ԱԺ ընտրությունները, պրոցեդուրալ առումով, գրեթե մոտ էին իդեալականին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը` հայաստանյան ընտրությունները նույնացնելով հետևյալ թևավոր խոսքի հետ. այն, ինչ հնարավոր չէ գնել մեծ փողերով, կարելի է գնել շատ մեծ փողերով:
Նրա խոսքով՝ 2012-ի խորհրդարանը բոլոր առումներով ավելի լավն է լինելու, քան 2007-ինը: “Պառլամենտը դառնալու է պառլամենտ, ոչ թե կոճակ սեղմելու կլուբ: Հիմա այնտեղ ավելի շատ քաղաքական դիսպուտներ կլինեն”:
Անդրադառնալով հնարավոր նոր կոալիցիայի թեմային` նա համոզմունք հայտնեց, որ կոալիցիան, ամենայն հավանականությամբ, կմնա նույնը` ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ: Չեմ պատկերացնում, որ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կդառնա ընդդիմություն: Նա, անգամ նոր կոալիցիա մտնելով, իր ընտրազանգվածին չի ,քցի”: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա նա հիմա ուրախությունից չգիտեմ` ինչ պիտի անի”,- ասաց Քոչարյանը:
ՀԱԿ-ն էլ խորհրդարան մուտք գործեց իր վայրիվերումների ամենաանկումային պահին: Բազմիցս ասել եմ, որ ՀԱԿ-ում երկու ռեալ հոգի են աշխատել` Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Մնացածները, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, հոգնած էին: Ոչ ոք չպաշտպանեց Փաշինյանի ,Երեսուն վայրկյան-ը, իսկ խնդիրները Հայ ազգային կոնգրեսում ծագել էին դեռ անցած տարի` իշխանությունների հետ երկխոսության ժամանակներից: Կարծում եմ` ՀԱԿ-ն այլևս չի կարող վերականգնել իր դիրքերը, և փաստ է, որ ռադիկալ ընդդիմության` մինչև հիմա զբաղեցրած նրա դաշտը զբաղեցնելու է քաղաքական մեկ այլ ուժ,- ասաց քաղտեխնոլոգը: Կարեն Քոչարյանի համոզմամբ՝ եթե ԲՀԿ-ն մտնի նոր կոալիցիա, հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ եթե չմտնի, ապա որպես նախագահի թեկնածու կառաջադրի ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին: “ԲՀԿ-ն այս պահին պաուզա է պահում և ուզում է որքան հնարավոր է` թանկ վաճառել իր` կոալիցիա մտնելու հնարավորությունը: Իսկ Գագիկ Ծառուկյանին ու Վարդան Օսկանյանին, կարծում եմ, միավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը”- ասաց նա: