ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՀՆ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ՝ ԳԱԼՈ՛ՒՍՏ, ՀԵՌԱՑԻ՛Ր

Հայաստանի Հանրապետության համար այսօր հիրավի պատմական օր է. Սերժ Սարգսյանը Մինսկում պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որը շատ քաղաքական գործիչներ բնորոշում են որպես ՀՀ անկախության սպառնալիք: Չի բացառվում նաեւ, որ դրանից հետո Հայաստանի եւ Արցախի սահմանների միջեւ մաքսակետ դրվի՝ անիմաստ դարձնելով բազմահազար մեր հայրենակիցների թափած արյունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ եռօրյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Վաշինգտոնում նա կմասնակցի Համաշխարհային բանկի եւ արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լրագումար նիստին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի ժամանակով 01:30-ի սահմաններում ԱՄՆ հասած վարչապետին իր հայտնի ժպիտով դիմավորել է նախկին վարչապետը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Եւ մինչ ՀՀ իշխանության երկու թեւերն արտերկրում են, ոչ իշխանական եռյակը Հայաստանում հուժկու հանրահավաք է հրավիրել: Սպասվում են ճռճռան ելույթներ՝ ընդհուպ մինչեւ անժամկետ նստացույցի մասին հայտարարություն: Ու քանի որ այսօր ՀՀ նախագահի լիազորությունները կատարում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ուստի, կարծում ենք, ճիշտ պահն է, որ եռյակը բարձրացնի ամբողջական իշխանափոխության անհրաժեշտություն՝ պահանջելով ՀՀ փաստացի նախագահ Գալուստ Սահակյանի հրաժարականը. «Գալո՛ւստ, հեռացի՛ր»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ միջազգային ֆինանսական այլ կառույցների ղեկավարների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանությունում կմասնակցի Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը: Վարչապետը կհանդիպի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ: Մեր տեղեկությունների համաձայն՝ Ծառուկյանի հետ հանդիպման են գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵԱՀԿ-ի, Բրազիլիայի, Լեհաստանի, Եվրամիության, Ռումինիայի եւ այլ դեսպաններ: Ծառուկյանի հետ են եղել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Թե ինչ են քննարկել կողմերը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել: Կողմերը բավարարվեցին միայն հետեւյալ ձեւակերպմամբ. աշխատանքային ընթրիքի ժամանակ ընդհանուր հարցեր են քննարկվել:

 

 
Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հրաժարականի դիմում է գրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԼՂՀ Վերահսկիչ պալատի հրաժարական տված նախագահ Արթուր Մոսիյանը, որը բավականին լավ իմիջ ունի Արցախում, այլ աշխատանքի է անցնելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է երկու տարբերակ՝ կա՛մ Մոսիյանին կնշանակեն ԼՂՀ կառավարությունում բարձր որեւէ պաշտոնի, կա՛մ՝ Արցախի դատախազ: Երեկվա դրությամբ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ որոշում է կայացվել Մոսիյանին նշանակել ԼՂՀ գլխավոր դատախազ: Մենք երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք այս առիթով զրուցել Ա. Մոսիյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց վարորդն ու ասաց, թե Մոսիյանը խորհրդակցության է, չի կարող մեր հարցերին պատասխանել:

 

 
Պարզվում է, որ հայաստանյան շատ հիմնարկ-ձեռնարկություններ պոտենցիալ հղի կանանց բերել, «հաստիք» են տվել՝ ակնհայտ բարձր աշխատավարձով, որպեսզի հղիների անունով մեծ փող ստանան ՀՀ պետբյուջեից: ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումների համաձայն՝ օրինակ՝ «Ղ-Տելեկոմ»-ի բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն.400 հազ. դրամ (մոտ 71 հազար ԱՄՆ դոլար) հղիության եւ ծննդաբերության նպաստ: Այս գումարը գոյացել է, քանի որ նա 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 18 մլն. դրամի (մոտ 43 հազար ԱՄՆ դոլար) պարգեւատրում: Եվրոպական արժեքներով առաջնորդվող «Երեւանի կոնյակի գործարան»-ում էլ են նման շռայլություններ գրանցվել: Այստեղ ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության եւ ծննդաբերության նպաստ` 9 մլն 918 հազ. դրամ (մոտ 23 հազար դոլար), քանի որ նրա՝ 2012թ. հոկտեմբերի աշխատավարձը եւ հավելավճարը կտրուկ բարձրացել են` կազմելով 5 մլն 216 հազ. դրամ: Իսկ հղիությունից հետո իջել են մինչեւ 1 մլն. դրամ: Իսկ սոցապնախարար Ա. Ասատրյանը հայտնի չէ, թե ինչով է զբաղված:

 

 
ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ

Հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ-ում ընդունված «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» խայտառակ անվանումով զեկույց պատրաստելու մասին որոշումը կարծես թե ՀՀ իշխանություններին որեւէ կերպ չի հուզում: Համենայն դեպս` մինչ օրս այս խնդրի շուրջ ո՛չ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, ո՛չ էլ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը չեն արտահայտել իրենց հրապարակային դիրքորոշումը: Հավանաբար նաեւ այդ պատճառով է, որ այս խնդրի շուրջ երեկ հայտարարություն է արել ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` պատասխանելով Tert.am-ի հարցերին: Բացասական գնահատելով նշված զեկույցի պատրաստման մասին որոշումը` ԼՂՀ ԱԳՆ-ից, մասնավորապես, ասել են. «Այն, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձեւը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձեւակերպումներ, կրելով զուտ քարոզչական բնույթ, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը։ Ակնհայտ է, որ որեւէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը եւ նրա հիման վրա պատրաստվելիք բանաձեւը չեն կարող ունենալ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն, այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված միակ ձեւաչափն է, որը զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ»:
Ինքնին հասկանալի է, որ ԼՂՀ ԱԳՆ-ին այլ բան չի մնում, քան ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության թույլ տված աններելի բացթողման ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ հետո ՀՀ ԱԳՆ-ի բացարձակ անգործության պայմաններում փորձել ինքնասփոփվել` նշելով, թե այս զեկույցը եւ դրա հիման վրա պատրաստվելիք բանաձեւը քաղաքական ազդեցություն չեն ունենա: Իրականում հենց միայն այն, որ դա, ի թիվս բազմաթիվ այլ հակահայկական փաստաթղթերի, կարող է հերթական հաղթաթուղթը դառնալ ադրբեջանցիների համար, որոնք տարբեր ամբիոններից անընդհատ կհիշատակեն այդ մասին (ինչպես, օրինակ, անում են ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձեւերի դեպքում), ինքնին քաղաքական ազդեցություն է:
Ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու` թե՛ ԱԺ-ում, եւ թե՛ կառավարությունում պատասխանատու ատյանները գնում են կայացած իրադարձությունների հետեւից` փորձելով պոստֆակտում արդարացումներով եւ դատապարտումներով հանդես գալ: Այս դեպքում, սակայն, անգամ ուշացած դատապարտումներ չհնչեցին, էլ չասած զեկույցը կանխելու մասին, որի հնարավորությունը, ի դեպ, հայկական պատվիրակությունն ուներ, քանզի այս հակահայկական զեկույցի պատրաստման` ԵԽԽՎ-ի մտադրության մասին հայտնի էր դեռ նախորդ` ամառային նստաշրջանի ավարտին: Բայց ինչպես տեսնում ենք, մեր ԱԺ-ում եւ ԱԳՆ-ում զբաղված են շատ ավելի կարեւոր գործերով:

 




Լրահոս