ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-սերբական հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության վրա, ինչի մասին են վկայում նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ նկատվող ակտիվ շփումները մեծապես կնպաստեն հայ-սերբական բազմակողմ հարաբերությունների առաջընթացին: Գ.Սահակյանը հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման հարցում կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխայցելությունները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ԼՂ հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը միակ ձեւաչափն է՝ երաշխավորված միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում նա կարեւորել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը:
Գալուստ Սահակյանը, հիշեցնելով, որ գալիք տարում լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, նշել է, որ Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քանզի մարդկության դեմ ուղղված նման ոճիրներն անպատժելի թողնելը նույնն է, ինչ թույլ տալ դրանց կրկնությունը:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը եւ այս կապակցությամբ գոհունակությամբ նշել ընթացիկ տարվա մարտին կայացած հայ-սերբական առաջին գործարար համաժողովի մասին: Պարոն Սահակյանն անհրաժեշտ է համարել նաեւ հայ-սերբական միջմշակութային կապերի աշխուժացումը, ինչը, նրա կարծիքով, կնպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, որ Հայաստանում իրեն զգում է գրեթե իր հայրենի քաղաքում՝ Բելգրադում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում, բարեկամական խմբերի փոխայցելությունները: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաեւ տնտեսության ոլորտում:
Հանդիպման ավարտին Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը գրառում է կատարել ԱԺ Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային ժողովի շենքում, եղել է նիստերի դահլիճում: