ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ

Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի հանրահավաքով ազդարարեց քաղաքական գարնան եւ խաղաղ իշխանափոխության մեկնարկը: Եվ այս առումով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մի քանի ուշագրավ ուղերձ էր պարունակում` ուղղված ե՛ւ միջազգային հանրությանը, ե՛ւ քաղաքական ուժերին:

Նկատենք, որ ՀԱԿ հանրահավաքը եւ դրան հաջորդած երթը սպասվածից բազմամարդ էր: Ընդդիմության հանրահավաքին մասնակցում էր ԲՀԿ-ն, այնտեղ էին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ազատության հրապարակում էին անգամ ժամանակին ՀԱԿ-ից հեռացածները:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը բավականին կոնկրետ էր, առաջարկները` հստակ: Թվարկելով վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ առաջին նախագահը եզրակացրեց. «Իմ խորին համոզմամբ` իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է, քանի որ այսօր առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները»: Նա նաեւ կարեւորեց իշխանափոխության նպատակով քայլերը. «Ժամանակն է, հետեւապես, որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ողջ իմաստը, որովհետեւ այդ պահը կորցնելու պատասխանատվությունն ընկնելու է առանց բացառության բոլորիս վրա, իսկ հետին թվով մեղավորներ փնտրելու մեր ազգային ավանդույթը ոչ ոքի ցավը չի ամոքելու, որքան էլ կոլեկտիվ անպատասխանատվության դրսեւորումները, որպես կանոն, անպատիժ մնան»: Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ հաշվի առնելով ԱԺ «հրաշալի քառյակի»` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգություն» խմբակցության համագործակցությունը, ինքը հանրահավաքում իշխանափոխության ճանապարհային քարտեզ չի առաջարկի, այլ դա կանեն չորս ուժերը համատեղ: «Այժմ ես չեմ հայտարարում նաեւ ՀԱԿ հաջորդ հանրահավաքի օրը, սպասելով այսօրվա հանրահավաքում հնչեցված պատգամներին քաղաքական մյուս ուժերի տալիք արձագանքին, ինչպես նաեւ չբացառելով, որ առաջիկայում մենք հասարակության առջեւ հանդես գանք համատեղ կազմակերպված հանրահավաքով: Համոզված եմ, որ համարժեք արձագանքի եւ հասարակական ու քաղաքական ուժերի համախմբման պարագայում, այսօրվա հանրահավաքը կարող է լուրջ քաղաքական գործընթացի սկիզբ դառնալ` սահմանադրական ճանապարհով հանգեցնելով խաղաղ իշխանափոխության եւ բացառելով բռնության ցանկացած դրսեւորում ընդդիմության կողմից: …Համենայնդեպս, հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա եւ, հավանաբար, տեղի կունենա այն ժամանակ, երբ 4 խմբակցություններն ԱԺ-ում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը»,-եզրափակել էր նա:
Նրանք պատրաստ են
համագործակցելու
Նկատենք, որ Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական դաշտում բավականին լուրջ քննարկումների տեղիք է տվել: Առաջին անգամ ԲՀԿ-ականները բաց տեքստով հայտարարում են, որ համամիտ են Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ: Իհարկե, ԲՀԿ-ականները չեն մոռանում այս համատեքստում հիշատակել նաեւ ԲՀԿ համագումարում իրենց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին՝ ասելով, որ Տեր-Պետրոսյանի գնահատականները Ծառուկյանի հնչեցրածի շարունակությունն էին: Այս իրադարձություններից հետո հատկապես կտրուկ է արտահայտվել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, ըստ էության, առաջին անգամ խոսելով ՀՀ-ում արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու մասին: «Հայաստանում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված են 2017-ին եւ 2018-ին: Հայաստանը չունի ժամանակի նման շռայլություն եւ քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական ռեսուրսներ` սպասելու այդ ընտրություններին, հատկապես մտքում ունենալով նախորդ ընտրությունների փորձը»,- երեկ ասել է նա՝ կարեւորելով այդ ուղղությամբ քայլեր անելը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, թե արդյունքի հասնելու համար կարեւոր է հասարակական կոնսոլիդացիան, որը գնալով կայանում է: Հիմա Մարգարյանի խոսքերով՝ շատ կարեւոր է, որ չորս ուժերը համատեղ ճանապարհային քարտեզ մշակեն ու ներկայացնեն հասարակությանը, եւ այդ քարտեզից էլ կախված կլինի համատեղ հանրահավաք հրավիրելու հարցը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իրենք միշտ էլ կողմ են եղել Հայաստանում ամբողջական իշխանափոխության, իսկ խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունը հուշում է, որ «Իշխանափոխության խնդիրն օրակարգում դնելու հնարավորություն կա»: Հիմա նա կարեւորում է իշխանափոխության հարցը չորս ուժերի համագործակցության օրակարգում ներառելը, դրա հասնելու ճանապարհային քարտեզ մշակելն ու իրագործելը: Արդյոք քաղաքական ուժերին կհաջողվի միասնական օրակարգ ձեւավորել, թե՞ ամբիցիաները կրկին կխանգարեն գործելուն. «Ժողովուրդ»-ի այս հարցին Արմեն Մարտիրոսյանը պահասխանեց, թե ամբիցիաներ առաջ տանելու դեպքում կպարտվեն բոլորը: Բայց նա նաեւ վստահեցրեց, որ արդեն անցել է ամբիցիաներ ցույց տալու պահը, քանի որ անցել են նաեւ համապետական ընտրությունները:
Դաշնակցությունն առայժմ լռում է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությանը՝ նշել էր. «Ինչով է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել»: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչ է մտածում այդ հայտարարության մասին Ռ. Քոչարյանը, եւ համաձայն է այն տեսակետի հետ, որ Գ. Ծառուկյանը կարող է լինել հայկական Իվանիշվիլին: «Անկեղծ ասեմ, դեռ առիթ չեմ ունեցել այդ ելույթը պարոն Քոչարյանի հետ քննարկելու, կքննարկեմ անպայման, եթե արձագանքելու կարիք լինի, կամ հատուկ կարծիք արտահայտելու կարիք լինի անպայման կհայտնեմ»,-ասաց Վ. Սողոմոյնաը:

 

ՆԻՍՏԸ ԵՂԱՎ

Խորհրդարանում երեկ տեղի է ունեցել Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովն ընտրել է նախագահ` ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանին եւ փոխնախագահ` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին: Բացի այդ, հանձնաժողովի նիստում պատգամավորները բաժանվել են չորս աշխատանքային խմբի` ուսումնասիրելու ԱԺ որոշմամբ հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները` գազի սակագնի ձեւավորման, 2011թ-ից ՀՀ մատակարարված գազի դիմաց 300 մլն դոլար պարտք կուտակելու եւ այլ հարցեր: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իրենք որոշել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ կարեւորում են բարձրացված հարցերի պատասխաններ ստանալը, բացի այդ, իշխանություններն ընդունել են հանձնաժողովի վերաբերյալ ՀԱԿ առաջարկների մեծամասնությունը: «Բայց ունենք նաեւ վերապահում` կապված հանձնաժողովի աշխատանքները փակ կազմակերպելու հետ»,- նշեց Մանուկյանը:

 

ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ՄՈՒԼՏԻԿԸ»

Armlur.am-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 68 դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել: Ականատեսի խոսքերով՝ մի խումբ տղաներ սկզբում բարձր-բարձր զրուցել են, հետո գոռգոռոցները վերածվել են ծեծկռտուքի: Armlur.am-ի տեղեկություններով՝ հենց դպրոցի մոտ ծեծի է ենթարկվել «Մուրացանի Մուլտիկ» մականունով Արթուրը: Թե ով է եղել Արթուրին ծեծի ենթարկողը, դեռ չի հաջողվել ճշտել: Միայն տեղեկացանք, որ բռնություն գործադրողը նախօրեին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Armlur.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե ինչ է անում այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունը: Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից միայն ասացին, թե քննություն է ընթանում` հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԲԱԼՈՆՆԵՐԸ` ՄԱՐԶՊԵՏԻ ՏԱՆԸ

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող, Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը արտակարգ իրավիճակ է, քանի որ այնտեղ հայտնաբերվել է գազի 2 բալոն եւ անհայտ սարք: Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ մարզպետի տանը հայտնաբերվել է սովորական տնտեսական օգտագործման գազի 2 բալոն, որոնք վտանգ չեն ներկայացնում: Մալխասյանի փոխանցմամբ` այժմ փորձում են պարզել, թե ինչպես են բալոնները հայտնվել մարզպետի տանը:

 

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն բավարար է: Այս մասին armlur.am-ին տեղեկացրել են Իզմիրլյանի անվան բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ Հայրիկյանը նախօրեին տեղափոխվել էր վերոնշյալ բուժհաստատություն, որտեղ անմիջապես վիրահատվել էր` ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքման հետեւանքով:

 

ՄԵՐԺԵՑԻՆ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:

 

ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՏԱԿԻՑ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` իշխանական վերնախավում պարզել են, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում են նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մասնավորապես նախարարներ: Ըստ աղբյուրի` այս առումով առաջինն ուշադրության է արժանացել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով կառավարության վերջին նիստերից մեկից հետո ասել էր, թե իր ղեկավարած գերատեսչությունում կուտակային կենսաթոշակային պահումներ արվել են ոչ բոլորից. «Ովքեր չեն համաձայնել վճարել, նրանցից չի պահվել»,-նշել էր նախարարը:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ճարտարապետ, երաժիշտ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արթուր Մեսչյանի հետ եւ շնորհավորել նրա ծննդյան 65-ամյակը:

 

ՄԱՍՆԱՏՈՒՄԸ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին կարող են դարձնել Ուկրաինայի առանձնացած հատվածի ղեկավար: Այդ մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին: Նա հայտնել է, որ Յանուկովիչի սկզբնական ծրագրի համաձայն` Ուկրաինայի բաժանման մասին հայտարարվելու էր Խարկովում` փետրվարի 25-ին կայանալիք համագումարի ժամանակ:




Լրահոս