ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6-ՐԴ ՄԱՐՏԻ 1-Ը՝ ԱՆՊԱՏԻԺ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐՈՎ

Այսօր լրանում է մարտի 1-ի ողբերգական դեպքերի վեցերորդ տարելիցը: Հերթական անգամ մենք ազգովի սգալու ենք տասը զոհերի հիշատակը եւ հերթական անգամ արձանագրելու ենք մեր դառը հուսախաբությունը` ինչպես կատարվածի բացահայտման համար պատասխանատվությունը կրող իշխանություններից, այնպես էլ իրեն մարտի 1-ի պահանջատեր հայտարարած միասնական ընդդիմությունից, որն իբրեւ այդպիսին դադարել է գոյություն ունենալ: Վեց տարի առաջ միասնաբար իշխանության դեմ պայքարող ուժերն այսօր առանձին-առանձին են հարգելու զոհերի հիշատակը: Ժամը 13:00-ին Սարյանի արձանի մոտ են հավաքվելու ազատամարտիկները, ապա ժամը 15:00-ին այնտեղ կլինեն ՀԱԿ-ից հեռացած Սոս Գիմիշյանը եւ Գառնիկ Մարգարյանը: ՀԱԿ-ն իր նոր քաղաքական «պարտնյորների» մասնակցությամբ հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում, իսկ Սասուն Միքայելյանն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդու հետ (Փաշինյանը վիրահատվել է) երեկոյան 21:00-ին կլինի Մյասնիկյանի արձանի հարակից հրապարակում:

 
ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ու պատգամավորուհիներից շատերը նոր բիզնես են հիմնել. իրենց ֆեյսբուքյան գրառումների ու ելույթների դեմ ընդդիմադիր ճամբարից հնչած պատասխանները պարզապես վաճառում են ՀՀ նախագահի նստավայրի կոնկրետ աշխատակիցների վրա: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականներն այդ պատասխանները ներկայացնում են անձամբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, եւ իրենց ընդդիմախոսը որքան բարձր դիրք է զբաղեցնում եւ որքան սուր է պատասխանում, այնքան մեծ է հոնորարի չափը: Իսկ հոնորարը սովորաբար լինում է դրամաշնորհների կամ զանազան արտոնությունների տեսքով: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ ամենն ասեկոսեներ են: «Ես՝ որպես ակտիվ մարդ, երբեք խոսք չեմ ասել՝ հետո որեւէ մեկին ցույց տալու համար»,-ասաց նա:

 
Նախօրեին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը զանգահարել է 2013թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հորը` Աշխարհիկ Ստեփանյանին՝ խնդրելով չմիջամտել դատավարության ընթացքին եւ թույլ տալ, որ այն խաղաղ անցնի: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց սպանվածի հայրը՝ հավելելով, թե իրենք եւս չեն ցանկանում իրավիճակը սրել, պարզապես դատարանում շատ են իրենց բարկացնում: Նկատենք, որ այս լարված դատական նիստերին միայն տուժածներն են մասնակցում: Ամբաստանյալ Դավիթի հարազատ եղբայր Վարդան Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե «եթե մենք գնանք, կդառնա մի մեծ պատմություն, մարդ չկա` նստենք, հետը նորմալ խոսենք»: Դավիթի կարծիքով՝ Լյուքս Ստեփանյանի ծնողներին ուղղորդում են. «Իրենց օգուտը ո՞րն է, որ աղմուկ են բարձրացնում: Չե՞ն ուզում իմանալ, թե ինչ է եղել»: Սակայն սպանվածի հայրն ասաց, որ իրեն ոչ ոք չի ուղղորդում: Հավելենք, որ չի բացառվում` այս գործով դատական առաջիկա նիստերն անցկացվեն դռնփակ ռեժիմով:

 

 

ՀՀ ֆինանսների բոլոր չորս փոխնախարարները բավականին լուրջ ունեցվածքի տեր են: Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով նրանց ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ, օրինակ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ով չունի ոչ մի շարժական կամ անշարժ գույք, իր հաշվին ունի 28 մլն դրամ, մեկ այլ փոխնախարար` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հայտարարագրել է 13,6 մլն դրամ եւ 11 հազար դոլար, Սուրեն Կարայանը` 18 մլն դրամ, իսկ միակ կին փոխնախարար Լիանա Հունանյանը` 6,5 մլն դրամ եւ 23 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, տիկին Հունանյանը տարեսկզբին ունեցել է 15 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին այն դարձել է 23 հազար: Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հայտարարագրել է 1 մլն դրամ եւ 55 հազար ԱՄՆ դոլար: Փաստորեն, նախարարը գերադասում է ամերիկյան արժույթը, իսկ տեղակալները` հայկական դրամը:

 

 

 

 

 

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՆՔ

ԱՄՆ Պետդեպը երեկ հրապարակել է 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցը, որում բավականին կոշտ ձեւակերպումներ կան Հայաստանի մասով: Նախ` անդրադարձ է կատարված անցած տարվա նախագահական ընտրություններին, որոնց հետ կապված թեեւ նշված է, որ «դրանք, ընդհանուր առմամբ, անցել են բաց ու թափանցիկ մթնոլորտում, հարգվել են հիմնարար ազատությունները, սակայն միեւնույն ժամանակ գրանցվել են նաեւ որոշ թերացումներ, այդ թվում` թեկնածուների համար անհավասար դաշտի առկայություն, լուրջ ընտրական խախտումներ ու ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ մտահոգություններ»:
Զեկույցում նաեւ ընդգծված է «ընտրակաշառք բաժանելու արժանահավատ մեղադրանքների, ՀՀ ընտրական օրենսգրքում շարունակական թերությունների, ինչպես նաեւ բողոքներն ու գանգատները քննելու անարդյունավետ համակարգի» առկայությունը, որոնց հանրագումարում «հարցականի տակ է դրվում ընտրական գործընթացի ամբողջական արժանահավատությունը»: Նկատենք, որ այս վերջին գնահատականը բավականին լուրջ է, որն ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու երանգներ է պարունակում:
Թեեւ, անշուշտ, ընտրություններից մեկ տարի անց տրված այս գնահատականները որեւէ էական ազդեցություն չեն կարող ունենալ եւ առավելագույնը կծառայեցվեն որպես լրացուցիչ գործիք` հարկ եղած դեպքերում ՀՀ իշխանությունների վրա ճնշում բանեցնելու համար:
Զեկույցում հաջորդ աչք ծակող ձեւակերպումը կապված է ՀՀ կառավարության գործունեության հետ: «Կառավարության տարբեր շերտերում առկա մշտական կոռուպցիան խաթարել է օրենքի գերակայությունը»,-ասված է Պետդեպի տարեկան գնահատականում: Որպես ամենանշանակալի խնդիրներից մեկը՝ նշված է կառավարության գործունեության թափանցիկության պակասը եւ քաղաքացիների սահմանափակ իրավունքը` փոխելու իրենց կառավարությունը: Սա արդեն հստակ ազդակ է` ուղղված մինչեւ վերջերս արեւմտամետ համարվող կառավարության ղեկավարին, որի կողմից միջազգային տարբեր ամբիոններից տրված կոռուպցիայի դեմ պայքարի հավաստիացումներն այդպես էլ իրականություն չդարձան: Ինչի մասին էլ ՀՀ վարչապետի` դեպի Ռուսաստան վերակողմնորոշումից հետո չհապաղեց հիշատակել ԱՄՆ-ը:
Զեկույցում նշված այլ` դատական համակարգի կախյալության, ոստիկանությունում բռնությունների կիրառման, կալանավայրերի վիճակի եւ խաղաղ պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերի մասին ձեւակերպումները, ըստ էության, նույնն են, ինչ նախորդ տարիներին: Ինչպես եւ` մարտի մեկի սպանությունների բացահայտված չլինելու մասին հիշատակումը: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ի մասով այս զեկույցը որեւէ նորություն կամ արտառոց գնահատական չէր պարունակում: Ասել է թե` ԱՄՆ-ի համար Հայաստանն առժամանակ այնքան էլ հետաքրքիր չէ:




Լրահոս