«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունն այսօր ներկայացրեց հոկտեմբերի 10-ին երեք ուժերի հրավիրած հանրահավաքի իրենց գնահատականը: Նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրենց գնահատականները հիմնված են այն տեքստերի վրա, որոնք ասվեցին Ազատության հրապարակում:
«Հանրահավաքին ասվեց, որ իրենք սպասում են փոխզիջումային քայլերի Սերժ Սարգսյանի կողմից: Պետք է նշել, որ վերջին 20 տարիներին խոսվում է Հայաստանում իշխանափոխության մասին, բայց դա, ցավոք, տեղի չի ունենում: Եղել են մեծ հանրահավաքներ, բայց դրանցից ոչ մեկը չի հանգեցրել իշխանափոխության: Իշխանափոխության մեր նախընտրած տարբերակն այն է, որը տեղի է ունենում որպես իշխանափոխություն: Անհրաժեշտ է նոր քաղաքական ծրագիր, նոր քաղաքական օրակարգ և մոտեցում»,- ընդգծեց Փաշինյանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախաձեռնության դիրքորոշմանը, Փաշինյանն ընդգծեց. «Սա քաղաքական մեծ «աֆյորա» է: Մենք ընդհանրապես հրաժարվում ենք քննարկել սահմանադրական փոփոխություն ասվածը: Սերժ Սարգսյանը խոսում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների մասին, այլ իր ներկլանային հարցերի, իր կլանի մասին, որի մեջ են նաև Ռոբերտ Քոչարյանն ու նրա քաղաքական արբանյակները», – հայտարարեց նա: