ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՏԱՐԿԵԼ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ
Հայաստանում մշտապես ամենաբարձր մակարդակով խոսվում է գանձագողության, թալանի, խաբեության, կոռուպցիայի ամենատարբեր դրսեւորումների մասին, սակայն երբ դրանց օրինակները փաստացի ի ցույց են դրվում, գոռացողները, չգիտես ինչու, լռում են: ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ կոնկրետ ՀՀ սոցիալական ապահովության ոլորտում ուշագրավ բացահայտումներ է արել, իսկ պատիժներն, ինչպես միշտ, ուշանում են:
Ինչ է սահմանում օրենքը
Եւ այսպես՝ սոցիալական ապահովության ոլորտում Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է ժամանակավոր նպաստների վճարման խնդիրը ու բավականին հետաքրքիր իրողություններ արձանագրել: Որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, նախ հիշեցնենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդը սահմանվում է՝
ա/ 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության)
բ/ բարդ ծննդաբերության դեպքում՝ 155 օր (70 օր՝ հղիության, 85 օր՝ ծննդաբերության)
գ/ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության):
Հղիության եւ ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է ՀՀ կառավարությունը պետբյուջեից՝ 14.07.2011թ. N1024-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Հղիներն ավելացել են
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ՀՀ-ում 2011թ.գրանցվել է 43.340 ծնունդ, նպաստառուների թվաքանակը կազմել է 12.587 մարդ, որի համար ՀՀ պետբյուջեից վճարվել է 3 մլրդ 927 մլն 940 հազ. դրամ նպաստ:
2012թ. գրանցվել է 42.480 ծնունդ, սակայն նպաստ է ստացել 12.445 մարդ, որոնց վճարվել է 3 մլրդ 646 մլն 735 հազ. դրամ նպաստ:
2013թ. գրանցվել է 41.770 ծնունդ, որոնցից նպաստ են ստացել 13.370-ը, նրանց վճարվել է 5 մլրդ 38 մլն 531 հազ. դրամ նպաստ:
Նկատեցի՞ք՝ թեեւ 2013թ. ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, սակայն ՀՀ պետբյուջեից վճարվել է 1.391.795.2 հազ. դրամ ավել գումար: ՀՀ Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ 2013թ. պետական բյուջեով նախատեսվածից հղիության եւ ծննդաբերության նպաստի ծրագրով 1.927.335.9 հազ.դրամ ավել է վճարվել:
Իսկ ինչպե՞ս են հիմնարկ-ձեռնարկությունները հաջողացրել պետբյուջեից առավել մեծ գումար «կորզել»: Այս հարցի պատասխանն էլ կա. պարզվում է, որ շատ դեպքերում հղիության եւ ծննդաբերության նպաստները նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց: Այսինքն՝ չի բացառվում, որ ծանոթ-բարեկամներին բերել, «հաստիք» են տվել իրենց հիմնարկներում, ավելին՝ ակնհայտ բարձր աշխատավարձ են գրել՝ որպես հավելյալ վճարներ կամ պարգեւատրում, որպեսզի հղիների անունով ավելի մեծ փող ստանան պետբյուջեից:
Ովքե՞ր են եղել խարդախները
Համաձայն Վերահսկիչ պալատի հաշվետվության՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն.400 հազ. դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Այս գումարը գոյացել է այն պատճառով, որ նա նախածննդյան արձակուրդին նախորդած 12 ամիսների ընթացքում ստացել է շուրջ 18 մլն. դրամի պարգեւատրում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ որակի աշխատողներ ունի «Վիվա-սելլ»-ը. մեկ տարում նրան մոտ 43 հազար ԱՄՆ դոլար պարգեւ են տվել: Ու դրա արդյունքում աշխատակիցը կարողացել է մոտ 71 հազար ԱՄՆ դոլար ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Պակաս տպավորիչ չեն նաեւ, օրինակ, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի բաժնի պետին տրված թվերը: Նրան 2013թ. սեպտեմբերին վճարվել է 18 մլն 100 հազ. դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Դարձյալ մոտ 43 հազար ԱՄՆ դոլար: Այս թիվը հնարավոր է եղել ապահովել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության աշխատակցի համար, քանի որ նախածննդյան արձակուրդին նախորդած ժամանակաշրջանում՝ 2013թ. մարտին, նրան վճարվել է 9,8 մլն դրամ (մոտ 23 հազար ԱՄՆ դոլար), իսկ արձակուրդից անմիջապես 1 ամիս առաջ՝ 2013թ. օգոստոսին, միանգամից 15,8 մլն դրամ (մոտ 38.5 հազար դոլար) պարգեւատրում:
Երջանիկ է եղել նաեւ «Նատալի Ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտը. նրան 2013թ. սեպտեմբերին վճարվել է 16 մլն. 450 հազ. դրամ (մոտ 39 հազար դոլար) հղիության եւ ծննդաբերության նպաստ:
Եվրոպական արժեքներով առաջնորդվող «Երեւանի կոնյակի գործարան»-ում էլ են նման շռայլություններ գրանցվել: Այստեղ ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության եւ ծննդաբերության նպաստ` 9 մլն 918 հազ. դրամ (մոտ 23 հազար դոլար): Նրա՝ 2012թ. հոկտեմբերի աշխատավարձը եւ հավելավճարը կտրուկ բարձրացել են` կազմելով 5 մլն 216 հազ. դրամ: Իսկ երբ հղիության ու ծննդաբերության նպաստը ստացել-վերջացել է, հետծննդյան արձակուրդի ամիսներին ստացել է՝ ապրիլին՝ 2 մլն. 400 հազ.դրամ, մայիսին՝ 1 մլն. 380 հազ.դրամ, հունիսին՝ 1 մլն. 500 հազ.դրամ աշխատավարձ եւ հավելավճարներ: Նկատեցիք՝ ինչպես է «գահավիժել» աշխատավարձը:
Ահա թե ինչ քայլերի արդյունքում է մեր «ծակ բյուջեն» դատարկվում: Իսկ այս ընկերությունները չեն զլանում ամեն առիթով հպարտանալ, թե բարեգործություն են անում, կուսական անարատությամբ են աշխատում եւ այլն: Իսկ իրականում նրանք «պետությունից մի բան պոկելու» հոգեբանությամբ են աշխատում, որի վրա տարիներ շարունակ աչք է փակել «ամեն ինչից հասկացող» ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԻՍՈՅԻՆ ԷԼ ԿԱԶԱՏԵ՞Ն
Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Տիգրան Ասատրյանն ազատ է արձակվել: Այս գործի շրջանակներում մեկ այլ կալանավորվածի` Իսրայել Սարգսյանի հարազատները եւս վստահ են, որ Իսոն էլ մինչեւ տարվա վերջ ազատ կարձակվի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրա փաստաբանն առաջիկայում բողոք է ներկայացնելու՝ պահանջելով ազատ արձակել նաեւ Իսոյին, քանի որ որեւէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին: Այս գործով կալանավորվել էին Իսրայել Սարգսյանը, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից էր, եւ Տիգրան Ասատրյանը, որ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր սպանված Արթուրի հետ: Հիշեցնենք, որ այս գործն ապրիլին ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույց:
ՕԳՆԱԿԱՆ ԶԱՐԶԱՆԴԸ
ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակված Սուրեն Խաչատրյանը մարտահրավեր է նետում բոլորին եւ ամեն ինչին: Նա իրեն օգական է նշանակել իր քրեական անցյալով հայտնի թիկնապահին: Ավելին՝ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում երեկ արդեն տեղադրվել էր տեղեկություն այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է մարզպետի օգնական: Սա այն նույն Զարզանդն է, որը մարզպետ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ էր, հետո վկա դարձավ, հիմա էլ՝ պետական պաշտոնյա:
ԱՅՍՕՐ՝ ՈՉԻՆՉ
Այսօր ամենաշատ հնչող հարցը թերեւս կլինի հետեւյալը. «Ի՞նչ կտա հանրահավաքը եռյակին եւ քաղաքական դաշտին»: Եթե միանգամից պատասխանելու լինենք՝ ոչինչ, քանի որ գաղտնիք չէ՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները թելադրվում են հիմնականում ՌԴ-ից: Իսկ այսօր Սերժ Սարգսյանը ՌԴ-ի եւ ԵՏՄ մյուս անդամների հետ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել՝ ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ: Համենայնդեպս ՀՀԿ-ականներն այդպես էին վստահեցնում: Եթե ստորագրի, ու ամեն ինչ լինի այնպես, ինչպես ցանկանում է Վլադիմիր Պուտինը, Հայաստանում ամեն ինչ կմնա նույնը, եւ Սերժ Սարգսյանը կկարողանա երկարաձգել իր իշխանությունը: Իսկ եթե նա հրաժարվի իրականացնել Հայաստանի շահերին հակասող պահանջները, ապա այստեղ փոփոխություններն անխուսափելի կլինեն: Իսկ մինչ այդ ՀՀ քաղաքացին պետք է գիտակցի, որ, այնուամենայնիվ, ներքին ռեսուրսներով թելադրված փոփոխությունների հեռանկար միշտ պետք է ունենալ, թեկուզ՝ մշուշոտ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացմանը եւ այդ կառույցում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը: Այդ ամենում նա կարեւորել է նաեւ տիկին Էլենի Թեոխարուսի անձնական ներդրումը եւ իր շնորհակալությունը հայտնել:
ԼԵՎՈՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
«Ես զարմացած եմ, որ նման հարց ընդհանրապես շոշափվում է: Բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, մասնակցելու է վաղվա հանրահավաքին եւ հանդես է գալու շատ հիմնավոր ելույթով»,-երեկ պատասխանելով լրագրողների հարցին` ասել է ԱԺ ՀԱկ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ՎԱՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ
Ղազախստանի խորհրդարանն իր լիագումար նիստում երեկ վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Վավերացման մասին օրենքը ստորագրման համար ուղարկվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին:
ԱՐԴԱՐԱՑԱՎ
«Ցանկացած անձ, որ զոհվում է, մահանում է, նրա աճյունը պետք է վերադարձվի՝ ներառյալ պարոն Պետրոսյանի դեպքը», – երեկ հայտարարել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ անդրադառնալով մեկօրյա գերեւարությունից հետո ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի դին չվերադարձնելու փաստին։Լրագողների դիտարկմանը, թե նմանատիպ դեպքերում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից չի հնչում հստակ դատապարտում, Մուժնիեկսն արձագանքել է. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կիրառվում է, եւ սա վերաբերում է նաեւ վատ վերաբերմունքին, բայց մյուս մարտական գործողություններին մասնակցող անձանց հանդեպ կիրառվում են Ժնեւի, ինչպես նաեւ՝ պատերազմական դրությանը վերաբերող կոնվենցիաները, որոնք իրենց հերթին արգելում են նաեւ գերեվարված անձանց հանդեպ վատ վերաբերմունքը»։
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն երեկ հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Փարիզում, հոկտեմբերի 27-ին, ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: