Նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող Էջմիածնում գտնվող “Զվարթնոց” հյուրանոցի եւ կազինոյի հարեւանությամբ, մայիսի 9-ին, մի խումբ կանայք բողոքի ակցիա են անցկացրել: Նշենք, որ այդտեղ է տեղակայված եղել նրա նախընտրական շտաբը: Այս մասին NEWS.am-ին դեպքի վայրից փոխանցել են ականատեսները:
Նրանց փոխանցմամբ, կանայք բողոքել են, թե Հակոբ Հակոբյանը իրենց առաջարկել է ընտրությունների ժամանակ իր օգտին քվեարկել, ինչի դիմաց ընտրություններից հետո գումար կտա: Կանայք պայմանավորվածության համաձայն գնացել նրանց օգտին քվեարկել են, սակայն Հակոբ Հակոբյանը մինչ օրս նրանց գումարը չի տալիս:Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ մի խումբ կանայք եկել են իրեն պատկանող հյուրանոց, նշելով. ,Ուրեմն իմ մոտ են եկել այն կանայք, ովքեր աշխատել են իմ շտաբում, բայց ես այնտեղ չեմ եղել: Իրենք մեր շտաբի վստահված անձիք են եղել, ուղղակի մայիսի 7-ից հետո ինձ չեն տեսել, եկել էին, որ տեսնեն: Նրանց մեջ իմ աշխատողներից էլ են եղել, գումարային խնդիրներ չեն եղել:Հակոբ Հակոբյանը չբացառեց, որ դա իր դեմ ուղղված սարքած շոու է եղել, իսկ հարցին, թե ում կողմից, նա պատասխանեց. “Դե դուք չգիտե՞ք, թե ում կողմից սարքած կլինի: Բայց ես չեմ ուզում կոնկրետ անուններ տալ, որովհետեւ կոնկրետ փաստ ձեռքիս տակ չունեմ: Եթե գումարով ընտրություն արած լինեինք, մենք կհաղթեինք: Դուք կարող ենք մտնել Էջմիածին եւ ցանկացած մարդու հարցնել եւ կտեսնեք, որ նման բան չի եղել”:
Նշենք, որ թիվ 19 ընտրատարածքում թեկնածուներ էին առաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը` “Ճոյտ” (ինքնաառաջադրում), Սեդրակ Սարոյանը (ՀՀԿ), անկուսակցականներ Սագիս Քոչարյանը, Հակոբ Վարշամի Հակոբյանը:Սակայն ընտրություններում հաղթեց Սեդրակ Սարոյանը: