հարթաշենցիներին այսօր մտահոգում է մոտալուտ ձմեռը, քանի որ ուսանողներն ու աշխատողները քաղաք հասնելու համար ստիպված են լինելու մեծ գումար ծախսել: Ասում են, որ շատ բան չեն ուզում, եթե ոչ ամեն օր, գոնե երկու օրը մեկ մի սպասարկող փոխադրամիջոց լիներ:
Ընդամենը մեկ ամիս առաջ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանն էր ներկայացրել նոր երթուղային ցանցը, որն ընդգրկում էր ներմարզային 14 երթուղի՝ 26 ավտոբուսներով եւ 48 միկրոավտոբուսներով: Նախարարության կողմից այն հավանության էր արժանացել: Մի քանի շաբաթ առաջ կայացավ նշված երթուղիները սպասարկող ընկերությունների մրցույթը: Երկու երթուղիների համար հաղթող ճանաչվեց մեկ ընկերություն, իսկ մնացած 12-ը շարունակում են թափուր մնալ, այդ թվում՝ Գյումրի-Հարթաշեն ճանապարհահատվածը:
Հարթաշենի գյուղապետն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սպասողական վիճակում են, թե երբ ճանապարհը կվերանորոգեն, եւ երթուղին սպասարկող ընկերություն ի հայտ կգա:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ԵԹԵ ՉԱՋԱԿՑԵՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԿԼԻՆԻ
Կապանի Երկաթուղայինների չորրորդ նրբանցքի բնակիչ տիկին Զոյան անհանգստացած է մի ամբողջ թաղամասի ճակատագրով: Չորս տասնյակից ավելի ընտանիքների ապագան անհայտ է: Աշնանային անձրեւներին զուգահեռ սողանքը սկսում է զգացնել տալ, ու գիշերը տան պատերն անգամ սկսկել են «աղմկել»:
«Այս գիշեր արթնացա ու լսում եմ՝ չրթ-չրթ, մտածեցի տանը մարդ կա, վեր կացա, հասկացա՝ տան պատերն են: 59թ-ից կառուցված հայրական տունս հիմքից քանդվում է, առաջին հարկից սկսած պատերը ճաքեր են տվել, չգիտես՝ նորոգես, թե թողնես՝ քանդվի-գնա»,-ասում է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին:
Օրեցօր մեծացող ու շատացող պատերի ճաքերը տիկին Զոյայի արցունքների, հիասթափության պատճառ են դարձել:
«Տարիներ առաջ մայրաքաղաքից երկրաբաններ էին եկել, ուսումնասիրեցին թաղամասի դիրքը, կառուցված տների դիրքը, պարզվեց թաղամասն ամբողջությամբ հողի վրա է կառուցվել, որը ուրիշ վայրից բերել-լցրել են քարերի վրա»,- պատմեց հուսահատված մանկավարժը:
Տիկին Զոյան եւ թաղամասի բնակիչները մտավախություն ունեն, որ հարցի լուծումն ուշացնելու դեպքում ամեն ինչ այլեւս անիմաստ կդառնա, քանզի եթե հողի սողքը սաստկանա, թաղամասի բոլոր՝ քառասուներկու ընտանիքների կյանքն էլ կհայտնվի մահացու վտանգի տակ. «Սողքը ամբողջը` մարդկանց էլ հետը, հողին կհավասարեցնի, մի խոսքով՝ երկրորդ եղբայրական գերեզմանը կլինի»:
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան