ՆԱԽԱԳԻԾ՝ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻՆ ԼՌԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել: Խոսքը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված: Օրինակ` «ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ` ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ»: Ըստ նախագծի՝ նման գնահատականներ ու եզրահանգումներ արգելված են ներառել նաեւ ՎՊ տարեկան հաշվետվության մեջ: Այլ կերպ ասած, կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, դարձնելով այդ գերատեսչությունն անլեզու մարմին: Այս նախաձեռնությունը պատահական չէ. վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես վրեժ է լուծում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից` ՎՊ վերջին տարեկան հաշվետվության սկանդալային քննարկումների համար: Հիշեցնենք, որ ՎՊ-ն սկանդալային բացահայտումներ էր կատարել Տ.Սարգսյանի «սիրելի» ոլորտներում, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ նախատեց ՎՊ նախագահին: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:
Թեեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում: Գնացել է որսի: Թերեւս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին: Երեկ ողջ օրվա ընթացքում «ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի՝ որսի գնալու մասին տեղեկությունը ճշտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս համառորեն չարձագանքեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, եւ ո՛չ էլ հաղորդագրություններին:
Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է: Պատճառը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են: Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ռեմ Հովհաննիսյանը, որին սատարում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, անկուսակցական իր մրցակցին՝ Աշոտ Մարգարյանին, ահաբեկում է: «Իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ՝ Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ: Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու: Նրան խփել են՝ ասելով, թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց թեկնածու Աշոտ Մարգարյանը: Սակայն համայնքի ղեկավար Ռ. Հովհաննիսյանը հերքեց լուրը: Բնականաբար, մեղադրանքները չընդունեց նաեւ Կովալենկո Շահգալդյանը:
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելեց նաեւ Էջմիածին քաղաքում բնակվող իր բանակային տարիներից ծանոթ ընկերոջը՝ Ռոբերտ Աբրահամյանին: Սակայն, ինչպես պնդում են Էջմիածնի` «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Մարգվելաշվիլիի այցից ավելի շատ «օգտվեցին» Ռոբերտ Աբրահամյանի հարեւանները: Բանն այն է, որ Վրաստանի նախագահի այցից առաջ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Նշենք, որ Վրաստանի նախագահը Ռոբերտ Աբրահամյանի հետ պատահական ծանոթացել է փողոցում՝ Էջմիածնի զորամասում ծառայելու ժամանակ եւ մինչ օրս ջերմ, ընկերական հարաբերություններ ունի նրա հետ: Ի դեպ, Ռ. Աբրահամյանը մի քանի երաժշտական գործիքի է տիրապետում եւ աշխատում է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում:
ՈՎ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ
Մարտի 1-ի վեցերորդ տարելիցի օրը ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթում, ի թիվս այլ կարեւոր մտքերի, խիստ ուշագրավ էր Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը: Տեր-Պետրոսյանը, որի թիմն անցնող ամիսներին ամեն հնարավոր առիթով քննադատում էր Սերժ Սարգսյանին` սեպտեմբերի 3-ին ՄՄ-ին անդամակցելու իր որոշումը ժողովրդի վզին փաթաթելու համար, հայտարարեց. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին: Ըստ այդմ` թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որեւէ քաղաքական ուժ իր հաշվարկները կատարելիս այսուհետեւ պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետեւանքների»:
Սեպտեմբերի 3-ից ի վեր` սա երկրորդ անգամ էր, որ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Մաքսային միությանը: ՀԱԿ քաղխորհրդի նիստում ունեցած իր առաջին ելույթում նա արգելել էր Պուտինի հասցեին որեւէ թթու խոսք ասել: Հիմա էլ, փաստորեն, արձանագրում է, որ ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցումն «անշրջելի գործընթաց» է, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանը դեռեւս անդամակցության որեւէ փաստաթուղթ չի ստորագրել: Եվ ուրեմն` որն է դեռեւս չկայացած փաստը «անշրջելի» որակելու` Տեր-Պետրոսյանի նպատակը: ՀԱԿ առաջնորդն այս հարցի պատասխանը բավականին անթաքույց կերպով ներկայացնում է իր ելույթի հաջորդ նախադասությունում. «Այս իրողության հաստատմամբ, ինքնաբերաբար, տրվում է նաեւ մեր դրած հարցի պատասխանը. այն է` Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առաջ, որը թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի»: Ասել է թե` Տեր-Պետրոսյանն ասում է` Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչպես տեսար` ես արգելել եմ որեւէ թթու բառ ասել քո մասին, հիմա էլ ասում եմ` մենք ավելի լավն ենք, քան Սերժ Սարգսյանը, եւ եթե նա դեռ Եվրոպայի հետ սեթեւեթելու փորձեր է անում, ապա ես միանգամից արդեն ասում եմ. Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունն անշրջելի է, իսկ Եվրոպայի մասին էլ խոսք անգամ չի կարող լինել:
Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունից հետո, թերեւս, պարզ դարձավ, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդքան ինքնամոռաց արագությամբ փորձում մտնել Մաքսային միություն: Հայաստանում, ցավոք, կարծես թե մրցավազք է սկսվել` ով ավելի արագ երկիրը կպառկեցնի Ռուսաստանի տակ: