ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՐԻՄԻՆԱԼ Է ՈՐԱԿԵԼ
Երեկ ոչ իշխանական եռյակը Գյումրիում էր: Չնայած այն բանին, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը հայտարարել էր, թե հանրահավաքը մարդաշատ չի լինելու, այն բավականին մարդաշատ էր: Ընդ որում, մասնակիցների շարքերը ստվարացնում էին նաեւ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները, մասնավորապես` երկու փոխքաղաքապետերը: Իսկ ահա Գյումրիի ԲՀԿ-ական, սակայն նաեւ՝ ՀՀԿ-ասեր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, խոսակցություններից զերծ մնալու համար, որոշել էր շտապ արձակուրդ գնալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին էր դիմել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն ու նշել, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն իրեն թույլ է տվել քաղաքական բնույթի հայտարարություններ անել՝ մասնավորապես ասելով, թե ընդդիմության կողմից Գյումրիում կազմակերպվող հանրահավաքը մարդաշատ չի լինի: Պատգամավորը խնդրել էր ուշադրություն դարձնել ոստիկանապետի հայտարարությանը: Սակայն չնայած հանրահավաքի` մարդաշատ չլինելու մասին կանխատեսմանը, Վ. Նադարյանը լավ էլ մտավախություն էր ունեցել ու ոստիկանների մի ամբողջ խումբ էր ուղարկել Գյուրմիի Թատերական հրապարակ, որտեղ տեղի էր ունենում եռյակի հանրահավաքը:
Նշենք, որ եռյակի ներկայացուցիչները միասին քայլելով, դրոշները ձեռքներին՝ եկան հրապարակ: Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը. «Այն, ինչ ժողովուրդն ասում է, դարձնում ենք քաղաքական օրակարգ: Մենք միշտ շարունակելու ենք տանել այն գիծը, որը բռնել է ժողովուրդը: Իշխանություններն ասում են՝ իշխանափոխությո՞ւն եք ուզում: Բա ձեզ ասում էինք՝ մի՛ ենթարկեք մարդկանց տուգանային ռեկետի, ձեզ ասում էինք՝ արտագաղթը ճգնաժամային է: Այսօր զարմացած են… Այո՛, պահանջելու ենք: Իսկապես պատասխան եք տալու»:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե Հայաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչները կրիմինալ տարրեր են, եւ նմանները պետք է հեռանան: «Մեր միակ օրակարգը պետք է լինի իշխանափոխությունը, մենք պետք է միասին պահանջենք, որ նրանք հեռանան: Բայց խոսքս ուզում եմ ուղղել այն քաղաքապետիկներին, ովքեր իրենց աշխատողներին ասում են՝ եթե գնաք հանրահավաքի, կհայտնվեք աղբարկղում: Աղբարկղում հայտնվելն իրենց համար սովորական է, որովհետեւ իրենց տերերը նրանց գցում են աղբարկղը, թքում վրաները, իսկ հետո հանում ու տանում-դնում պաշտոնի: Իսկ աղբարկղից դուրս են գալիս կրիմինալներ, ռեցեդիվիստներ: Սա կրիմինալ իշխանություն է, մենք չպետք է թույլ տանք, որ նրանք նորից վերարտադրվեն»,-հայտարարեց պատգամավորը: Ն. Զոհրաբյանի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին. «Ծառուկյան, Ծառուկյան»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ իր խոսքը սկսեց Շիրակի ոստիկանապետի հայտարարությունից. «Բարե՛ւ, ազատասեր Շիրակ, նախ ուզում եմ հարց տալ Գյումրու ոստիկանապետին՝ սխալվեցի՞ր քո հաշվարկում, ասում էիր, թե ոչ ոք չի գալու այս հանրահավաքին: Հիմա տեսնո՞ւմ ես, թե ինչքան մարդ է եկել: Մի՛ մոռացեք, սիրելի՛ գյումրեցիներ, որ ոստիկանները մերն են, նրանք հայեր են: Այստեղ չեն ապրելու մի քանի սնկեր, ովքեր քամում են Հայաստանը: Այդպիսի սնկերին պիտի վերացնենք: Մենք հենց դա ենք ապացուցում, որ Գյումրին արժանապատիվ է, թասիբով է եւ միասին ասելու ենք՝ վե՛ր կացեք ու ռա՛դ եղեք, սա ձեր տեղը չէր: Սերժիկ հեռացի՛ր, այնպես ասե՛ք, որ լսի նա»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, թե գյումրեցիները 2013թ.-ի նախագահական ընտրություններին, իրենց ձայնը տալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապացուցել են, որ ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն: «Արդեն մի քանի օր ոստիկանությունը կանչում է ձեզ, հորդորում չգնալ հանրահավաքի, սակայն ընդամենը մի քանի օրից ոստիկանությունը ծառայելու է ձեզ: Մենք այս տարիներին իշխանություններին տարբեր հնարավարություններ տվեցինք՝ լուծելու երկրում առկա խնդիրները, սակայն նրանք չարեցին դա: Հակառակը` նրանք փորձում են ֆեոդալիզմ հայտարարել, հատկապես Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելով, փորձում են քաղբանտարկյալների ինստիտուտը պահպանել, օրինակ՝ Շանթն ու իր որդին ապագա չունեն այս երկրում»:
Իսկ ահա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ փորձեց պարզաբանել, թե ինչու են համապետական հանրահավաքի համար ընտրել հենց հոկտեմբերի 10-ը. «Իշխանությունները Ռուսաստանում ներկայացնում են, թե ընդդիմությունը հատուկ նշանակել է հանրահավաքը հոկտեմբերի 10-ին, որ չթողնի Սերժ Սարգսյանին անդամագրվել ԵՏՄ-ին: Ամենահետաքրքիրն այն է, որ նույն մարդիկ ամերիկացիներին էլ ասում են, որ ընդդիմությունն այդ օրն է անում իր հանրահավաքը, որ Սերժ Սարգսյանը գնա ու անդամագրվի ԵՏՄ-ին: Ո՞նց կարելի է շուռ տալ իրականությունը: Այսքան ողորմելի հնարքների են դիմում, նրանք իսկապես վախեցած են: Մենք հոկտեմբերի 10-ին ենք նշանակել, քանի որ կառավարությանը ներկայացրած մեր ժամկետը սեպտեմբերի 30-ին էր լրանում, իսկ դրանից հետո սա ամենահարմար ուրբաթն է»,-վստահեցրեց Զուրաբյանը:
Նշենք, որ եռյակի համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Երեւանի Ազատության հրապարակում: Նույն օրը նախատեսվում է, որ Մինսկում կստորագրվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉԻ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ
ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի օրոք տեղի ունեցած պետական յուրացումների փաստերը դեռ շարունակվում են ջրի երես դուրս գալ: ՀՀ Վերահսկիչ պալատն այնպիսի փաստեր է բացահայտել, որ ի ցույց է դնում մեր երկրում առկա անկատար համակարգի իրական դեմքը: «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ»-ը փաստաթղթերով խթանել է գյուղական փոքր եւ միջին վերամշակող կազմակերպությունների տնտեսական ակտիվությանը` բաժնետիրական ներդրումների եւ փոխառությունների տրամադրման միջոցով: Սակայն, երբ Պալատն ուսումնասիրել է փաստաթղթերը, պարզվում է, օրինակ՝ «Արալեռ ՏՈՏ» ՓԲԸ-ն, որը պետք է ներմուծեր 900 գլուխ «Էդիլբաեւ» տեսակի ոչխար, իրականում գրպանել է ողջ գումարը: Հիմնադրամի կողմից տրամադրված փաստաթղթերով ընկերությունը 2012-2013թթ.-ին ՌԴ-ից ներմուծել է ընդհանուր 366 գլուխ «Էդիլբաեւ» տեսակի ոչխար ¥01.11.2013թ. դրությամբ¤: Սակայն ՀՀ Կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի կողմից տրված փաստաթղթի համաձայն՝ ընկերության կողմից ՀՀ տարածք անգամ մի ոչխար չի ներմուծվել:
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԼՈՒԾԱՐՎԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիա» ավիաընկերության հարցերով արդեն սկսել է զբաղվել լուծարային կառավարիչը: Նա պետք է զբաղվի ընկերության ողջ սեփականության վաճառքով եւ գոյացած գումարներով կատարի «Արմավիա»-ի պարտավորությունները: Այսինքն, երբ կառավարիչը վաճառի «Արմավիա»-ի կիսասարք օդանավերն ու դատարկված գրասենյակները, այդ ժամանակ նոր հնարավոր է՝ աշխատակիցները ստանան իրենց հասանելիք աշխատավարձերը, որոնց համար տեւական ժամանակ է, ինչ պայքարում են:
Հիշեցնենք, որ «Միկա լիմիթեդ» ընկերությունը դիմել էր դատարան «Արմավիա» ավիաընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով: Այս տեղեկությունը շարժել էր ընկերության աշխատակիցների եւ ընկերությունից տուժած քաղաքացիների զայրույթը: Հիմա էլ բոլորը սպասում են ընկերության վերջնական լուծարմանը: Նշենք, որ օրինակ՝ ինժեներներին «Արմավիա»-ն պարտք է մոտ 3 մլն դրամ, իսկ ահա օդաչուներից միայն մեկին՝ մոտ 18 մլն դրամ:
ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ ԳՈՐԾԸ ԴՌՆՓԱԿ
Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանցի դիվերսանտների դատաքննությունը հնարավոր է ընթանա դռնփակ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր կարծիքն հայտնեց դիվերսանտների ԼՂՀ պաշտպան Արկադի Իսրայելյանը: Նշենք, որ գործը քննվելու է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, իսկ ահա ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փաստով քրեական գործը Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները հարուցել էին հուլիսի 15-ին: Այս գործով կալանավորվել էին երկու հոգի՝ ադրբեջանցի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») երեկ հայց է ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել խորհրդարանի ղեկավարին շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը խստորեն դատապարտող` իր հեղինակած հայտարարության նախագիծը: «Ինքն այդ միջնորդի եւ տեխնիկական դերը պարտավոր է կատարել»,-«Ազատության» հետ զրույցում ասել է Փոստանջյանը` շարունակելով. «Մինչ այս պահը, փաստորեն, Գալուստ Սահակյանը իր պարտականությունները չի կատարել եւ չի ուղարկել [նախագիծը] համապատասխան աշխատակազմին ու հանձնաժողովներին»:
«Ազգային ժողովի հայտարարությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի` Սուրիկ Խաչատրյանի (հանրությանն առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին» վերտառությամբ հայտարարության նախագծով պատգամավորը գործընկերներին` այդ թվում Հանրապետական մեծամասնությանը, առաջարկում է դատապարտել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը:
ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում օրերս հակառակորդի կողմից հնչեցված կրակոցներից, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց համայնքապետի տեղակալ Քալանթար Քալանթարյանը, ով հավելեց, որ դեպքի օրը բնակիչներն իրենց մեքենայով գնացել էին ավազ բերելու, կրակոցներն արձակվել են այդ նույն մեքենայի ուղղությամբ: Ք. Քալանթարյանի փոխանցմամբ՝ բազմաթիվ փամփուշտներ են արձակվել, սակայն նշված մեքենային դիպել են դրանցից 8-ը: «Մոտ 20 օր հանգիստ վիճակ է տիրել: Ոչ մի կրակոց կամ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Այդ ընթացքում սահմանամերձ տարածք շատ էինք գնում՝ այգիները մշակելու: Սակայն այգեգործության աշխատանքներն ավարտելուց հետո այնտեղ այդքան չենք լինում: Բայց վերջերս հակառակորդը կրկին ակտիվություն է սկսել ցուցաբերել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայկական կողմը հակահարված է տվել՝ պատասխան կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ:
ԿԸՆԴՈՒՆԵՆ
Ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվի մինչեւ 2015 թ-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թ-ի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում այսպիսի փոփոխություն է նախապատրաստել ՀՀ կառավարությունը: Որոշումն այսօր նախատեսվում է հաստատել կառավարության նիստում, ապա օրենքի փոփոխութունը պետք է ընդունվի ԱԺ նիստում: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ կտարածվի 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: