ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԵՐ ՖՐԱԿՑԻԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԷ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ Է»

Այսօր՝ ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու Աժ ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքը: Եռյակի կողմից արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ հանրահավաքին ներկա են լինելու նշված ուժերի ղեկավարները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է այդ ուժերի՝ ԱԺ խմբակցությունների անդամների մասնակցությանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես ԲՀԿ-ն այդ հարցում լուրջ խնդիրներ ունի: Բանն այն է, որ Աժ ԲՀԿ խմբակցության գործարար հատվածը չի ցանկանում ներկա գտնվել հանրահավաքին:

Այդ պատգամավորների թվին են դասվում Մելիք Մանուկյանը (Շշերի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Արշակ Մխիթարյանը (Բռլիանտի Արշակ), Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Աբրահամ Մանուկյանը եւ այլք: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ՝ պարզելու` արդյո՞ք նրանք մասնակցելու են այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Սակայն ողջ օրվա ընթացքում վերը նշված պատգամավորները կա՛մ մեր զանգերին չէին պատասխանում, կա՛մ էլ նրանց հեռախոսներն անջատված էին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) միակն էր, որ համաձայնեց պատասխանել մեր հարցերին:
-Պարո՛ն Մարգարյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ մասնակցելու է եռյակի կազմակերպած այսօրվա հանրահավաքին: Խնդրում եմ ասեք` Դուք հանրահավաքին ներկա լինելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Եթե ինձ կասեն, որ պետք է ներկա լինեմ հանրահավաքին, ես ներկա կլինեմ, նկատի ունեմ պարոն Ծառուկյանին: Բայց ինձ նման բան չեն ասել:
-Այսինքն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում որոշում չկա՞ այն մասին, որ խմբակցության անդամները պետք է պարտադիր ներկա լինեն հանրահավաքին:
-Ամեն դեպքում` ես դեռ տեղյակ չեմ, երեւի չի կայացվել:
-Նշվում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության շատ պատգամավորներ հրաժարվել են ներկա լինել հանրահավաքին, քանի որ այդ դեպքում իրենց բիզնեսները կարող են իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվել: Դուք ե՞ւս նման մտավախություն ունեք:
-Ես նմանատիպ պրոբլեմ չունեմ ու չեմ էլ ունենա, պարզապես չեմ կարողանում նաեւ հասկանալ, թե ինչ պրոբլեմի մասին է խոսքը: Եթե ֆրակցիայի ղեկավարը որոշում է կայացրել, որ ինքը ներկա է լինելու ու ինքն էլ որոշում է կայացնում, որ պետք է պատգամավորները եւս ներկա լինեն, ապա ես այդտեղ չեմ տեսնում, որ ինչ-որ այլ հարց կամ խնդիր կա:
-Խնդիրը վերաբերում է ԲՀԿ խմբակցության գործարար անդամներին, որոնք հանրահավաքին մասնակցելու դեպքում հնարավոր է վտանգեն իրենց բիզնես գործունեությունը:
-Ես Ձեր նշած բիզնես ասվածը չունեմ ու ինչ-որ տեղ իշխանական լծակներից չեմ օգտվել ու չեմ էլ օգտվում, ամեն դեպքում՝ դա ինձ չի վերաբերում: Իսկ ում վերաբերում է, վերաբերում է, ես գործ չունեմ:
-Տեղեկություններ կան, որ այսօրվա հանրահավաքում շատ կոշտ հայտարարությունների եւ իշխանափոխության հստակ պահանջի հնչեցման դեպքում շատ ԲՀԿ-ականներ ուղղակի կլքեն խմբակցությունը: Դուք լինելո՞ւ եք այդ «լքողների» շարքերում:
-Հաշվի առնելով, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ընդդիմությունում չէ, նմանատիպ բան, ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում: Իսկ եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, դա արդեն այլ թեմա կարող է լինել: Բայց այսօր ԲՀԿ-ն ընդդիմությունում չի, ինչպես տեղյակ եք, այլընտրանքային կուսակցություն է, ինչպես որ բազմիցս հայտարարվել է կուսակցության ղեկավարի կողմից:
-Բայց ԲՀԿ-ն, ի դեմս Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, արդեն հայտարարել է, որ ինքն իշխանափոխություն է ցանկանում, դա չի նշանակո՞ւմ, որ ԲՀԿ-ն փոխում է իր քաղաքական կուրսը:
-Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է խոսվում, ամեն դեպքում՝ կարծում եմ, որ եթե ԲՀԿ-ն ընդդիմություն է գնում, նա կհայտարարի դրա մասին: Ես զուտ տրամաբանական շրջանակներում եմ այդ հարցը դիտարկում. ես չգիտեմ՝ ով ինչ է հայտարարել, ամեն դեպքում՝ գտնում եմ, որ եթե մի կուսակցություն իշխանափոխություն է ուզում, նախ եւ առաջ ԱԺ-ում պետք է հայտարարի, որ ինքն ընդդիմություն է դառնում, որպեսզի ըստ դրա շարունակի իր գործունեությունը: Մեր ֆրակցիան ընդդիմադիր չէ, այլընտրանքային է:
-Այսինքն՝ այդ հայտարարությունից հետո էլ Դուք կհստակեցնեք՝ մնալո՞ւ եք ԲՀԿ-ի շարքերում, թե լքելո՞ւ եք կուսակցությունը:
-Ես չեմ սիրում խոսել, թե եթե այսպիսի որոշում կայացվի, դրանից հետո ես ինչ կանեմ, որոշումը կկայացվի, ըստ դրա էլ կշարժվենք առաջ: Իսկ եթե այդ որոշումը չկա, ես չեմ ցանկանում ինչ-որ ամպագորգոռ բառեր ասել կամ հետեւություններ անել: Ես ռեալիստ եմ ու ապրում եմ այս կյանքով:
-Ամեն դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է սպասել եռյակի այսօրվա հանրահավաքից:
-Ես չեմ հասկանում՝ ով է, կամ ինչն է տագնապ առաջացրել, ես ուղղակի մի բան եմ ուզում ասել, որ Հայաստանի՝ 20-25 տարվա պատմության մեջ նման ժողովներն ու հանրահավաքները 1000-ից ավել են եղել… ժողովուրդն ինչ սպասում ունի, թող այդ սպասումներն այդպես էլ ունենա:

 

 

ԿՀՆՉԻ ՄԻԱՅՆ ԵՌՅԱԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Երեկ ԱԺ ոչ իշխանական 3 ուժերը վերջին անգամ հավաքվել ու քննարկել են այսօրվա հանրահավաքի հետ կապված մի քանի հարցեր: Եռյակի նիստի օրակարգում է եղել կառավարությանը ներկայացված 12 կետերի ամփոփման ու այդ մասին հանրությանը եռյակի տեսակետը ներկայացնելու հարցը: Նշենք, որ 12 կետերի վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետը չի հնչելու հանրահավաքի ժամանակ:

Եռյակի նիստին ներկա են եղել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու քարտուղար Թեւան Պողոսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Տիգրան Ուրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը:
ՍԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ արդեն պատրաստ է կառավարությանը ներկայացված «12+1» կետերի վերաբերյալ գնահատականը, որը կհրապարակվի հանրահավաքում: «Ձեւավորվել է քաղաքական գործընթաց, եւ ակնհայտ է, որ այդ 12 կետերը երկրորդ պլան են մղվել: Սկսվել է գործընթաց, որի ընթացքում կհնչեն քաղաքական կոչեր, եւ կսկսվի իշխանափոխության պրոցեսը»,-հայտարարել է խմբակցության ղեկավարը:
Ռ. Հակոբյանն ընդգծել է, որ հանրահավաքում կհնչի 12 կետերի հետ կապված միայն եռյակի դիրքորոշումը. «Նրանք (նկատի ունի ՀՅԴ-ին Ս. Գ) հիմնականում համաձայն են, սակայն որոշում է կայացվել, որ վաղը հանրահավաքում կհնչի միայն եռյակի դիրքորոշումը»:
Երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պարզաբանել էր, թե ինչու իրենք 12 կետերը չեն ամփոփելու հանրահավաքի ժամանակ: «Բոլորը հիշում են, որ մենք՝ քառյակով, ունեինք պայմանավորվածություն՝ ամփոփելու 12 կետերը: Նախկին մեր քննարկումների ժամանակ այս հարցը քննարկվել է, եւ մենք առաջարկել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն իր ամփոփումները կատարի, որպեսզի քառյակի նիստով մենք վերջնական միասնական փաստաթուղթ ունենանք: Մենք դիմեցինք մեր գործընկերներին, թե՝ օրերը մոտենում են, ունենք հստակ պայմանավորվածություն՝ ամփոփելու եւ վերջնական գնահատական տալու: Եվ պայմանավորվեցինք հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին, քառյակով հանդիպելու, ձեւակերպելու եւ համադրելու վերջնական եզրակացությունը: Պայմանավորվել էինք հանդիպել «Դաշնակցություն» խմբակցությունում»,- նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը:
Սակայն ոչ իշխանական 3 ուժերը, փաստորեն, հերթական նիստից հետո որոշեցին 12 կետերի վերաբերյալ ներկայացնել միայն եռյակի դիրքորոշումը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԵԹԵ, ԱՊԱ
Երեկ ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ, արձագանքելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ նա մտադիր է առաջադրել իր թեկնածությունը որպես ՀՀ նախագահ, նախ այսպես է արձագանքել է՝ «վայ, մամա ջան», ապա՝ հավելել. «Իմ մտքում կա նոր նախագահի չորսից հինգ թեկնածու, ասենք թե՝ ընտրության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ նրանք կարող են զարգացման ուղու վրա դնել երկիրը եւ խնդիրները կարգավորել: Բայց եթե իմ քաղաքական գործընկերները եւ հանրությունը նրանցից որեւէ մեկի թեկնածությունը կառաջադրի, ուրեմն՝ ես պատրաստ եմ նրան պաշտպանելու, նրա կողքը կանգնելու: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները հանրությանը ներկայացրեցին, որ ի՛մ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, ու ի՛մ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն, ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ: Չի լինի միանձնյա ու մի կուսակցության որոշում»:
«Ժողովուրդ»-ը փորձեց հանրապետականներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են վերաբերում Ծառուկյանի այս հայտարարությանը. նա ըստ էության հայտնեց, որ կառաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու, քանի որ Սերժ Սարգսյանը չի կարող երկիրը տանել դեպի զարգացում: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը «Ժողովուրդ»-ին պատասխանեց հակիրճ. «Եթե-ով սկսվող նախադասությունները ես չեմ մեկնաբանում»:

 

ՓՈՂԵՐԻ ԷԿՈԼՎԱՑՈՒՄ
ՀՀ պաշտոնյաների մոտ մի նոր հիվանդության ախտանիշ է նկատվում՝ հակումներ դեպի թանկարժեք ուսումնասիրությունները եւ խորհրդատվությունները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարեսկզբին ՀՀ պետբյուջեից «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 225 մլն 272 հազար 200 դրամ՝ ազգային պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծրագրի իրականացման նպատակով: Իսկ ավելի կոնկրետ՝ այս գումարով Ազգային պարկի տարածքում մինչեւ այս տարվա դեկտեմբեր ընդհանուր միջոցառումներ պետք է իրականացվեն հարող բնակավայրերի բնակչության շրջաններում էկոլոգիական իրազեկության եւ էկոդաստիարակության հարցում: Թե որքանով է հաջողվել Սեւանի ավազանի բնակիչներին «էկոդաստիարակել», թերեւս դժվար չէ կռահել: Ի դեպ, տեղեկացնենք, որ գումարը հատկացվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարման օրոք:

 




Լրահոս