Մայիսի 11-ին, ժամը 11-ին Երևանի Պետական Համալսարանի Գիտխորհրդի դահլիճում (ԵՊՀ, 5-րդ հարկ) տեղի կունենա Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնի, Կենտրոնի Ուսանողական խորհրդի և AEGEE-Երևան ՀԿ-ի կազմակերպած ուսանողական գիտաժողովը` նվիրված Եվրոպայի օրվան, որն այս տարի Հայաստանում նշվելու է մայիսի 12-ին:
Եվրոպական Միության և Հայաստանի համագործակցությունն օրեցօր ներառում է նոր բնագավառներ: Համագործակցության խորացումը կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, էներգետիկ անվտանգությանը, սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, շրջակա միջավայրի պահպանմանը և այլն: ԵՄ-ը այսօր խորացնում է գորընկերային հարաբերությունները իր արևելյան հարևանների հետ, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար:
Գիտաժողովի հիմնական նպատակն է պարզել, թե ինչ են շահում ԵՄ Արևելյան հարևանները ԵՄ հետ համագործակցությունից և ինչ խոչընդոտների են հանդիպում այս ճանապարհին, ուսանողներին հնարավորություն տալ իրենց մտքերն արտահայտել այս արդիական թեմայի շուրջ և նպաստել ԵՄ-Հայաստան համագործակցության խորացմանը: Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Եվրոպական Ուսումնասիրությունների կենտրոնի և ԵՊՀ ուսանողները, ինչպես նաև AEGEE-Երևան ՀԿ-ի փորձագետները:
Զեկույցների հիմնական թեմաներն են` ԵՄ գերակայությունները ՀՀ հետ
համագործակցության համատեքստում, ՀԿ-ների դերը Արևելյան Գործընկերության
Քաղաքացիական Պլատֆորմում, Եվրաինտեգրման մոդելի կիրառման
հնարավորությունները Հարավային Կովկասում, Հայկական և Եվրոպական Ինքնություններ, ԵՄ հնարավոր ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտությունում և այլն: