ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՐՈՒՑԵԼՅՈԶԻ ԴԵՊՔԵՐ ԿՈՏԱՅՔՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել է բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Դրանցից 35-ը սանիտարական սպանդի են ենթարկվել, իսկ մնացած երեքն առաջիկայում կենթարկվեն: Առայժմ հայտնի չէ` արդյոք այդ հիվանդությունը փոխանցվել է մարդուն, թե ոչ:

Նշենք, որ բրուցելյոզի նկատմամբ ընկալունակ են գյուղատնտեսական եւ ընտանի բոլոր կենդանիները: Բրուցելաների առանձին ձեւեր նաեւ փոխանցվում են մեկ կենդանական տեսակից մյուսին: Կովերի կաթնագեղձերում բրուցելաները կարող են պահպանվել մինչեւ 7-9 տարի, ոչխարների մոտ` 2-3 տարի: Բրուցելյոզի կլինիկական կամ ախտաբանաանատոմիական նշաններ ունեցող բոլոր տեսակի կենդանիների միսը բաց են թողնում եփելուց հետո: Բրուցելյոզի նկատմամբ հակազդած խոշոր եղջերավոր կենդանիների եւ խոզերի սպանդից ստացված միսը, բրուցելյոզի կլինիկական նշանների, կամ մսում եւ օրգաններում ախտաբանաանատոմիական փոփոխութունների բացակայության դեպքում բաց են թողնվում առանց սահմանափակման: Բրուցելյոզի նկատմամբ հակազդած ոչխարների եւ այծերի սպանդից ստացված միսը ենթակա է միայն երշիկեղենի կամ պահածոների վերամշակման՝ պահպանելով համապատասխան ջերմամշակման պահանջները:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի խոսքով՝ այս հիվանդությունը կարանտինային չէ: Նշենք, որ այս պահին արգելված է հիվանդ կենդանիների կաթն առանց ջերմային մշակման օգտագործել, իսկ հիվանդ կենդանիները մինչեւ սանիտարական սպանդի ենթարկվելը մեկուսացվել են: Մկրտչյանից տեղեկացանք նաեւ, որ ՀՀ-ում պլանային ստուգումները սովորաբար սկսվում են մարտ ամսին, բայց քանի որ նախորդ տարի գրանցվել են նման հիվանդության մի քանի դեպքեր, հետազոտությունն այս տարի մի փոքր վաղ է սկսվել: «Խոշոր եղջերավոր կենդանիները տարին երկու անգամ պետպատվերի շրջանակներում հետազոտվում են: Եվ հիմա ողջ հանրապետությունով մեկ սկսվել են այդ աշխատանքները»,-տեղեկացրեց Մկրտչյանը:
Մասնագետների խոսքով՝ եթե անասնաբույժը նորմալ վարձատրվի, ապա կատարած աշխատանքն էլ անթերի կլինի, իսկ նման հիվանդությունների դեպքերը Հայաստանում կնվազեն:
Այսօր որոշ անասնաբույժներ, չունենալով համպատասխան փոխադրամիջոց, պարզապես չեն կարողանում մի գյուղից մեկ այլ գյուղ տեղափոխվել եւ պատվաստումներ իրականացնել: Մասնագետները նշում են, որ նաեւ այս իրավիճակի հետ են կապված վերջին տարիներին գլուխ բարձրացրած սիբիրախտի, դաբաղի, բրուցելյոզի դեպքերը: Այս պնդումներին ի պատասխան, սակայն, անասնաբուժության տեսչության պետը հավաստիացրեց. «Անասնաբույժը եթե պայմանագիր է կնքել, ապա չի կարող թերի կատարել իր աշխատանքը, քանի որ կա անասնաբուժական տեսչություն՝ ՊՈԱԿ, որը մշտապես հսկողություն է իրականացնում: Նա չի կարող ուղղակի ինքնագործունեությամբ զբաղվել: Աշխարհի ո՞ր երկրում հիվանդություն չկա: Միջոցառումն անում ենք, եթե չանենք, ապա ավելի վատ պատկեր կունենանք»:
Սակայն «Ագրարագյուղացիական միավորում» հկ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հակառակը պնդեց՝ նշելով, որ այս հիվանդությունների գրանցված դեպքերը համապատասխան պետական կառույցների բացթողման արդյունք են: «Տարեցտարի մեզ մոտ կրկնվում է աֆրիկյան ժանտախտը, սիբիրյան խոցը, բրուցելյոզը եւ այլ հիվանդություններ, որոնք տարբեր տեղերում են ի հայտ գալիս: Իհարկե, դա համապատասխան կառույցի թերությունն է, վատ աշխատանքի արդյունքը, որովհետեւ եթե ճիշտ աշխատեին, այդ հիվանդությունները չպետք է ընդհանրապես լինեին: Չէ որ պետությունը բուժումների եւ պատվաստումների համար լուրջ գումարներ է հատկացնում: Այնպես որ, եթե ճիշտ աշխատեին, այս վիճակը չէր լինի մեզ մոտ»,-նկատեց Բերբերյանը` կարծիք հայտնելով, որ դա կարող է նաեւ անասնաբույժների թերի աշխատանքի պատճառով լինել. «Մի կողմից` բացթողում է, բայց թող անասնաբույժները չմոռանան, որ ամեն մի պատվաստում անելուց հետո իրենք, բացի պետական միջոցները, գյուղացուց գումար են վերցնում: Մյուս կողմից` ժամանակն է եկել, որ այս բնագավառը համալրենք հմուտ, պատասխանատու անձանցով»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղնախարարությունից տեղեկացավ, որ անցյալ տարի կառավարությունը պատվաստանյութերի ձեռքբերման համար հատկացրել է 510 մլն դրամ, իսկ այս տարի՝ 594 մլն դրամ:
Տեղեկացնենք, որ անասնաբույժի կողմից յուրաքնաչյուր միավոր աշխատանքը գնահատվում է 75 դրամ. մեկ կով պատվաստելու համար` 75 դրամ, երկու խոզի կամ երկու ոչխարի դեպքում` 75 դրամ, 50 հավ սրսկելու համար, պետությունն անասնաբույժին վճարում է 50 դրամ: Ինչպես ասում են` առանց մեկնաբանության:
Վերջում նշենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊ ծառայությունը դիմել է առողջապահության նախարարություն՝ պարզելու` վարակված մարդ կա, թե ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՀԱՂԹԵՑ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ»

Մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզահամալիրում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի ռեւանշ-մենամարտը: Մեր հայրենակիցը միավորների առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տարավ` նվաճելով սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ներկայացնում ենք Արթուր Աբրահամի հետ «Ժողովուրդ»-ի բացառիկ հարցազրույցը:

-Ինչպես եք գնահատում այս մենամարտը, Դուք կարողացա՞ք ամբողջովին անել այն, ինչին ընդունակ էիք եւ ինչ ծրագրել էիք մարզչի հետ:
-Դժվար մարտ էր. 12 ռաունդ մենամարտելը հոգնեցնող է, երկուսս էլ մեր ողջ ուժերի չափով մինչեւ վերջ մենամարտեցինք, եւ հաղթեց ուժեղագույնը:
-Ճի՞շտ ենք նկատել, որ Շտիգլիցը, կարելի է ասել, կեղտոտ մարտ էր վարում` անընդհատ փաթաթվելով, սահմանափակելով Ձեր շարժումները:
-Արդեն քաջածանոթ էի Շտիգլիցի հնարանքներին. ես եւ մարզիչս նախապես ուսումնասիրել էինք նրա վերջին մենամարտերը եւ մշակել նոր մարտավարություն: Այնպես որ, ես կարողանում էի հակադարձել նրան: Լիարժեք չպահպանեցի նախապես մշակված տակտիկան, մենամարտի ընթացքում փոփոխություններ եղան իմ կողմից, բայց հիմնականում շարժվեցի մարզչիս հրահանգներով:
-Կարծես թե մարզադահլիճում Շտիգլիցի երկրպագուներն ավելի շատ էին, ո՞րն էր դրա պատճառը: Նա ի՞նչ ասաց մենամարտից հետո:
-Մենամարտերի ժամանակ ես միայն լսում եմ մարզչիս եւ եղբորս ձայնը, այլ ձայներ չեն հասնում իմ ականջներին, այդ պատճառով լսելի չեն նաեւ հանդիսատեսի ձայները: Ասում են՝ սկզբում դահլիճում հավաքվածների գերակշիռ մասը երկրպագել է Շտիգլիցին, բայց հետո արդեն ոչ թե մի մասն է վանկարկել իմ անունը, այլ ամբողջ մարզապալատը: Մենամարտից հետո Շտիգլիցը հայտարարել է, թե ինքն է հաղթողը, թե, իբր, ժյուրին արդար չի դատել: Քանի որ մարտի ընթացքում Շտիգլիցը ծանր հարվածներ ստացավ, 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին, ըստ երեւույթին չի կարողանում հիշել ոչ մի բան:
-Նման ծանր մենամարտից հետո ինչպե՞ս եք հանգստանում:
-Առաջիկա օրերին հանդիպումներ կունենամ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ապա մի քանի օրով կմեկնեմ Սինգապուր, որից հետո կայցելեմ Հայաստան: Սակայն օրը հստակ չգիտեմ: Այնուհետեւ կվերադառնամ եւ կվերսկսեմ մարզումներս:
-Արդեն պարզ է, որ մայիսին գոտին պաշտպանելու ժամկետն է, ո՞վ կարող է լինել Ձեր մրցակիցը:
-Դեռ հայտնի չէ, թե ով է լինելու մայիսի 31-ին կայանալիք` իմ տիտղոսի պաշտպանության մենամարտի մրցակիցս:
-Անգլիացի մեկնաբաններից մեկը մենամարտը վերլուծելիս ասաց, որ Քինգ Արթուրը ժամանակը ետ շրջեց եւ դարձավ նույն Արթուր Արքան: Դուք ինչ կավելացնեք:
-Ինչ ավելացնեմ: Սա ինձ համար վճռորոշ մարտ էր, եւ հասա իմ նպատակին` վերադարձրեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բոլորիցդ անսահման շնորհակալ եմ:

Զրուցեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

 

 

 

 

ԱՆՎՏԱՆ՞Գ, ԹԵ՞ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում վերջերս մի քանի արագաչափեր են տեղադրվել, որոնք առաջացրել են վարորդների դժգոհությունը: Արագաչափերից մեկը տեղադրված է Նոյեմբերյան քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Ջուջեւան գյուղի մուտքի մոտ՝ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը մեզ ասաց, որ ինքը կողմ է Ջուջեւանում արագաչափի տեղադրմանը, քանզի որոշ վարորդներ գյուղի տարածքում գերազանցում են բնակավայրում թույլատրված առավելագույն արագության` 60կմ/ժ սահմանը: Սակայն «Ժողովուրդ»-ին բողոքող նոյեմբերյանցի բազմաթիվ վարորդներ նշում են, որ իրենք դեմ են գյուղի ծայրին դրա տեղակայմանը, քանի որ այդ արագաչափը չի լուծում բնակավայրի տարածքում երթեւեկության անվտանգությանը նպաստելու խնդիրը: Այդ արագաչափի կողքով անցնելուց հետո մեքենաները Ջուջեւանի տարածքում մեծ արագությամբ են ընթանում: Ուստի վարորդներն ասում են, որ ճիշտ կլիներ արագաչափը տեղադրել գյուղապետարանի եւ դպրոցի ճանապարհի խաչմերուկում կամ էլ գյուղի ավտոկանգառի հարեւանությամբ: Այդ տեղերում մարդկային հոսքը մեծ է, վթարների հավանականությունը` նույնպես: Վարորդները նաեւ ասում են, որ գյուղի ծայրին, թեքության վրա արագաչափի տեղադրումը ձմռան պայմաններում խնդիրներ է առաջացնելու, քանի որ ցածր արագությամբ հնարավոր չի լինելու հաղթահարել Ջուջեւանի բարձունքը: Նոյեմբերյանցի վարորդների տեղեկացմամբ` միջազգային «Նավիգատոր» արբանյակային ծրագրով Ջուջեւանում արագաչափի տեղը նշված է գյուղի ավտոկանգառի հարեւանությամբ: Վարորդները կարծում են, որ ի սկզբանե հենց այդտեղ էլ նախատեսված է եղել տեղադրել արագաչափը, սակայն տեղը փոխվել է, որպեսզի այն ավելի շատ խախտումներ արձանագրի, քանզի բարձունքից իջնող կամ այն հաղթահարող մեքենաները կարող են գերազանցել սահմանված արագությունը:
Նույն կերպ երթեւեկության անվտանգությանը նպաստելու խնդիրն արդյունավետ չի լուծում նաեւ միջպետական ճանապարհի` Կողբ-Բերդավան հատվածում տեղադրված արագաչափը: Նոյեմբերյանցի վարորդների համոզմամբ` եթե արագաչափը տեղադրվեր Բերդավանի ավտոկանգառի հարեւանությամբ գտնվող խաչմերուկում, դա կզսպեր այդ հատվածով երթեւեկող շատ մեքենաների մեծ արագությունը, հետեւաբար` նաեւ այդտեղ կատարվող վթարները:
Իսկ Բագրատաշենի մաքսակետի մոտ տեղադրված արագաչափն էլ դարձել է ծաղրի առարկա: Բանն այն է, որ այդտեղ առավելագույն արագություն է սահմանված ժամում 20 կիլոմետր ընթացքը: Տեղացի երեխաները հեծանիվներով մեծ արագություն հավաքելով` անցնում են այդ արագաչափի մոտով, սարքն էլ ստեպ-ստեպ անիմաստ կերպով նրանց նկարում է` այդպիսով մեծ ուրախություն պատճառելով երեխաներին: Նոյեմբերյանցի վարորդների համոզմամբ` քանի որ արագաչափերի աշխատանքից ստացված տուգանքների զգալի մասը մտնում է Սերժ Սարգսյանի մերձավոր անձանց գրպանը, դրանք տեղադրվում են ոչ թե երթեւեկության անվտանգությունն, այլ՝ մեծ շահույթներ ապահովելու առաջնահերթությամբ:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս