ՄԵՐ ԴԵՐԸ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄՆ Է
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Եվրամիության նախաձեռնած զարգացման ծրագրերը շարունակվում են իրագործվել Հայաստանում՝ մասնավորապես արդարադատության, հանրային կառավարման եւ մասնավոր սեկտորի բարելավման ոլորտներում:
-Ինչպես գիտեք՝ Հայաստանը ընտրել է համագործակցության երկու ուղի եւ՛ Եվրոպայի, եւ՛ Ռուսաստանի հետ: Ձեր կարծիքով սկզբունքորեն հնարավո՞ր է համագործակցել միաժամանակ երկու ուղղություններով:
-Հնարավոր է, իսկ Հայաստանի նման երկրի համար՝ նույնիսկ նախընտրելի: Դա հնարավորություն կտա զարգացնելու ամուր եւ արդյունավետ երկկողմ հարաբերություններ թե՛ Եվրամիության եւ թե՛ Ռուսաստանի հետ: ԵՄ-ն իր գործընկերներին առաջարկում է համագործակցության բազմաթիվ տարբերակներ, եւ երկրներն ազատ են որոշելու համագործակցության խորության ձեւաչափը:
-Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան վերջերս հայտարարել էր, թե մոտ առաջիկայում կստեղծվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների նոր փաթեթ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ արդյունքներ կունենա գործընթացը:
-Քանի որ որոշում է կայացվել դադարեցնել Ասոցացման ու Խորը եւ համապարփակ առեւտրի՝ արդեն բանակցված համաձայնագրերի ընթացքը, անհրաժեշտություն կա ստեղծել նոր իրավական փաստաթուղթ, որը կփոխարինի 1999-ից գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Այս փաստաթուղթը կներկայացնի այն հիմնական ոլորտները, որտեղ Հայաստանն ու ԵՄ-ն կարող են համագործակցել:
Միաժամանակ՝ ԵՄ նախաձեռնած զարգացման ծրագրերը շարունակվում են, մասնավորապես արդարադատության, հանրային կառավարման եւ մասնավոր սեկտորի բարելավման ոլորտներում: Մենք հուսով ենք, որ այս ծրագրերը կշարունակվեն եւ ոչ միայն կնպաստեն օրենսդրական դաշտի բարելավմանը, այլեւ իրապես կնպաստեն դրանց կյանքի կոչմանը:
-Ուկրաինայի դեպքերը Ձեր աչքի առաջ ունենալով՝ ի՞նչ եք կարծում, այն, որ Հայաստանը չգնաց Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհով, ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց:
-Մենք հարգում ենք այն որոշումը, որ Հայաստանը կայացրեց անցյալ տարի սեպտեմբերի 3-ին, դրա համար կային հստակ քաղաքական եւ տնտեսական պատճառներ: Բայց կարծում եմ, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ երկարաժամկետ առավելություններ կամ խնդիրներ կբերի Եվրասիական միությանը Հայաստանի միանալը: Մեր դերն է՝ ապահովել, որ Հայաստանը օգուտ քաղի ԵՄ-ի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններից:
-Հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի ստորագրումը Հայաստանի կողմից: Դիվանագիտական ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում. ՀՀ-ն կստորագրի՞ միանալու պայմանագիրը, թե՞ ոչ:
-Ես այդ մասին մամուլում բաց տեքստով արված հայտարարություններից բացի այլ տեղեկություն չունեմ:
-Ինչպիսի՞ գնահատական կտաք մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանի եւ գրասենյակի ծավալած գործունեությանը: Ինչպես գիտենք՝ առեւտրականները կառավարության շենքի մոտ իրենց դժգոհությունն էին արտահայտում «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Ի պատասխան՝ իրավապահ մարմինները բերման ենթարկեցին ակտիվ քաղաքացիներին՝ Տիգրան Մեծի փողոցը փակելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Արդյո՞ք իրավապահ մարմինների նման քայլերը օրինական են եւ չեն հակասում մարդու իրավունքներին:
-«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ եւ ընդհանրապես իրենց իրավունքների համար պայքարողների մասին կարող եմ ասել, որ հանրահավաքներն ու խաղաղ բողոքի ցույցերը կարեւոր նշանակություն ունեն ցանկացած հասարակության համար, իսկ ոստիկանների աշխատանքն այդ հանրահավաքներում անչափ բարդ է, քանի որ, ըստ օրենքի, նրանք պարտավոր են ե՛ւ հանրահավաքներ իրականացնելու հնարավորություն տալ, ե՛ւ դա անել ողջամտության սահմաններում:
-ՄԱԿ-ի գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «գրողի ծոցը վավերացնեք արձանագրությունները»` խոսելով 2009 թվականին Ցյուրիխում նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա փոխհարաբերությունները հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում՝ Հայաստա՞նն է դիվանագիտական ու քաղաքական սխալներ թույլ տալիս, թե՞ Թուրքիան:
-ԵՄ-ն շարունակում է պաշտպանել 2009 թվականին Ցյուրիխի, առանց նախապայմանների, արձանագրությունների վավերացման գաղափարը: Մենք հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն այս երկու երկրի, այլեւ ամբողջ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Այս պարագայում մեր դերը դրական քայլերի խրախուսումն է, թեկուզ եւ դրանք լինեն փոքր:
-Օրերս Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ՝ անընդունելի համարելով «Իսլամական պետություն» ISIS-ի կողմից հայկական Դեյր Զորի եկեղեցու պայթեցումը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը:
-ԻԼԻՊ կողմից հայկական Դեյր Զորի եկեղեցու՝ հայերի համար պատմական եւ հոգեւոր մեծ արժեքի պայթեցումը ԻԼԻՊ-ի վայրագությունների եւ անհանդուրժողականության հերթական ապացույցն է: Դա մեկ անգամ եւս ցույց տվեց այն մեծ վտանգը, որ սպառնում է Սիրիայի եւ Իրաքի հայ ու այլ կրոնական եւ էթնիկ համայնքների ներկայացուցիչներին: Մեր վարչապետը սեպտեմբերի 26-ին պառլամենտում ԻԼԻՊ-ը որակեց որպես այնպիսի ահաբեկչական կազմակերպություն, որի նմանը մենք չենք հանդիպել նախկինում՝ իր սահմռկեցուցիչ դաժանությամբ եւ փառամոլությամբ: Ահա թե ինչու Միացյալ Թագավորությունը Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ինչպես նաեւ՝ Փարիզում եւ Նյու Յորքում կայացած հանդիպումների ընթացքում ազգերի կոալիցիա ստեղծելու ջանքեր է գործադրել իր գործընկերների հետ՝ այս վտանգին դիմակայելու համար:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՆՈՐՈՇ Է
Հոկտեմբերի 10-ին ազատության հրապարակում ոչ իշխանական 3 ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը համապետական հավաք են կազմակերպել: Հասարակության լայն շերտերն այս թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ են անում: Ոչ իշխանական ուժերից սպասելիքները բազմազան են:
«Ժողովուրդ»-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանի հետ` տեղեկանալու՝ արդյո՞ք մասնակցելու են հանրահավաքին եւ ընդհանրապես ի՞նչ ակնկալիքներ ունեն ոչ իշխանականների այս նախաձեռնությունից:
-Կարելի՞ է իմանալ՝ ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկ եղե՞լ է մասնակցել հանրահավաքին:
-Ո՛չ ՀԱԿ-ից, ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ էլ «ժառանգություն»-ից առաջարկ չի եղել մեզ՝ մասնակցելու այդ հանրահավաքին:
-Սեփական նախաձեռնությամբ էլ չեք մասնակցելո՞ւ:
-Ո՛չ: Ինչի՞ն մասնակցեմ, կասե՞ք: Ի՞նչ հանրահավաքի մասին է խոսքը: Ի՞նչ է լինելու այդ հանրահավաքին: Ո՞ւր են գնում: Ի՞նչ կարգախոս է լինելու, ի՞նչ է լինելու այդ հանրահավաքից հետո: Մեր անունը չենք կարող շահարկել եւ մարդկանց հույսեր տալ:
-Կարծում եք՝ ձեւական բնո՞ւյթ է կրում այս ամենը:
-Ձեւական չէ, պարզապես մենք անորոշ բաներով չենք զբաղվելու: Չենք կարող հայտարարել անորոշ բաներ: Եթե մենք հայտարարենք, օրինակ, որ 15 օրից իշխանափոխություն է լինելու, ուրեմն` լինելու է: Այսինքն` պետք է հավաստի եւ որոշակի լինի ամեն ինչ:
Կարող եմ ասել նաեւ, որ ողջունում եմ ոչ իշխանական ուժերի իշխանափոխության կոչերը: Լավ կլինի, որ նրանց բոլոր հայտարարություններն իրականություն դառնան: Շատ լավ է, որ նման բաներ են անում: Լավ կլինի նաեւ, որ իրենց գործողությունները որոշակիանան:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ
«Դեմ եմ» քաղաքացիական շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը կարծում է, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը որեւէ շոշափելի փոփոխության, իսկ ավելի կոնկրետ` իշխանափոխության, չի հանգեցնելու: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակտիվիստն ասաց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ նախաձեռնության անդամները ոչ իշխանական ուժերի այս քայլին որեւէ կերպ չեն արձագանքելու: «Լուծման բանալի չեմ տեսնում նրանց այս արարքում, հետեւաբար չեմ էլ մասնակցելու: Սպասելիքներ էլ չկան»,-ասաց Դավիթ Մանուկյանը:
ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ հրապարակախոս Արկադի Վարդանյանի վիճակը դատապարտյալների հիվանդանոցում կտրուկ վատացել է: Չնայած դատապարտյալների հիվանդանոցի ղեկավարությունը նկատել է, որ Արկադի Վարդանյանի վիճակը վատ է, եւ նրան չեն կարող տեղափոխել Վանաձոր ՔԿՀ, եւ այն էլ՝ փակ ռեիժմով խուց, այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկություններով, ներքին հրահանգ է եղել, որ անկախ ամեն ինչից նրան պետք է շտապ տեղափոխել Վանաձոր ՔԿՀ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պետ Գոռ Ղլեչյանը ասաց. «Արկադի Վարդանյանը տեղափոխվելով դատապարտյալների հիվանդանոց՝ անցել է համալիր բուժզննումը, ստացել է համապատասխան բուժում, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել Վանաձոր ՔԿՀ»:
ԱՅԼ ՊԱՏՃԱ՞Ռ
Այս օրերին քննարկվող ամենաթեժ թեման եռյակի հանրահավաքից ու ԵՏՄ-ին միանալու կամ չմիանալու հարցից զատ դարձավ ՀՀ փոխվարչապետի գրած դիմումը: Բազում տարբերակներ ու վարկածներ առաջ քաշվեցին, թե ինչու է Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում գրել: Որպես պատասխան նշվեց, որ նա մեկ գնում է ՀՀ ԱԱԽ քարտուղար, կամ՝ եվրոպական որեւէ երկրում դեսպան, կամ էլ պարզապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կադրերին մաքրում է Կառավարությունից՝ առնետավազքի ֆոն ստեղծելու համար:
Ի թիվս այդ բոլորի «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգը չի կատարել: Այդ լուրերի համաձայն՝ վերջինս կտրականապես հրաժարվել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանին ուղեկցել մարզ ու նրան ներկայցնել անձնակազմին: Այս փաստը բերել էր տհաճ խոսակցության: Աբրահամյանն էլ ստիպված է եղել ՏԿ փոխնախարար Վաչե Տերտերյանին ուղարկել Սյունիք: Ու երբ Վ. Տերտերյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրեն վատ չէր զգում, որ մարզում ներկայացնում էր Ս. Խաչատրյանին, փոխնախարարը լռել էր:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, երբ Ս. Խաչատրյանը մարզում քեֆ-ուրախություն է կազմակերպել՝ տոնելու իր վերադարձը, ՀՀԿ-ականներից որեւէ մեկը չի համաձայնել մասնակցել: Միայն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է Լիսկայի հետ քեֆ արել: