ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՄԱՆ ՕԲՅԵԿՏԻՎ ՀԻՄՔԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Ուկրաինական դեպքերի սցենարը Հայաստանում իրատեսական չէ: «Այդպիսի իրավիճակ չի կարող ստեղծվել, քանի որ դրա համար օբյեկտիվ հիմքեր չկան»,- հայտարարել էր Տ.Սարգսյանը:

Թե որքանով են իրատեսական վարչապետի այս կանխատեսումները, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, սակայն, նկատենք՝ առաջին անգամը չէ, երբ վարչապետն ինչ-որ կանխատեսումներ է անում եւ դրանք չեն իրականանում: Շատերը կհիշեն 2008թ. նրա պնդումները, թե սպասվող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը եւ այն մեր երկրի վրա չի անդրադառնա: Տ.Սարգսյանն իր խոսքերը փորձել էր հիմնավորել երկարաշունչ բացատրություններով: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց հակառակը՝ ճգնաժամը ոչ միայն չշրջանցեց Հայաստանը, այլեւ՝ բավականին ցավոտ հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության վրա: Ավելի ուշ վարչապետը նույն ջանասիրությամբ կանխատեսում էր սրընթաց տնտեսական աճ, նույնիսկ կոնկրետ ցուցանիշներ հրապարակում, բայց կանխատեսումն այդպես էլ չիրականացավ: Հիմա կարծես թե նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Տ.Սարգսյանի այս նոր կանխատեսմանը: Ընդ որում, այս անգամ վարչապետի սխալվելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քանի որ մեզանում «օբյեկտիվ հիմքերը» ոչ միայն առկա են, այլեւ՝ գնալով ավելանում են ու երկրում իրավիճակն օրեցօր ավելի պայթունավտանգ է դառնում:
Ճիշտ է, Հայաստանում հասարակական դժգոհությունն ամենեւին էլ պայմանավորված չէ արտաքին քաղաքական գործոններով, եւ այս առումով վարչապետը մասամբ ճիշտ է, երբ ասում է, թե ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հավանության է արժանացրել իշխանությունների որոշումը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին: Այնինչ, Ուկրաինայում ժողովուրդը ոտքի կանգնեց՝ ընդվզելով ՄՄ-ին անդամակցելու մասին իրենց նախագահի որոշման կապակցությամբ: Ընդ որում, հատկանշական է այն հանգամանքը, որ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը համարվում էր օրինական ընտրված նախագահ, լեգիտիմ էր նաեւ նրան աջակցող խորհրդարանական մեծամասնությունը, այնտեղ չկային սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, բայց ժողովուրդն, այնուամենայնիվ, չհամաձայնվեց իր նախագահի որոշման հետ ու ըմբոստացավ նրա դեմ՝ հասնելով վերջինիս պաշտոնանկությանը:
Իսկ ահա Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է. ՀՀ իշխանությունները չունեն լեգիտիմություն: Սերժ Սարգսյանի վարչակարգն իշխանության է եկել կեղծված ընտրությունների արդյունքում՝ մարտի 1-ի 10 զոհերի գնով: Կեղծված ընտրությունների արդյունքում ԱԺ-ում մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն: Այս ամենին գումարվել են նաեւ սոցիալ-տնտեսական ձախողումները. աղքատության սրընթաց աճ. անգամ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ ՀՀ-ում աղքատությունը 32.4 տոկոս է, ծնելիության մակարդակը տարեցտարի նվազում է, ամեն տարի մոտ 1000 փոքր ու միջին ձեռնարկություն է փակվում, նվազում է ապրանքաշրջանառությունն ու առեւտուրը, փոխարենը՝ ավելանում երկրի պետական պարտքը, արտագաղթը, սոցիալական բեւեռացվածությունն ու սոսկալի գնաճը: Այս ամենին ավելացավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին որոշումը, եւ անգամ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ խոստովանել, որ բնակչության 80 տոկոսը դեմ է այդ համակարգին, չնայած որ մյուս կողմից` նույն Ս.Սարգսյանը պնդում է՝ իրենք, այնուամենայնիվ, ներդնելու են համակարգը:
Այնպես որ, Հայաստանում հասարակական ընդվզման պատճառները շատ ավելի խորն են: Իհարկե, Տիգրան Սարգսյանը նույն այդ ճեպազրույցում փորձել էր համոզել, թե իշխանություններից բոլորն են դժգոհ ու դա համատարած երեւույթ է: «Դուք հիշո՞ւմ եք որեւէ կառավարություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կամ որեւիցե մի դեմոկրատական երկրում, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից…»,- ասել էր նա: Սակայն, Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, մեկնաբանելով այս իրավիճակը, նշեց, թե ժողովուրդների ընդվզելու եւ իրենց կյանքը բարելավելու մղումը անառարկելի իրավունք է: «Եթե այսօր Հայաստանում իրոք կա պայթյունավտանգ իրավիճակ, կուտակված են շատ լուրջ հարցեր, ապա այստեղ վարչապետի դերակատարումը հսկայական է: Կարծում եմ՝ եւս մի կարճ ժամանակ այս նույն տեմպերով՝ ստվերային գործարքներով եւ սկանդալային պատմություններով եթե կառավարությունը աշխատի, իրավիճակը կարող է իսկապես դուրս գալ վերահսկողությունից: Թեեւ մեր քաղաքական ուժի դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում՝ մենք կողմ ենք անցնցում եւ հատկապես անարյուն փոփոխություններին, բայց նաեւ չենք ուզում, որ այդ փոփոխությունները հավերժ երկարեն: Մենք ուզում ենք արագ, անցնցում եւ անարյուն փոփոխություններ»,- բավականին թափանցիկ ակնարկներ է արել նա: Պատահական չէ նաեւ, որ ԲՀԿ-ականներն այլեւս բացահայտ հայտարարում են, որ իրենք մասնակցելու են ՀԱԿ-ի՝ այսօր կայանալիք հանրահավաքին: «Մեզանից ցանկացած ոք ազատ է լինելու գնալ այնտեղ, եւ ես ինքս՝ անձնապես, այդ հանրահավաքին ներկա լինելու եմ»,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հ.Գ. Եվս մեկ կարեւոր հանգամանք. սովորաբար նման ռեժիմները, ինչպիսին ՀՀ իշխանությունն է, փլվում է իր համար ամենաանսպասելի պահին, երբ թվում է, թե իրենք ամենաուժեղն են, ամենակարողը ու անպարտելին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՊԱՇՏՊԱՆԵՑ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ նախօրեին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին ինչ-որ բան է արել, «գնացեք, նրան դատեք, ո՞վ է խանգարում, մուրճն էլ ա ձեր ձեռքին, մեխն էլ»: «Միշտ պետք է հիշել, որ նախագահի ինստիտուտն ինստիտուտ է, եւ Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, եւ ոչ թե Արամ Մանուկյանի ձեռքի թաշկինակը, որ բերի կամ տանի: Տեր-Պետորսյանն ինքը կորոշի, թե նման վիճակում ինչպես իրեն պահի»,-հայտարարեց Գ.Սահակյանը: Ուշագրավն այն է, որ ժամանակին նույն Գալուստ Սահակյանն առիթը բաց չէր թողնում առաջին նախագահի ինստիտուտը վարկաբեկելու համար. հատկապես՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ մեկ կանխատեսելով, որ Տեր-Պետրոսյանը կփախնի Հայաստանից, մեկ էլ՝ որ նա է մեղավոր «մարտի 1-ի» համար: Սակայն այսօր նույն Սահակյանը փորձում է իբր պաշտպանել Տեր-Պետրոսյանին: Սա, թերեւս, այն դեպքն է, երբ Գրիգորիչը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ:

 

ՊԱՐՏՔՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Իշխանությունները մեկ ամսվա մեջ ավելի քան 16.5 մլն դրամով կամ 2.2մլն դոլարով ավելացրել են ՀՀ պետական պարտքը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, եթե 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը եղել է 4 մլրդ 588 մլն դոլար, ապա այս տարվա հունվարի 1-ին այն դարձել է 4 մլրդ 590 մլն դոլար: Հատկապես մեծ է կառավարության արտաքին պարտքը՝ 3.4 մլրդ դոլար, իսկ ԿԲ-ինը` 505 մլն դոլար:

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ են հանդիպել ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամները՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Նրանք քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի քանդման խնդիրը: Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «Հանդիպում էր, որին մասնակցում էր նաեւ ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, որ այդ հարցով դիմել է կոնսուսոնյերին, որպեսզի նա առաջարկի տարբերակներ, եւ դեռ պատասխան չի ստացվել: Պետք է տարբերակներ առաջարկվեն, եթե դա չենք քանդում, ապա ինչ հնարավորություններ ունի՝ կոնսուսոնյերն իր գործը շարունակելու համար»: Մեր հարցին, թե հինգշաբթի օրը եւս դուք վարչապետի հետ եք հանդիպել, այդ ժամանակ ինչ եք քննարկել, Վ. Մանուկյանը չցանկացավ պատասխանել. «Ես արդեն ասացի»,- հակիրճ ասաց նա: Հավելենք, որ ընդհանրապես ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը եւ ՀՀ վարչապետը վերջին ժամանակներս առավել հաճախ են հանդիպում:

 

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՀԵՐՔՈՒՄ ԵՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՆ

ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է Որոտանի հէկ-ի վաճառքի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությանը՝ մասնավորապես պնդմանը, որ «ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, դեռ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարելով, թե Որոտանի հէկ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը, մեղմ ասած, ստել է»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ համաձայն Որոտանի հէկ-ի վաճառքի մասին պայմանագրի՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը: Նախարարությունը խմբագրություն ուղարկած պատասխանում պնդում է, որ վաճառվել է Որոտանի հաշվեկշռում եղած 4 հէկ-երից 3-ը, իսկ չորրորդը՝ Հերհերի հէկ-ը, մնացել է կառավարությանը: «Վերը նշվածով փաստերը հաստատում են, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին լիովին ճիշտ տեղեկություն է տրամադրել»,- նշված է մեզ ուղարկված փաստաթղթի մեջ:
Իրավական առումով, նախարարությունը, թերեւս, ճիշտ է. կառավարությունը չի վաճառել Հերհերի հէկ-ը, եւ անշարժ գույքի պետական կադաստրում այն հաշվառված է որպես «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի սեփականություն: Սակայն սա դեռ չի նշանակում, որ կառավարությունն այն ընդհանրապես չի վաճառի. բանն այն է, որ Հերհերի հէկ-ն իր արտադրանքի ծավալներով շատ փոքր է ու առանձնապես մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, ու թերեւս հենց այս պատճառով էլ ամերիկյան ընկերությունը չի գնել այն: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Հերհերի հէկ-ն անմիջապես չի մտնում Որոտանի համալիր կազմի մեջ, այլ գտնվում է հեռու, եւ այն զուտ իրավաբանորեն է պատկանում Որոտանին: Այնպես որ, Որոտանի հէկ-ի 3/4-ը վաճառելուց հետո այլեւս կարելի է ասել, որ այս ընկերությունը վաճառվել է ամբողջովին:

ՇԱՆԹԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: ԱԴ ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնել է, թե Շանթի առողջական վիճակը լավ է, նա ապաքինվել է, այդ պատճառով էլ տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ:

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՉԱՆԵԼ

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի կապակցությամբ ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ:




Լրահոս