Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 23-ամյա բնակիչ Նարեկ Պեպանյանը «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում 2013 թվականի սեպտեմբերից սկսած` տևական ժամանակ «Odnoklasniki.ru» սոցցանցի միջոցով գումարներ է շորթել Նունե Ղ.-ից:
Հիշեցնենք, որ Նարեկն ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել Նունեի հետ, այնուհետև «Odnoklassnik.ru» սոցկայքում ստեղծել է «NUNE JAN» պայմանական անվամբ անձնական էջ և տեղադրել վերջինիս բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրաֆիկ բնույթի այլ լուսանկարներ: Իսկ ավելի ուշ սպառնացել է Նունեին` ասելով, եթե իրեն չվճարի 3000 ԱՄՆ դոլար, ինքը կհրապարակի իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները:
Armlur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը Նարեկ Պեպանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով (շորթումը, որը կատարվել է նախկինում հանցանք կատարած անձի կողմից) և դատապարտել ազատազրկման` 5 տարի 4 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան:
Նշենք, որ Նարեկը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ «Օդնոկլասնիկի» սոցկայքի միջոցով «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում ծանոթացել է կանանց և աղջիկների հետ, այդ թվում՝ Նունեի: Նրանք փոխանակվել են հեռախոսահամարներով շփվել են նաև հեռախոսազանգերով: Նարեկը Նունեից թաքցրել է դատապարտված լինելու հանգամանքը, իսկ Նունեն իրեն պատմել է ամուսնու մասին և դժգոհել է նրանից: Շփման ընթացքում, Նարեկի պատմածի համաձայն, Նունեի հետ ունեցել են նաև ինտիմ բնույթի զրույցներ, որոնց մի մասը Նարեկը հեռախոսով ձայնագրել է:
Ավելի ուշ Նարեկը Նունեից պարտքով գումար է խնդրել, սակայն Նունեն հրաժարվել է նրան գումար տալ: Ապա Նունեին սպառնացել է, որ կհրապարակի իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի և իր կողմից ձայնագրած զրույցները, նաև «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ստեղծել է «NUNE JAN» պայմանական անվամբ անձնական էջ, որտեղ տեղադրել է Նունեի բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ: Սրանք ջնջելու դիմաց Նարեկը Նունեից պահանջել է 1000 ԱՄՆ-ի դոլար գումար: Կինը համաձայնվել է տալ գումարը:
Նունեն, ով ամուսնացած է և ունի մեկ դուստր և երկու որդի, դատարանում ասել է, թե նշված սոցկայքի միջոցով շփվել է հարազատների և ծանոթների հետ: Նունեի պատմածի համաձայն՝ Նարեկը ներկայացել է Հենդո անունով և ասել, թե աշխատում է Իտալիայում և զբաղվում է ոսկերչությամբ: Հետագայում նույն տղամարդը սկսել է շփվել և զրուցել նաև Նունեի դստեր հետ: Իսկ թե ինչու է Նարեկի հետ ինտիմ բնույթի զրույցներ ունեցել, Նունեն դժվարացել է պատասխանել: Ավելի ուշ «Հենդոն» զանգահարել է Նունեի ամուսնուն ու ասել, թե նրանք սիրեկաններ են և ժամադրվել է իր ամուսնու հետ, սակայն ժամադրավայր չի գնացել: Օրեր անց կրկին զանգահարել է Նունեին ու սպառնացել, որ եթե պահանջված գումարը չտա, ձայնագրությունները կուղարկի Նունեի ամուսնուն և որդիներին:
Իսկ Նունեի դուստրը՝ Սեդա Մ-ն, դատարանում հայտնել է, որ այն ժամանակ, երբ «Հենդոն» փորձել է իր հետ ինտիմ բնույթի զրույցներ վարել, ինքը նրան «սև ցուցակ» է գցել, իսկ ավելի ուշ իմացել է, որ այդ նույն տղամարդը շփվում է իր մոր հետ: Նշենք, որ Նունեի դուստրը որոշել է խորամանկության դիմել: Ստեղծելով կեղծ անվամբ էջ նույն սոցկայքում՝ սկսել է շփվել «Հենդոյի» հետ և հարցրել է, թե ի՞նչ կապ ունի նա Նունեի հետ: «Հենդոն» նրան պատասխանել է, թե Նունեն իր սիրուհին է, նրան հետ սեռական հարաբերություն է ունեցել, ավելի ուշ 3000 ԱՄՆ դոլար է տվել նրան և հիմա ցանկանում է վերադարձնել: Այս ամենից հետո էլ մայրը ստիպված դիմել է ոստիկանություն:
Իսկ Նունեի ամուսինը՝ Երվանդ Մ-ն, ցուցմունք է տվել, թե կինն իրեն ասել է, թե «Հենդոն» «Օդնոկլասնիկի» սոցկայքի միջոցով փորձել է շփվել դստեր հետ, սակայն նա արգելել է, ինչի արդյունքում նույն տղամարդը զայրացել և սկսել է բաց լուսանկարներ տարածել սոցկայքում: