«ՓՈՂ ՉՈՒՆԵՄ, ՈՐ ԴԵՂ ԳՆԵՄ»
Թշվառության բոլոր սահմաններն անցած ընտանիքները Հայաստանում, ցավոք, ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել: Ամեն անգամ նման ընտանիքի հանդիպելիս տպավորություն է ստեղծվում, որ ավելի վատ պայմաններում ապրող մարդկանց դժվար է գտնել: Եւ ամեն անգամ սոցիալական հարցերով գրելիս նման մի նոր ընտանիք ենք բացահայտում, որը հատած է լինում աղքատության բոլոր սահմանները: Այսպիսի ընտանիքներից է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրող Պողոսյանների ընտանիքը:
45-ամյա Էդիկ Պողոսյանը երկար տարիներ է, ինչ բնակվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ապրում է կնոջ՝ Լուսյայի եւ 16-ամյա որդու հետ: Մոտ երեք տարի առաջ Էդիկի կինը սրտի կաթված է ստացել, ինչի արդյունքում կնոջ աջ կողմը թուլացած է:
Հարեւանները մեծ ափսոսանքով նկատեցին, որ այս հաղթանդամ կինը մեկ օրում հիվանդության պատճառով դարձավ թույլ, անօգնական ու գամվեց անկողնուն: Այդ օրվանից սկսած` Պողոսյանների ընտանիքը հայտնվեց ծայրահեղ դժվար պայմաններում:
«Այսօր ինչի կարիք չունենք: Ամեն ինչի: Կինս չի կարողանում քայլել, տնային գործեր կատարել, այդ պատճառով ես եմ դրանք անում: Ե՛ւ հագուստն եմ լվանում, ե՛ւ կերակուրն եմ պատրաստում, սրա հետ մեկտեղ՝ այստեղ-այնտեղ աշխատում եմ որպես էլեկտրիկ»,- ներկայացրեց Էդիկը:
Սակայն Էդիկի աշխատած գումարը, որը կազմում է 67 հազար դրամ, չի բավարարում նույնիսկ կոմունալ վարձերը վճարելուն: Բացի այս, տիկին Լուսյայի դեղերի համար ամսական պահանջվում է 50 հազար դրամ: Էլ չասած, որ բացի դեղերից, տիկին Լուսյային սննդարար կերակուրներ են պետք. «Նա պետք է լավ սնվի: Մի կերպ ենք կարողանում հասցնել»:
Ձմռան ամիսներին, վառելափայտ չունենալու պատճառով, այս ընտանիքն օրերն անցկացնում է ցուրտ տան մեջ: Այնինչ` բոլորիս է հայտնի, թե այս տարածաշրջանում որքան երկարատեւ ու խստաշունչ է լինում ձմեռը: Արդեն հիմա Վարդենիսում առանց ջեռուցման տներում շատ ցուրտ է: «Հիմա փայտ չունենք, բայց քանի որ Լուսյային մրսելը հակացուցված է, մի սեղան ունեինք, դա կոտրեցի, որ վառենք այս օրերին, տաքանա»,- ներկայացրեց Էդիկը:
Պողոսյանների հարեւանները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ Էդիկը նախկինում աշխատել է որպես պայմանագրային զինծառայող: «Բայց հիմա ստիպված տանն է, որպեսզի խնամի կնոջը, նրա խաթր գործից դուրս է եկել, որ իր համար ճաշ եփի, հագուստը լվանա: Մի հատ հոյակապ ընտանիք, պատկերացրեք, որ մենք հարեւաններով միշտ ցավել ենք, որ այս դեպքը հենց իրենց հետ է պատահել: Գոնե գտնվի որեւէ մեկը եւ բժշկական օգնության մասով աջակցի այս ընտանիքին, անվճար դեղեր հատկացնի»,-հուզված ձայնով առաջարկեց Էդիկի հարեւանը՝ Արմենը:
Նշենք, որ այս ընտանիքը չի օգտվում ո՛չ «Ընտանեկան նպաստ»-ից, ո՛չ էլ «Փարոս» համակարգից: «67 հազար դրամ եմ վաստակում, իսկ դեղերի ընդհանուր գումարը կազմում է 50 հազար դրամ: Ինչն էլ որ չեմ հասցնում, գնում, դեղատնից եմ պարտքով վերցնում: Ես այսօր 3000 դրամ չունեմ, որ բժիշկ բերեմ, ստուգեն կնոջս: Քանի ամիս է, ինչ նա բժշկի մոտ ստուգումներ չի անցել, իսկ դա իրեն անհրաժեշտ է: Ամեն ամիս պետք է բժիշկ գա ու ստուգի, գուցե՞ դեղերի չափաբաժինը պետք է փոխվի»,- հուսահատված նկատեց Էդիկը:
Այս պահի դրությամբ Պողոսյանների ընտանիքն ավելի քան 40 հազար դրամ պարտք է դեղատանը: Եվ, որ ամենացավալին է, տիկին Լուսյան արդեն մի քանի օր է, ինչ բժշկի կողմից նշանակված անհրաժեշտ դեղերը չի խմում. գումար չկա՝ դրանք ձեռք բերելու համար: «Չեմ կարողանում գնալ դեղատուն, ամաչում եմ, որովհետեւ պարտք ունեմ: Գումար չկա, որ դա մարեմ ու նորը վերցնեմ: Փող չունեմ, որ դեղ գնեմ: Չգիտեմ՝ ինչ պետք է անեմ: Միայն ճնշման դեղ ունի, որը մատչելի է, հարեւաններից եմ գումար վերցրել ու այն գնել: Իմ կնոջը բժշկական վերահսկողություն է պետք, բայց չունեմ դա ապահովելու միջոցները»,- ցավով նշեց 45-ամյա Էդիկը:
Հոր հոգսը թեթեւացնելու նպատակով 17-ամյա Հարությունը դպրոցն ավարտելուց հետո բանվորական աշխատանքներ է անում:
Բացի դեղատան պարտքից, Էդիկը պարտք է նաեւ Վարդենիսի մթերային խանութներին, իսկ պարտքի ընդհանուր գումարը կազմում է 400 հազար դրամ: Այս ընտանիքը հացն էլ է պարտքով վերցնում, իսկ թե ինչպես են նրանք մարելու այդ պարտքը, կամ դեռ մինչեւ ե՞րբ խանութները, նրանց խղճալով, «նիսյա» հաց կտան, հայտնի չէ: Հարեւանները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեցին, որ լինում են օրեր, երբ Պողոսյանների ընտանիքը սոված է մնում:
Տիկին Լուսյան իրեն շատ վատ եւ անհարմար է զգում, որ ամուսինն իր հիվանդության պատճառով հայտնվել է նման անելանելի դրության մեջ. «Հիշողությունս լավ է, գիտակցությունս չեմ կորցրել: Հարեւաններս լավ մարդիկ են, այս առումով մեր բախտը բերել է: Իմ վիճակը ոչ ոքի չեմ ցանկանա, բայց ինձ օգնել է պետք: Ամուսինս չի հասցնում: Տան կինը, որ հիվանդ լինի, այդ ընտանիքի վիճակն էլ այսպես կլինի»,-հոգոց հանելով՝ ասաց հիվանդ կինը:
Հուսանք, որ մեր հրապարակումից հետո պատկան կառույցները կարձագանքեն` գոնե ժամանակավորապես ընտանիքին օգնության ձեռք մեկնելով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՐՈՒՍՏ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ
Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա միլիոնատեր է, ով կյանքում առաջին գումարը վաստակել է թատրոնի տոմսեր վաճառելով, բացի այդ, դպրոցական տարիներին գրել է շարադրություններ ուսանողների համար, աշխատել է լուսանկարիչ թաղման արարողությունների եւ հարսանիքների ժամանակ:
Համալսարանի ուսման վարձը վճարել է` երգելով ակումբներում եւ զբոսաշրջային նավերում: Ներկայում նրան են պատկանում տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող շուրջ 150 ընկերություններ, այդ թվում` բանկեր, ապահովագրական ընկերություններ, հեռուստաընկերություններ:
Բեռլուսկոնին ոչ միայն Իտալիայի, այլեւ աշխարհի հայտնի քաղաքական գործիչներից է, ում հանրաճանաչությունը պայմանավորված է ոչ այնքան իր քաղաքական ձեռքբերումներով, որքան սկանդալային կյանքով: Բեռլուսկոնին հայտնի կնամոլ է եւ իր այս թուլության պատճառով մշտապես գտնվում է սկանդալների կիզակետում: Նրա անթիվ սիրուհիների շարքում կան տարբեր տարիքի, մասնագիտության եւ ազգության կանայք: Ըստ նրա` ավելի լավ է սիրել կանանց, քան լինել համասեռամոլ:
Նա ունի բազմաթիվ առանձնատներ եւ վիլաներ Իտալիայում: Իր ամենասիրելի վայրերից մեկը Սարդիանիայում գտնվող ամառանոցն է, որն ունի լողավազան եւ գեղեցիկ պարտեզ: 2400 քառակուսի մետր տարածքով ամառանոցը ձեռք է բերվել 500 մլն եվրոյով: Այն ունի 35 ննջասենյակ եւ 27 լոգարան:
2008թ. Բեռլուսկոնին 12 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել մեկ այլ շքեղ առանձնատուն: Այն ունի 30 սենյակ եւ ընդարձակ բակ: Բացի այդ, տարածքում առկա է անձնական ուղղաթիռի տարածք:
1989թ. աճուրդի ժամանակ Բեռլուսկոնին 5 մլրդ լիրով ձեռք բերեց մի առանձնատուն, որն այժմ գնահատվում է 78 մլն եվրո:
Այս առանձնատունն ունի 5-6 ննջասենյակ, մարզասրահ, սակայն նախկին վարչապետն այստեղ շատ հազվադեպ է լինում: Ինչպես արդեն նշել էինք՝ Սիլվիո Բեռլուսկոնին հայտնի է որպես կնամոլ: Նա հատկապես թուլություն ունի երիտասարդ կանանց հանդեպ:
Բեռլուսկոնիի երկրորդ կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին, ով նաեւ նրա երեք երեխաների մայրն է, անվանում են համբերատար եւ իմաստուն կին: 20 տարվա համատեղ կյանքի ընթացքում նա շատ հիասթափություններ է հասցրել ապրել:
Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնը թողնելու որոշում կայացրել էր այն բանից հետո, երբ 2011թ. նոյեմբերի 8-ին Իտալիայի խորհրդարանում զրկվել էր ձայների մեծամասնությունից: 2013թ. Իտալիայի Սենատը որոշում էր կայացրել հեռացնել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին խորհրդարանից: Նա բազմիցս հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, մեղադրվել է կոռուպցիայի մեջ: 2013-ին մեղավոր է ճանաչվել «Mediaset» հեռարձակման ցանցը ձեռք բերելու գործարքում մեքենայություններ կատարելու մեջ եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆՄԱՆ Է ԵՂԵԼ
Armlur.am-ը ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեկացրել է, որ 2014 թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Տ.-ին տեսակցության եկած նրա երկվորյակ եղբայր Ն. Տ.-ն տեսակցությունից հետո հսկիչ անցագրային կետից, ստանալով անձնագիրը, ուղեկցվել է հիմնարկի վարչական շենք՝ անձը ճշտելու նպատակով, քանի որ եղբայրներն արտաքնապես շատ նման են միմյանց: ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աչալրջության շնորհիվ դատապարտյալի փախուստի փորձը կանխվել է: Պարզվել է, որ քաղաքացի Ն. Տ.-ի փոխարեն ՔԿ հիմնարկի բնակելի գոտուց փորձել է դուրս գալ դատապարտյալ Վ. Տ.-ն, որը ենթարկվել է անձնական խուզարկության: Նրա գրպանում՝ թաշկինակի միջից, հայտնաբերվել է 220 միլիգրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փախուստի փորձի փաստով կատարվում է հետաքննություն:
ՉԻ ՓԱԿՎԵԼ
Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, պատասխանելով «Առաջին լրատվականի»-ի հարցին, թե իր զեկույցը ներկայացնելիս հայտարարել է, որ Մարտի 1-ի էջը փակված չէ, ու ի՞նչ պետք է արվի այն փակված համարելու համար, նշել է. «Ես ակնկալում եմ, որ նվազագույնը, որ պետք է այս պահին արվի, դա կլինի հստակ տեղեկատվություն տրամադրելը, որովհետեւ վերջին անգամ, եթե չեմ սխալվում, մեկ-մեկուկես տարի առաջ է գործի քննության մանրամասների մասին ինչ-որ տեղեկատվություն եղել: Ճիշտ կլիներ, որ այդ գործը շարունակվեր քննվել հասարակության հսկողության տակ հաշվետվողական մոտեցումներով: Հետեւաբար մեր զեկույցով պարբերաբար կոչ ենք արել տեղեկություն տրամադրել, թե ինչ քայլեր են արվել, կամ ինչ առաջընթաց կա այս գործի շրջանակներում: Սա մեր նվազագույն պահանջն է, իսկ առավելագույնը՝ բացահայտել 10 զոհերի բոլոր մեղավորներին եւ զոհերի հարազատներին ապահովել անհրաժեշտ փոխհատուցմամբ: Դա կդառնար մի ճիշտ նախադեպ, որպեսզի ապագայում երբեւէ չկրկնվեին նման դեպքերը»: Այնուհետեւ ՄԻ պաշտպանը հավելել է, որ՝ «Ես իրավասու չեմ գնահատական տալու այնպիսի գործերին, որոնք դեռ ընթացքում են: Իսկ այս պահին չգերազանցելով իմ լիազորությունները՝ ընդամենն ասում եմ, որ պետք է հրապարակային տեղեկատվություն տրամադրվի, թե ինչպես է ընթանում քննությունը: Կարծում եմ, որ այդ գործի ո՛չ իրավական էջն է փակվել, ո՛չ էլ՝ քաղաքական էջը»: