ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՏ ԷՐ

Երեկ միաժամանակ երկու հետաքրքիր իրադարձություններ էին ծավալվում մեր երկրում. մի կողմից ՀՀ երկրորդ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն իշխանափոխության կոչ էին անում, մյուս կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին «հյուր էր» գնացել: Նա Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկենի եւ ՄՕԿ մի շարք պաշտոնյաների հետ ՀՀ նախագահի նստավայրում էր: Այսինքն՝ ԲՀԿ-ն պահանջում է Սարգսյանի իշխանության հրաժարականը, իսկ կուսակցության առաջնորդը նրա հետ սեղան է նստում: Շատ սկզբունքային է եռյակը:

 

 

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչի հետ զրույցում «ժողովուրդ» օրաթերթը հերաքրքրվեց. Ուկրաինայի դեպքերը Ձեր աչքի առաջ ունենալով՝ ի՞նչ եք կարծում, այն, որ Հայաստանը չգնաց Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհով, ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց: «Մենք հարգում ենք այն որոշումը, որ ՀՀ-ն կայացրեց անցյալ տարի սեպտեմբերի 3-ին, դրա համար կային հստակ քաղաքական եւ տնտեսական պատճառներ: Բայց ես կարծում եմ, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ երկարաժամկետ առավելություններ կամ խնդիրներ կբերի Եվրասիական միությանը ՀՀ միանալը: Մեր դերն է՝ ապահովել, որ ՀՀ-ն օգուտ քաղի ԵՄ-ի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններից»,- պատասխանեց դեսպանը: Երբ նրանից խնդրեցինք մեզ հետ կիսվել ունեցած տեղեկություններով, թե ինչ է սպասվում հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ արդյո՞ք ՀՀ-ն կստորագրի ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթը, դեսպանը, ահա, այսպիսի պատասխան տվեց. «Ես այդ մասին մամուլում բաց տեքստով արված հայտարարություններից բացի այլ տեղեկություն չունեմ»:

 

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ՝ վաղ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր: Նա առավոտյան շտապ հանդիպել էր Սերժ Սարգսյանին, որպեսզի ընդհանուր լուծումներ գտնեին, թե ինչպես են հարթելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թեկնածուների ընտրության շուրջ բարձրացված աղմուկը: Բացի այդ, նախարարը Սերժ Սարգսյանին էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի երեք թեկնածուների անունները, որոնք օրվա ընթացքում արդեն հրապարակվեցին: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, Նելիկ Հարությունյանն ու Արայիկ Ղազարյանն են հավաքել ամենաբարձր միավորները: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱՆ-ից պարզել՝ ի՞նչ նպատակով էր ՀՀ արդարադատության նախարարն առավոտյան հանդիպել Սերժ Սարգսյանին: Սակայն նախարարության լրատվական բաժնից, լսելով մեր հարցը, հայտնեցին, թե չեն ցանկանում մեկնաբանել:

 

 

 
ՀՀ Կառավարությունն ու ԱԺ-ն չեն դադարում գլխացավանքներ ստեղծել ՀՀ քաղաքացիների՝ այս դեպքում մեքենաների առքուվաճառքով զբաղվողների համար: Պարզվում է՝ ՀՀ-ում 2010-ից մի օրենք է գործում, որի մասին մարդիկ իմանում են այն ժամանակ, երբ ստիպված են լինում լրացուցիչ հարկ վճարել: Այն մարդը, որը պատահաբար կամ թեկուզ եկամուտ ստանալու ակնկալիքով 1 տարվա ընթացքում 1 անգամից ավել ավտոմեքենա կվաճառի, պարտավոր է մեքենայի արժեքի միանգամից 16.67% տոկոսը վճարել որպես «Ավելացված արժեքի հարկ»: «Ժողովուրդ»-ին մի քաղաքացի ահազանգեց՝ տեղեկացնեով, որ վերջերս բարեկամի կողմից ուղարկված երկու մեքենա է վաճառել եւ օրերս հարկային ծառայությունից ծանուցում է ստացել՝ ներկայանալու եւ պարզաբանումներ տալու պահանջով: Ավելի ուշ պարզել է, որ ամիսներ առաջ վաճառված մեքենայի համար պետք է հարկային պարտավորություններ կատարած լիներ: Թե ինչպե՞ս պետք է իրազեկվեին քաղաքացիները, ո՞վ է թերացել այս հարցում, թերեւս դժվար չէ կռահել: Ամեն դեպքում հարկային ծառայողները «ատամները սրած» «քերթում են մարդկանց կաշին»:

 

 
ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ

Ընդամենը մեկ օրից` վաղը, Մինսկում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում էլ նախատեսված է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Համենայն դեպս, երեկվա դրությամբ ստորագրումը հետաձգելու կամ չեղարկելու մասին որեւէ հայտարարություն չէր արվել:
Սակայն ուշագրավ է, որ այդ մասին որեւէ հիշատակություն չկա ո՛չ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների, ո՛չ էլ ՀՀ նախագահի կայքէջերում, իսկ պաշտոնական հաղորդագրություններն էլ սահմանափակվում են նախագահների՝ Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին մասնակցության մասին տեղեկատվությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրման հարցը, գոնե երեկվա դրությամբ, դեռեւս հարցականի տակ էր:
Առավել եւս, որ նախանշված անդամակցությունից մեկ օր առաջ ԵՏՄ պայմանագիրը դեռեւս ամբողջությամբ վավերացված չէ Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանների կողմից: Ավելին` Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն նախօրեին տեղական լրատվամիջոցներին ասել էր, թե Բելառուսը չի վավերացնի պայմանագիրը, եթե Մոսկվան չգնա որոշակի զիջումների էներգակիրների, ավտոմեքենաների եւ այլ ապրանքատեսակների հետ կապված սահմանափակումների հարցում: Այդ վերապահումներն ամրագրված են անգամ ներկայացուցիչների պալատին ներկայացված` վավերացման մասին օրինագծում, որի կապակցությամբ Տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վ. Վալյուշիցկին հայտարարել էր, թե Բելառուսի խորհրդարանն ամենայն բծախնդրությամբ է մոտենալու վավերացման հարցին: Ուստի, եթե նույնիսկ Պուտինը հերթական անգամ բավարարի «Բատկայի» ախորժակն ու Նազարբաեւի աքսակալային նկրտումները, կարծես թե նրան չի հաջողվելու այդ գործը գլուխ բերել մինչ վաղը:
Էլ չասած, որ որոշակի դիմադրություն կարող է լինել նաեւ ՀՀ իշխանությունների կողմից` կապված Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելու հարցի հետ: Համենայն դեպս` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի, եւ ըստ չհերքված տեղեկությունների` նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Երեւան, ապա Բաքու կատարած գաղտնի այցերը խոսում են այն մասին, որ այս հարցում եւս խնդիրները չափազանց շատ են` վաղը նախանշված ստորագրման կայացման համար:
Ամեն դեպքում` ստեղծված իրավիճակում Ս. Սարգսյանի համար լավագույն լուծումը կլինի այն, որ պայմանագրի ստորագրման հետաձգումը լինի ոչ թե ՀՀ իշխանությունների,այլ Բելառուսի եւ Ղազախստանի ջանքերով, եւ հոկտեմբերի10-ին հանրահավաք անող հայրենի եռյակի «ծառայությունների» կարիքը չզգացվի:

 




Լրահոս