ՕԵԿ-Ի ՊԱՏԻՎՆ ՈՒ ԽԻՂՃԸ
Քաղաքական դաշտում իր ընդդիմադիր կեցվածքը համոզիչ դարձնելու համար «Օրինաց երկիր» կուսակցությունը սկսեց կատաղի մարտեր տալ դատարաններում՝ պաշտպանելով իր պատգամավոր անդամների պատիվն ու արժանապատվությունը: Սա, երեւի, ՕԵԿ-ի ամենաինքնատիպ քայլն էր, որովհետեւ ներկայանում էր հալածական ու տառապյալ, գրեթե՝ մատաղի գառ, որին բոլոր կողմերից հարվածում էին, «սուտ ու սխալ» բաներ գրում… Ժողովուրդն էլ հալած յուղի տեղ… չէր ընդունում ՕԵԿ-ի արտասուքները ու չէր վազում՝ անդամակցելու ընդդիմադիր-իշխանական ուժին:
Դատարաններում «պատվի ու արժանապատվության» գործընթացներ նախաձեռնողներից մեկն էլ Լեւոն Դոխոլյանն էր՝ իր «դվոյուրոդնի» զոքանչ Հեղինե Բիշարյանի ջանքերով ու լոբբինգով խորհրդարան եկած պատգամավորը: Նրան ոչ ոք չէր ճանաչի, եթե չլիներ ամենազոր ու ամենակարող ՕԵԿ-ի «Էգ առյուծը», որը շատ երկար տվայտվեց, որ քրոջ փեսան պատգամավոր չէ, գլխին «տանիք» չունի… Հիմա արդեն ունի:
Լեւոն Դոխոլյանը որոշակի առավելություններ ունի շատ պատգամավորների եւ նախարարների հանդեպ: Նա ծառայել է ՀՀ զինված ուժերում? 1996-1998 թվականներին: Բանակում ծառայել է, բայց ահա բարձրագույն կրթություն ստանալու մասին շատ ուշ է մտածել: Միայն 2009 թվականին է ավարտել Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման բաժինը: Նա այս ոչ պետական բուհ-ն էր ընդունվել այն ժամանակ, երբ ՕԵԿ-ը թամբի վրա էր, իսկ համալսարանի ռեկտոր Բորիս Մկրտչյանն էլ ՕԵԿ անդամ էր: Ուրեմն, այստեղ էլ դեր էր կատարել Հեղինե Բիշարյանը, որն ամեն ինչ արել էր, որպեսզի փեսան անուսում չմնա:
1999 թվականից մինչեւ 2003 թվականը Երեւանի «Դպրություն» ավտոդպրոցում ընդամենն ավտովարման ղեկավար աշխատած Դոխոլյանը 2003 թվականին էլ, դարձյալ Բիշարյանի անմիջական միջնորդությամբ, աշխատանքի անցավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում՝ որպես կարգապահական դեպարտամենտի ղեկավար: Այս «դեպարտամենտի ղեկավար» արտահայտության փակագծերը բացելիս տեսնում ենք, որ մարդն ընդամենը անվտանգության աշխատող է եղել, մինչդեռ այսպես բավական փքուն է հնչում նրա «պաշտոնը»: 2005-ից էլ եղել է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Իրավագետների եւ քաղաքագետների միության» հրատարակչական ծառայության ղեկավար: Բավական ներկայանալի հնչող այս «պաշտոնն» էլ, ըստ էության, հորինվածք է, որովհետեւ իրականում նա ընդամենը եղել է հրատարակչության պատասխանատու, այսինքն՝ հանդեսի ու բացառիկ դեպքերում տպագրվող գրքույկների նյութերը տպարան տանող: Երբեւէ ու որեւէ հաստատությունում չենք հանդիպի հրատարակչական ծառայություն հասկացությանը: Բայց ահա Դոխոլյանի համար նման «պաշտոն» է հորինվել, որպեսզի մարդն իրեն ղեկավար զգա, չնայած այդ հրատարակչական ծառայությունն էլ բլեֆի նման մի բան է եղել, քանզի հիշյալ միությունը գրեթե չգոյության դատապարտված մի կառույց էր, որը ինչ-որ նպատակային խնդիրներով չէր զբաղվում:
Որպեսզի Բիշարյան քույրերի փեսան ներգրավված լինի «նոմենկլատուրային» ցուցակում, նրան 2011 թվականին նշանակել են «Հայասի գրուպ» ընկերության առեւտրային տնօրեն: Ամենապարզ ընկալմամբ՝ խանութներ արտադրանք արտահանող, բայց դե՝ «առեւտրային տնօրեն» հնչեղ է, մի տեսակ վերամբարձ է: Ինչպես տեսնում ենք, որոշակի ժամանակից սկսած, Դոխոլյանի կենսագրության մեջ ամենաակտիվ ներկայությունն է հաստատում Հեղինե Բիշարյանը, որովհետեւ վերոնշյալ ընկերությունը հանդիսանում է մի խումբ ՕԵԿ-ականների սեփականությունը, այդ թվում՝ նաեւ Հեղինե Բիշարյանի, քանի որ տիկին Բիշարյանը հրապարակավ հայտնել է, որ իրենք բանկերից վարկեր են վերցրել եւ հիմնել այդ ընկերությունը: Որպեսզի փեսան շարքային «առեւտրային տնօրեն» չլինի, Բիշարյանը նրան դրդել է սովորել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կառավարման բաժնի մագիստրատուրայում: Դե, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ակադեմիան էլ է պատկանում Արթուր Բաղդասարյանին, իսկ բոլոր ղեկավարներն էլ նշանակվում են ՕԵԿ-ի «քվոտայով»: Ի՞նչ մի դժվար բան էր Բիշարյանի փեսային մագիստրոս դարձնելը: Իսկ մագիստրոսից հետո էլ՝ ասպիրանտ: Ու Լեւոն Դոխոլյանը դարձավ նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի ասպիրանտ:
Ծանոթանալով Լեւոն Դոխոլյանի կենսագրությանը` ուշագրավ մի փաստ հետաքրքրեց մեզ. նա 2008 թվականից ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամ է: Հայտնի է, որ այս խորհրդի անդամներ են դառնում ՕԵԿ ԱԺ պատգամավորները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանի «արքայազորի» անդամները: Ինչպե՞ս է պատահել, որ ընդամենը տպարան թղթեր տանող-բերող մարդը քաղխորհրդի անդամ է դարձել… Սա խոսում է այն մասին, որ չափազանց մեծ է եղել Բիշարյանի ցանկությունը փեսային «ականավոր» քաղաքական գործիչ դարձնել, ուստի նրան քաղխորհրդում է ընդգրկել: Քաղխորհրդի անդամությունից էլ՝ արդեն Ազգային ժողով:
Ժամանակին Լեւոն Դոխոլյանը շատ հուզվեց, երբ մի շարք թերթերի էջերին հայտնվեց նրա մականունը՝ «քույրիկ Լեւոն»: Նա անգամ սկսեց դատարանների դռները թակել՝ այդպես էլ չհասկանալով մի պարզ ճշմարտություն. մարդու մականունը ոչ թե լրատվամիջոցներն են հորինում, այլ դրանք հայտնի են դառնում լրատվամիջոցներին՝ նույն այդ մարդու շրջապատից: Իսկ թե ինչո՞ւ էին նրան այդ մականունը տվել, ինքը, հավանաբար, շատ լավ գիտի… Բայց ամեն դեպքում արդեն դատարանը վճռել է, որ նրան հարեւանները «քույրիկ Լեւոն»-ով չեն ճանաչում:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՐԱ՞Կ ԴԵՂ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում «Վագա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման թույլտվություն է տրամադրելու: Սակայն թույլտվություն տրվում է այն ընկերությանը, որի ներկրած դեղերի որակից ՀՀ քաղաքացիները մշտապես դժգոհ են եղել եւ շարունակում են դժգոհել:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Վագա-ֆարմ»-ը կապվում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ: Ավելին` ասվում է, որ ընկերության 50 տոկոսը նրան է պատկանում:
Ի դեպ, 2013թ. մայիսի 7-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2-րդ կիսամյակի համար կայացած մրցույթում հաղթող էր ճանաչվել «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ն, որն էլ պետք է ներկրեր հոգեկան առողջության վերականգնման համար օգտագործվող «Զիպրեքսա» կամ «Օլանզապին» դեղամիջոցը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի այս ընկերության կողմից ներկրված դեղերի որակի մասով դժգոհության ալիք բարձրացրեցին հոգեկան հիվանդությամբ տառապող հիվանդները: Նրանք մասնավորապես դժգոհում էին, որ այս ընկերությունը ՀՀ է ներմուծում հնդկական հումք ունեցող դեղամիջոցներ, որոնք օգտագործելուց հիվանդներն առողջության հետ կապված խնդիրներ են ձեռք բերում: Սակայն «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Վարսանյանը հակառակն էր համոզում՝ պնդելով, որ դեղորայքի հումքն իսրայելական ծագում ունի: Հիմա այս հիվանդությամբ տառապող մարդիկ օգտագործում են ԱՄՆ-ում արտադրված, Իսպանիայում փաթեթավորված եւ բոլոր երկրներում գրանցված «Զիպրեքսա», «Օլանզապին» դեղերը, որից շատ գոհ են:
Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն անգամ նույնն է պնդում, թե դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, եւ նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին: Բայց անորակ դեղամիջոցի պատճառով մեծ թվով հիվանդների առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ահա թե ինչպես է պետությունը հոգում իր քաղաքացիների առողջության մասին, ինչի հաշվին էլ միաժամանակ իբր տնտեսում է պետբյուջեի գումարները:
Նշենք, որ վերջերս պետության կողմից դեղորայք ստացող անձիք բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետին՝ դժգոհելով, որ պետական գնումների արդյունքում ձեռք բերված հոգեմետ դեղորայքի որակը վատացել է եւ վատ ազդեցություն է ունենում պետական հոգածության տակ գտնվող հիվանդների վրա:
Հ.Գ. Ի դեպ, դեռեւս նախորդ տարի «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկներ էր կատարել, որոնք ցույց էին տվել, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված յուրաքանչյուր դեղահաբի մեջ մոտավորապես 400-700 դրամ տնտեսում է արել: Նա նախորդ տարվա սկզբին հայտարարված մրցույթում գնել էր առաջարկված ամենաէժան բելառուսական ինսուլինը, որը ինսուլինակախյալ գրեթե բոլոր հիվանդները մերժում են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
ԹԵՐԻ ԵՆ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ
Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկությունների համաձայն` հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզում հողի հարկը գանձվել է նախատեսվածի 84.7 տոկոսով, իսկ գույքահարկը՝ 95.2 տոկոսով: Անցած 9 ամիսներին տեղական տուրքերը գանձվել են նախատեսվածի 77.7 տոկոսով: Տավուշի մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ այս հարցի շուրջ խորհրդակցություններ են կայացել: Մարզպետ Հովիկ Աբովյանը հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին ասել է, որ նրանք պետք է հիշյալ խնդրով լրջորեն զբաղվեն: Թե մարզպետի այդ պահանջները որքանով կկատարվեն, պարզ կլինի տարեվերջին:
Ո՞ՒՄ Է ՏՎԵԼ ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԸ
Դիլիջան քաղաքի 61-ամյա բնակչուհի Կարինե Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Դիլիջան» բժշկական կենտրոնում որպես ավագ բուժքույր, միաժամանակ՝ 1999 թվականից հանդիսանալով նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի պահպանումը եւ բաց թողումն իրականացնող պատասխանատու անձ՝ 2014թ. հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ խախտել է հիվանդանոցում եւ պոլիկլինիկայում հաշվառված հոգեկան հիվանդների անվամբ հոգեմետ դեղերի դուրս գրելու եւ այն վերջիններիս հատկացնելու, ինչպես նաեւ՝ հաշվառված դեղորայքն առանց դեղատոմսի տարբեր անձանց բաշխելու կարգը, որի հետեւանքով տեղի է ունեցել դեղորայքի հափշտակություն: Կ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը հոկտեմբերի 8-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Սահակ Մկրտումյանն այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեպքը բացահայտվելուց հետո ավագ բուժքույր Կարինե Սահակյանը զրկվել է հոգեմետ դեղերը պահպանելու եւ բաց թողնելու իրավասությունից: Նա այժմ գտնվում է արձակուրդում: Կշարունակի արդյո՞ք հոգեմետ դեղերի հափշտակությամբ զբաղված ավագ բուժքույրն աշխատել Դիլիջանի ԲԿ-ում՝ մեր այս հարցին ի պատասխան փոխտնօրեն Ս. Մկրտումյանն ասաց, թե դա պարզ կդառնա դատաքննության ավարտից հետո:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ