ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է առաջին Ձմեռային համահայկական խաղերի ժամանակ

Այս սենյակի «բնակիչը» ձմեռային համահայկական խաղերի ժամանակ առիթից օգտվելով որոշել է բիզնես անել: Նա իր սրելու եւ նորոգելու ծառայություններն է առաջարկում մարզիկներին, որի միջոցով փորձում է ե’ւ գումար վաստակել, ե’ւ օգնել մարզիկներին:

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Եղբայրս տուն է գնել, որը կադաստրում դեռ ձեւակերպում չի ստացել: Ուզում ենք տեղեկանալ, թե պետական գրանցում կատարելու եւ վկայական ստանալու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ կադաստրում ձեւակերպում չի ստացել:

Տաթեւ Միրզոյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող՝ բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ՝ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն, եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998 թվականի մարտի 1-ից հետո չի գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է պարզել, եթե նշված բնակարանը 1998թ. մարտի 1-ից հետո կադաստրում չի գրանցվել, ապա մեզ դիմած քաղաքացին կարո՞ղ է դիմել համապատասխան բաժին եւ բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը ստանալ անվճար:

 

 
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ արտոնություններից են օգտվում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:

Տիգրանուհի Ստեփանյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին ՀՀ կառավարության 05.05.2011թ. թիվ 668-Ն որոշմամբ՝ նշանակվում է ամենամսյա դրամական օգնություն՝ 10.000 դրամի չափով:
Զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների, հաշմանդամ դարձած զինծառայողների բուժսպասարկումը կանոնակարգված է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ եւ 33-րդ հոդվածներով:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի N 930-Ն որոշմամբ՝ հաշմանդամ դարձած զինծառայողներին նշանակվում է հաշմանդամության, իսկ զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ:
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվ. կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշման պահանջներից ելնելով, ՀՀ պաշտպանության նախարարի 04.03.2008թ. թիվ 255 հրամանով հաստատված կարգի համաձայն` զոհված զինծառայողների ընտանիքների անդամների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների դիմելու դեպքում, որպես սոցիալական աջակցություն տրվում է 5-10 հազար դրամ միանվագ դրամական օգնություն՝ ԶՍՊ վարչության պետի որոշմամբ:
Վերը նշված որոշման եւ հրամանով հաստատված կարգի համաձայն՝ զոհված անհայտ կորած զինածառայողների ընտանիքների անդամների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների ամուսնության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվում է 100 հազար դրամ միանվագ դրամական օգնություն, իսկ առանձին դեպքերում (դժբախտ պատահարների, գերեզմանի բարեկարգում, ծննդյան տարեդարձ եւ այլն)՝ մինչեւ 100.000դր. չափով՝ ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ պարբերաբար նման տեղեկատվական պարզաբանումներ են լինում՝ նշված ընտանիքներին որոշ չափով օգնելու նպատակով:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ բանկից վարկ վերցնել՝ գրավի դիմաց: Բայց նշեմ, որ այն տունը, որը ցանկանում եմ գրավադնել գտնվում է մարզում: Մտադիր եմ 6 տարի մարման ժամկետով գումար վերցնել: Խնդրում եմ ասեք, եթե ես պետական գրանցված աշխատող չեմ, կարո՞ղ եմ իրականացնել նման գործարք, թե օրենքը թույլ չի տալիս:

Գեւորգ Սիրադեղյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Սիրադեղյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով ձեր վարկունակությունը՝ վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Իսկ ձեր կողմից մատնանշված հանգամանքների վերաբերյալ կարող ենք նշել, որ դրանք հանդիսանում են լրացուցիչ չափանիշներ ձեր վարկունակությունը գնահատելու հարցում:
Ֆինանսական համակարգի հաշտատարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսօր հազարավոր քաղաքացիներ իրենց հողատարածքները կամ բնակարանները գրավադնում են՝ որեւէ նոր գործ սկսելու եւ ապրելակերպը բարելավելու համար: Բայց կարելի է ասել, որ հիմնականում հակառակ պատկերն է ստեղծվում. կամ նրանք կորցնում են իրենց սեփականությունը, կամ էլ այլ ելք չունենալով` թողնում հեռանում են երկրից: Ամեն դեպքում` չնայած վերջին տարիներին հիպոթեքային տոկոսադրույքների որոշակի նվազմանը, բանկերի մատուցած վարկային ծառայությունները դեռեւս չափազանց հեռու են մատչելի լինելուց:




Լրահոս