Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն՝ այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15%-ը, լրջագույն աղետի առաջ է կանգնած, իսկ Հայաստանում անպտղությունն անցել է 15%-ի շեմը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: “Մեր ԵՊԲՀ սեքսապաթոլոգի կլինիկա հաճախող յուրաքանչյուր 3-րդ զույգը անպտղության խնդիր ունի: Եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ կամ ժամանակից ուշ են դիմում, կամ՝ ոչ ճիշտ մասնագետների: Օրինակ՝ հեքիմների, բախտագուշակների”,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանում անպտղության թիվը հասնում է 20%-ի։
Վրեժ Շահրամանյանը կոչ է անում ժամանակին դիմել բժշկին: Ըստ նրա՝ այսօր անպտղությունը կանաց և տղամարդկանց շրջանում հավասար է՝ 50% և 50%:
“Տղամարդիկ հաճախ “ձախ” են գնում և մոռանում են մեկ-մեկ “աջ” գնալ՝ բժշկի դիմել: Նրանք հաճախ ունենում են բազմաթիվ սեռավարակներ և չեն էլ իմանում դրա մասին: Այսինքն, անպտղության պատճառները սեռավարակներն են, ժամանակին չհայտնաբերված ու չբուժված լինելն է”,-ասաց նա:
Սեռավարակների ամենատարածված պատճառը արտագնա աշխատանքն է, երբ տղամարդիկ, երկար ժամանակ արտերկրում գտնվելով, հաճախ սեռական կապի մեջ են մտնում առանց պահպանակ օգտագործելու: “Մարզերում այդ առումով վիճակը ավելի անմխիթար է, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը ավելի բարձր է, հետևաբար նաև սեռավարակները”,-ասաց նա:
Պայքարի միջոցը, ըստ Շահրամանյանի, պարտադիր լուսավորչական աշխատանք իրականացնելն է, որպեսզի մարդիկ լինեն սեռապես գրագետ, պահպանեն հիգիենայի կանոնները և տարին մի անգամ դիմեն բժշկի:
Մասնագետը նշեց, որ հղիության լավագույն տարիքը՝ 25-30 տարիքն է, երբ մարդու մարմնասեռական և հոգեսեռական հասունացումը ավարտված է:
Անպտղություն է համարվում, երբ սեռական կանոնավոր կյանքով ապրող զույգը չի օգտագործում պահպանակ, սակայն մեկ տարվա ընթացքում հղիություն չի գրանցվել: