«ԱՆԳԱՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ ԵՆՔ ԸՆՏԱՆԻՔ»
Հումորիստ, դերասան Արման Խաչատրյանը (Արմուշ) աշխատել է «Արդինի» ստուդիայում որպես դերասան, մասնակցել Հայաստանի ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերին, դարձել հաղթող, ընդգրկվել «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թիմում եւ մասնակցել Ռուսաստանի բարձրագույն լիգայի խաղերին: Եղել է «32 ատամ» հումորային ակումբի ստեղծողներից, իսկ 2010-ից «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վիտամին ակումբ» հումորային շոու-ծրագրի դերասաններից է: Այսինքն՝ նրա գործունեությունը կապված է հիմնականում հումորի, երգիծանքի հետ։ Դերասանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հատուկ այդ ճանապարհը չի ընտրել, դա ստացվել է ինքնաբերաբար։
-Բանակից եկա, առաջին քայլերս եղան «Արդինի»-ում, որից հետո արդեն որոշեցինք ՈՒՀԱ-ի թիմ ստեղծել, մտանք այդ ասպարեզ։ Ապա ստեղծեցինք «32 ատամ» ակումբը…
-Բայց թողեցիք այն ու ստեղծեցիք մեկ այլ ակումբ՝ «Վիտամին»։ Երբ տարիների հեռվից նայում եք, զգո՞ւմ եք, թե ինչն էր բաժանման իրական պատճառը։ Դա անխուսափելի՞ էր։
-Կյանքում ամեն ինչ հնարավոր է, ու, քանի որ մենք հասուն մարդիկ ենք, կյանքի բոլոր անակնկալներին պատրաստ ենք։ Այնպես չէ, որ պետք է սթրես ապրենք կամ որեւէ բան ծանր տանենք։ Առողջ մթնոլորտում պարզապես մի մասը նախընտրեց մի հեռուստաընկերություն, մյուս մասը՝ մեկ այլ։ Այսինքն՝ զուտ հեռուստաընկերությունների խնդիր էր, ու դա նաեւ անսպասելի չէր։ «Վիտամին» ակումբում էլ հո մինչեւ 45 տարեկանը չե՞նք աշխատելու. ուշ թե շուտ յուրաքանչյուրս մի բանով զբաղվելու ենք, եւ դա նորմալ է, սպասված։ «Վիտամին»-ը, ըստ իս, որպես փրոդաքշըն մնայուն է, միշտ լինելու է, բայց գնալով կազմը փոխվելու է։ Մեծանում ենք, ու այնպես չէ, որ ամբողջ կյանքում հումոր ենք անելու։ Ի դեպ, ամենամեծը «Վիտամին»-ում ես եմ՝ 37 տարեկան։ Բայց, փառք Աստծո, ակտիվ եմ, էներգիայով լի, ինձ շատ երիտասարդ եմ զգում եւ, ինչքան հնարավոր է, դեռ կլինեմ «Վիտամին»-ի բեմահարթակում։
-Ընտանիքում ինչպե՞ս են ընդունում Ձեր աշխատանքը, հումորը ինչպե՞ս է ընկալվում։
-Կինս մինչեւ ամուսնությունը գիտեր, թե ում, ինչ կյանքով ապրող մարդու հետ է ամուսնանում, եւ, բնականաբար, այդ ամենը հաշվի առնելով, սիրելով է ամուսնացել։ Այնպես չէ, որ տուն չեմ գնում, բայց ստեղծագործական կյանքը շատ մեծ ժամանակ է խլում։ Թեեւ ամեն ինչ անում եմ, որպեսզի կնոջս ու հնգամյա տղայիս՝ Դանիելին, հնարավորինս շատ ժամանակ տրամադրեմ։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։
-Իսկ բեմական Արմուշն ու Արման Խաչատրյանը շա՞տ են տարբերվում։
-«Վիտամին»-ի շրջապատում ինձ մի քիչ ավելի թեթեւ եմ զգում։ Եվ ոչ միայն ես. «Վիտամին»-ը ուրիշ ընտանիք է, ուրիշ ապրելակերպ, ուրիշ մարդիկ ենք։ Դրանից դուրս, բնականաբար, լրջությունը կա, բայց դրա հետ նաեւ, ինչու չէ, հումոր էլ կա։ Այնպես չէ, որ առօրյա կյանքում շատ ծանր մարդ եմ, բայց բեմի Արմուշը չեմ։ Եվ ոմանց սպասումները չեն արդարանում, երբ բոլորովին այլ մարդու են հանդիպում։
-Իշխանավորների մասին հումորների հետ կապված երբեւէ խնդիրներ առաջացե՞լ են։
-Եթե ուշադիր հետեւել եք մեր հաղորդումներին, նկատած կլինեք, որ մենք քաղաքական հումոր եթեր չենք տալիս։ Առաջին նման հումորը եղել է Նոր տարին… Ոչ թե մեզ դուր չի եկել, պարզապես չի ձգել քաղաքական հումորը։ Մենք կենցաղն ենք ներկայացնում, որտեղ ավելի շատ իրադարձություններ են տեղի ունենում, քան քաղաքականության մեջ` ուր հիմնականում ամեն ինչ նույնն է։ Առօրյա կյանքը, կենցաղը մարդկանց ավելի հետաքրքիր է, հարազատ յուրաքանչյուրին. ամեն մեկը կարող է իրեն տեսնել։
-Արդեն ընտրվել է Արամ MP-3-ի եվրատեսիլյան երգը։ Նրա հետ գնալո՞ւ եք «Եվրատեսիլ»։
-Հիմա կոնկրետ բոլորս զբաղված ենք միայն Արամով. ամեն ինչ անում ենք, որ ելույթը լավ, բարձր մակարդակի լինի, մեր մտքերով, առաջարկներով մեր ընկերոջ կողքին ենք։ Իհարկե գնալու ենք «Եվրատեսիլ», Արամի կողքին ենք լինելու։ Մենք այդպես ենք, մենք ընտանիք ենք, անգամ ընտանիքներով էլ ենք ընտանիք։
ՎԵՐՆԱԽԱՎԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ «ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ»
Սովորաբար, եթե մարդիկ իրենց սխալներից դասեր չեն քաղում, մեծանում է դրանց՝ ավելի ծանր հետեւանքներով կրկնվելու հավանականությունը։ Իսկ մենք «մարտի 1»-ից դասեր քաղե՞լ ենք։
Մեր զրուցակից, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ «մարտի 1»-ից մեր փոխարեն դասեր քաղել են, մասնավորապես, ուկրաինացիները։ ««Մարտի 1»-ը խորհրդանշական էր նրանով, որ Հայաստանում արդեն 6 տարի է՝ ոչ մի կերպ չի սկսվում մարտի 2-ը։ 90-ականների վերջից հայտնվել էինք քաղաքական ձմռան մեջ, սակայն «մարտի 1»-ը վերջնականապես անջրպետ դրեց իշխանության եւ հասարակության միջեւ, որովհետեւ պետությունը փողոցներում սկսեց սպանել, գնդակահարել Հայաստանի քաղաքացիներին։ Եվ դա հավերժ խարան է մնալու այն ժամանակվա եւ այսօրվա իշխանությունների ճակատին, որոնք կրում են դրա պատասխանատվությունը։ Ավելի ճիշտ՝ դեռեւս պիտի պատասխան տան այդ ողբերգության համար»,- համոզված է մեր զրուցակիցը։ Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքական դաշտը դատարկվել է. գոյություն չունեն ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ. «Նրանք կրեցին ջախջախիչ պարտություն, եւ 2008 թվականից հետո Հայաստանի հասարակությունն այլեւս չունի քաղաքական ներկայացուցչություն իշխանության մեջ, որովհետեւ այդ, այսպես կոչված, ընդդիմադիր կուսակցությունները գործարքի մեջ են մտել իշխանության հետ եւ սպասարկում են նրան՝ օրինականացնելով տեղի ունեցող անօրինականությունները»։ Ամեն դեպքում կինոռեժիսորը հույս ունի, որ Ուկրաինայում սկսված «հակագաղութային հեղափոխության շնորհիվ Հայաստանը մեկ անգամ եւս կկարողանա վերագնահատել իրավիճակը, վերգտնել ինքն իրեն, եւ, ի վերջո, «մարտի 1»-ը կշարունակվի մարտի 2-ով»։
Իսկ այսօր հայ մտավորականությունը իր տեղո՞ւմ է, կատարո՞ւմ է իր գործառույթները։ «Հայաստանում կան արվեստագետներ, մտավորական մարդիկ, բայց չկա մտավորականություն՝ որպես դաս, որպես միավորված հասարակական կարծիք, որպես մարդկանց խավ։ Մտավորականության եւ արվեստագետների գլխավոր առաքելությունը ժողովրդին իշխանության ապօրինություններից պաշտպանելն է՝ շատ կարեւոր առաքելություն, որը ձեւակերպված էր դեռ Պուշկինի կողմից, եւ հենց այդ տողերն են գրված նրա արձանի պատվանդանին։ Կարճ ձեւակերպեմ դրանց իմաստը՝ ազատություն պաշտպանել եւ գթասրտություն քարոզել։ Մինչդեռ մեր, այսպես կոչված, մտավորականները կուռ շարքերով քայլում են իշխանական շքերթներում՝ սպասարկելով, ծախված լինելով իշխանությանը։ Եվ այդ ամենը մեծապես նպաստում է, որ Հայաստանը մնա թերզարգացած երկիր, որովհետեւ մեր երկրի ամենակարեւոր խնդիրներից մեկը իրական վերնախավի բացակայությունն է։ Երկիրն առաջնորդող վերնախավը տապալվեց (եթե երբեւիցե կար), 60-70 ական թվականների հասարակական կարծիքն ստեղծող եւ դրա վրա ազդող բանաստեղծները, պատմաբանները, նկարիչները, կինոռեժիսորները, թատրոնը այլեւս գործոն չեն, եւ իրական վերնախավին փոխարինեց ազգի տականքը»։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՔԱԹՉԵՐԸ ԵՎ ԿՈՒՆԻՍԸ ՆՇԱՆՎԵԼ ԵՆ
2011 թվականին Դեմի Մուրից բաժանվելուց հետո Էշթոն Քաթչերը կրկին որոշել է իրեն կապել ամուսնական կապերով:): Դերասանի եւ Միլա Կունիսի սիրավեպը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է` պայմանավորված զույգի հավանական նշանադրության մասին լուրերով: Պապարացիներն արդեն հասցրել են ֆիքսել դերասանուհու նշանադրության մատանին, սակայն զույգի կողմից պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: 36-ամյա Էշթոնի ու 30-ամյա Միլայի նշանադրության արարողության մանրամասները չեն պատմում նաեւ զույգի մտերիմները, սակայն վստահեցնում են, որ տարածված լուրը հավաստի է:
ԵՐԿՈՒ ՕՐ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ
Անցած երկու օրերին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին պարի աշխարհ էր տեղափոխում «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել էր ԱՄՆ պետքարտուղարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող «Կյանք առանց սահմանների» արշավի շրջանակում եւ նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող ու չունեցող պարողները կողք կողքի հավասար պարում բեմում: Մեկ ժամ տեւողությամբ պարային ներկայացումն ուղեկցվում էր անիմացիայով, որի ռեժիսորը Նաիրա Մուրադյանն է, իսկ պարողների զգեստների նկարիչը` Արսեն Նավասարդին: «Աղջիկը լուսնի վրա» ներկայացմանը միացել են նաեւ Արինա Արարատյանի պարային թատրոնի մենապարողները: Քնարիկ Կարապետյանը պատմել է, որ առաջին անգամ են աշխատել լսողության հետ խնդիրներ ունեցող պարողների հետ, բայց դա չի խանգարել միմյանց հետ շփվել ու պարել.«Սկզբում մի քիչ բարդ էր, բայց կարողանում էինք հասկանալ ու նրանցից դրական էներգիա ստանալ»: